
«Սասնա ծռերի» գործով պաշտպանը միջնորդեց կասեցնել գործի քննությունն ու դիմել Սահմանադրական դատարան
Ամեն դատական նիստին մի քանի փաստաբան զննության համար վիճում է կարգադրիչների հետ, հետո դատավորն, անտեսելով Քրեական դատավարության օրենսգրքի սահմանած նորմերը, որոշումներ է կայացնում, հետո պաշտպանները կամ ամբաստանյալները ցանկանում են առարկել նրա գործողությունների դեմ, ինչն Արտուշ Գաբրիելյանը թույլ չի տալիս և հեռանալով խորհրդակցական սենյակ` սանկցիա է կիրառում նրանց նկատմամբ:
Նիստը մեկնարկել է հունիսի 8-ին և մինչև հիմա գտնվում է նախապատրաստման փուլում. դատարանը չի անցել դատաքննության, անգամ չի հասցրել պարզել գործով անցնող բոլոր անձանց ինքնությունները:
Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով հերթական դատական նիստն էր նշանակված, որից առաջ դատական կարգադրիչների հետ վիճելու «հերթը» ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանին էր:
Դատարանի միջանցքում, երբ Ալումյանը պատրաստվում էր դահլիճ գնալ, մետաղորսիչ սարքը ազդանշան տվեց: Ալումյանը հայտարարեց, որ իր մոտ սուր կտրող, ծակող գործիք կա, և կարգադրիչները պահանջեցին այդ գործիքը դնել դատարանի միջանցքում տեղադրված պահարանում կամ թողնել դրսում: Ալումյանն էլ պահանջեց ներկայացնել արգելված իրերի ցանկ, որն առհասարակ գոյություն չունի: Նման պայմաններում դատական կարգադրիչները թույլ չտվեցին փաստաբանին մուտք գործել նիստերի դահլիճ և համապատասխան արձանագրություն կազմեցին:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Ալումյանն ասաց, որ ինքը սուր կտրող, ծակող գործիք ասելով` նկատի է ունեցել իր մոտ եղած գրիչը:
Դատական նիստի մեկնարկին Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին հիշեցրեց, որ իրենք գրավոր դիմել են, որպեսզի նիստերի դահլիճից տասը ժամով հեռացված Եղնուկյանը դատարան չբերվի: Եղնուկյանն, ըստ Հայրապետյանի, առողջական խնդիրներ ունի, այսպես թե այնպես նիստերի դահլիճից հեռացված լինելու պայմաններում չի մասնակցելու նիստերին, ուստի անիմաստ է նրան բերել ու պահել դատարանի նկուղում:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, դիրքորոշում հայտնեց, որ Եղնուկյանին դատարան ներկայացնելը պարտադիր է: Տիգրան Հայրապետյանն անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք գնահատեց Եղնուկյանի նկատմամբ դատարանի պահվածքն ու նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Միջնորդությանը միացան գործով մյուս պաշտպանները ևս: Պավլիկ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հիշեցրեց, որ Կարո Եղնուկյանի նկատմամբ սանկցիա է կիրառվել դահլիճում շշով ջուր բերելու համար, որը ևս անմարդկային վերաբերմունք է ամբաստանյալի նկատմամբ: Դատավորը, սակայն, չընդունեց, որ ինքը շշով ջուր բերելու համար է Եղնուկյանին հեռացրել դահլիճից, և Ինեսսա Պետրոսյանը հակադարձեց` նշելով, որ ինքն անձամբ է ներկա եղել, երբ Եղնուկյանը շշով ջուրը ոստիկաններին չտալու համար հեռացվել է դահլիճից:
Դատարանը, խորհրդակցական սենյակում որոշում կայացրեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը: Դրանից հետո Տիգրան Հայրապետյանը պատրաստվում էր լքել նիստերի դահլիճը, երբ դատավորը ուղեկցող գումարտակի ոստիկաններին կարգադրեց դատական նիստերի դահլիճ բերել հեռացված Կարո Եղնուկյանին, Պավլիկ Մանուկյանին, Արեգ Կյուրեղյանին` վերջիններիս ինքնություններն, ինչպես նաև նրանց պաշտպանների վերաբերյալ նրանց դիրքորոշումը պարզելու համար:
Կարո Եղնուկյանը դարձյալ ջրով լի շիշ էր բերել դատարան, ինչն այս անգամ քննարկման առարկա չդարձավ:
Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ դատավորի հարցերին կպատասխանի այն դեպքում, երբ իր վրայից սանկցիան հանվի:
«Հիմա ես սանկցիայի տա՞կ եմ, թե՞ չէ, եթե սանկցիայի տակ եմ, ձեր հարցերին չեմ պատասխանում», - ասաց Պավլիկ Մանուկյանը: Ի պատասխան դատավորն ասաց, որ սանկցիան պահպանվում է:
«Բա ինչի՞ ինձ հանիր բերիր ստեղ»,-զայրացավ Մանուկյանը: Վերջինս հայտարարեց, որ իր պաշտպաններից չի հրաժարվում, և եթե նրան իր բացակայության ընթացքում դատարանում ներկայացնեն իր շահերն, ապա կդիմի Փաստաբանների պալատ` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Դատավորը որոշում կայացրեց որպես Արեգ Կյուրեղյանի շահերի պաշտպան գործում ներգրավել հանրային պաշտպան Արմինե Ֆանյանին: Կյուրեղյանը, սակայն, հայտարարեց, որ իր պաշտպանը Մուշեղ Շուշանյանն է, ում թույլ չեն տալիս մուտք գործել նիստերի դահլիճ: Արմինե Ֆանյանը հայտարարեց, որ չի կարող ներկայացնել Կյուրեղյանի շահերն առանց նրա համաձայնության:
Դահլիճ բերվեցին նաև Արայիկ Խանդոյանին ու Գագիկ Եղիազարյանը: Վերջիններիս դահլիճից հեռացնելու դատարանի կողմից սահմանված ժամանակը լրացել էր:
Արայիկ Խանդոյանը պաշտպանի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, թե իրեն պաշտպան պետք չէ:
«Ընկե՛ր «Միկոյան», իմ ազգն ա իմ պաշտպանը, ինձ պաշտպան պետք չի, ինձ հարձակվող ա պետք»,- դիմելով Արտուշ Գաբրիելյանին` ասաց Արայիկ Խանդոյանը:
Ինչ վերաբերում է Գագիկ Եղիազարյանին, վերջինս դատարանում առանց պաշտպանի էր: Նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը դատարան գրություն էր ուղարկել` հայտնելով, որ գտնվում է ամենամյա արձակուրդում: Դատարանը հարգելի համարեց Գյուրջյանի բացակայությունը, բայց հարկ չհամարեց ամբաստանյալի պաշտպանի բացակայությամբ հետաձգել դատական նիստը:
Այսօր հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը միջնորդեց կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի նորմի սահմանադրականությունը որոշելու հարցով:
Ըստ Ֆանյանի, գործին առնչվող Սահմանդրության 67-րդ հոդվածի 2-րդ մասի և Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի միջև հակասություն կա:
Մասնավորապես՝ 69-րդ հոդվածի կետերից մեկի համաձայն՝ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, եթե դատարանում ամբաստանյալի նկատմամբ կիրառվել է դատական նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիան, մեկ այլ հոդված էլ սահմանում է, որ եթե առկա են վերը նշված հոդվածի պայմաններն, ապա դատարանը չի ընդունում պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը, օրենքով սահմանված կարգով նշանակում է նոր պաշտպան կամ պահպանում ամբաստանյալի պաշտպանի լիազորությունները:
Մինչդեռ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ «հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք»: Արմինե Ֆանյանի կարծիքով` հաշվի առնելով վերը նշված հանգամանքը՝ պետք է կասեցնել գործի քննությունն ու դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համապատասխան դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար:
Դատարանը պաշտպանի ներկայացրած միջնորդությունը համարեց որպես ոչ ժամանակին արված միջնորդություն:
Այսօր` նիստի ընթացքում, Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ անհապաղ միջնորդություն ունի ներկայացնելու, սակայն դատարանը չթույլատրեց փաստաբանին հայտարարություն կամ միջնորդություն անել՝ նշելով, որ դրանք կարվեն համապատասխան փուլում:
Քրեական դատավարության օրենսգիրքը միջնորդությունների փուլ չի սահմանում, և Լուսինե Սահակյանը շարունակեց պնդել, որ միջնորդությունն անհապաղ է, որից հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ և սանկցիա կիրառեց Սահակյանի նկատմամբ:
Դրանից հետո գործում ներգրավված պաշտպանները գրավոր միջնորդություն ներկայացրին դատարանին, որպեսզի ապահովվի բոլոր պաշտպանների ներկայությունը և լքեցին նիստերի դահլիճը` դրա համար ևս մեկ անգամ սանկցիա ստանալով:
Հաջորդ դատական նիստը օգոստոսի 30-ին է:
Մեկնաբանել