
Օգնության դեղերը միտումնավոր դարձրել են ժամկետանց-3
Տես նաեւ՝ Օգնության դեղերը միտումնավոր դարձրել են ժամկետանց-2 եւ Օգնության դեղերը միտումնավոր դարձրել են ժամկետանց-1
Առողջապահության նախարարությունը կառավարության նոր շենք տեղափոխելու ժամանակ անհետացել է փաստաթղթերի մի կապոց: Կորած փաստաթղթերը վերաբերում են ԱՄՆ Միացյալ Հայկական հիմնադրամից Հայաստան առաքվելիք դեղերի ցանկին: Այսինքն` թե հիմնադրամն ինչ դեղեր կարող է ուղարկել Հայաստան: Այդտեղ էր նաեւ Արտաշես Բիշարյանի` Միացյալ հիմնադրամին ներկայացրած դեղերի ցանկը, այսինքն` թե ինչպիսի դեղերի կարիք կա Հայաստանում:
Հենց այդ փաստաթղթերում էր հստակ երեւում, թե որ դեղերն է Արտաշես Բիշարյանը դոնորներին խորհուրդ տվել չառաքել Հայաստան` իբրեւ թե դրանց կարիքը չկա: Մեզ հայտնի է, որ առնվազն 12 բուժհիմնարկների ղեկավարներ մեկ տարի առաջ, ցուցմունք տալով ՀՀ գլխավոր դատախազությունում, նշել են, որ չնայած մարդասիրական կենտրոնում դեղերի առկայությանը` Արտաշես Բիշարյանը իրենց պահանջած դեղերը չի տվել:
Մենք հանդիպեցինք այդ մարդկանցից մի քանիսին, սակայն նրանք հրաժարվեցին հրապարակավ խոսել: «Ինձ Ա. Բիշարյանը բառացի ասաց հետեւյալը` ինչ տալիս ենք, էն էլ վերցրու ու գլուխդ կախ աշխատիր»,-մեր հանդիպման ժամանակ նշեց բուժհիմնարկներից մեկի տնօրենը, որը չցանկացավ հրապարակել իր անունը:
Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի պահանջով ԱՆ դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովամն վարչությանը դիմել են բազմաթիվ բուժհիմնարկներ, սակայն մերժվել են: Մերժման պատճառը մեկն էր` այդ դեղերը ներկրել էր Ա. Բիշարյանի «Դեղաբազա Երեւան» ՍՊԸ-ն կամ նրա ընկերների ընկերությունները:
Հայաստանի դեղորայքային ամբողջ շուկան կարգավորում է Արտաշես Բիշարյանը: «Դեղագործների ասոցիացիայի» նախագահ Ա. Բիշարյանի մասնակցությամբ են որոշվում ՀՀ ներկրվող բոլոր տեսակի դեղերի գները, դրանց առաջարկը եւ պահանջարկը:
Նա է տալիս հանրապետություն ներկրվող դեղորայքի հավաստագրերը, ներկրման թույլտվությունները, որոշում, թե որ կազմակերպությունը պետք է ներկրի այս կամ այն դեղը: Դեղերի շուկայում մեծ կշիռ ունեցող Առողջապահության նախարարության այս պաշտոնյան տարիներ շարունակ «կարգավորում է» այս ոլորտը:
Դեռեւս 2002թ. մի անգամ Ա. Բիշարյանի դեմ փորձել է գործ հարուցել ՀՀ գլխավոր դատախազությունը: Նրանով այն ժամանակ զբաղվում էր պետական շահերի պաշտպանության դատախազ Ալիկ Սիրունյանը: Սակայն այդ գործը անհասկանալի պատճառներով փակվեց:
Նույն 2002թ. մարդասիրական ճանապարհով ներմուծված դեղերից ՀՀ ԱՆ դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Արտաշես Բիշարյանը հատկացրել է Հրազդանի թիվ 2 պոլիկլինիկային: Սակայն այդ հիմնարկը հատկացումից ամիսներ առաջ օպտիմալացվել էր: Լուծարված պոլիկլինիկային Բիշարյանի ստորագրությամբ հատկացվել է 26 մլն դրամի դեղորայք: Թե դրանք որ դեղատներում են իրացվել, առայժմ չենք կարողացել պարզել:
Մեկնաբանել