
Ռազմաբժշկականի կուրսանտները կստանան չվճարված ամիսների իրենց թոշակը
Մարինե Անանյանի որդին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող է: Ստանում է պաշտպանության նախարարության կողմից պայմանագրով նախատեսված թոշակ, սակայն հուլիս և օգոստոս ամիսների համար նա թոշակ չի ստացել: «Ըստ ֆակուլտետի պետի' տեղի է ունեցել սխալմունք, որը շտկել հնարավոր չէ»,- «Հետքին» գրել է Մարինեն,- խնդրում եմ ձեր միջամտությունը այս հարցը պատկան մարմիններին հասցնելու և մեզ օգնելու համար»:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսում 33 կուրսանտ է սովորում: Պարզվում է' բոլորն էլ մինչ օրս չեն ստացել հուլիս-օգոստոս ամիսների իրենց թոշակները:
«Զինվորական կանոնադրության համաձայն, որպես կուրսանտ իրավունք չունեին ձեզ դիմել, օրենքն արգելում է որևէ մեկին դիմել, պետք է դիմեն ըստ ենթակայության»,- այսպես արձագանքեց ԵՊԲՀ ռազմաբժշկության ֆակուլտետի դեկան Սամվել Գալստյանը, երբ նրան ներկայացրինք խնդիրը:
Սամվել Գալստյանն, այնուամենայնիվ, պարզաբանեց, թե ինչ է տեղի ունեցել և ինչու կուրսանտները չեն ստացել երկու ամսվա թոշակը: Ըստ նրա' քանի որ ռազմաբժշկական ֆակուլտետում առաջին տարին է ներդրվել բակալավր-մագիստրատուրա երկաստիճան համակարգը, խնդիրն այդ պատճառով է ծագել. ուսանողներն ավարտել են բակալավրը հունիսին և որպես մագիստրոս հրամանագրվել են միայն սեպտեմբերից: Ու քանի որ կուրսանտի ավարտելն ու տեղափոխումը մագիստրատուրա կատարվում է հրամանով, այդ ընթացքում ուսանողը մնացել է չհրամանագրված:
Ավելի մանրամասն' ավարտելուց հետո են կուրսանտները դիմում գրում մագիստրատուրա ընդունվել համար, քանզի առանց այդ դիմումի նրանց մեխանիկորեն չեն տեղափոխում, հնարավոր է' ավարտողը չի ցանկանում ընդունվել մագիստրատուրա: Դիմումի առկայության և հանձնաժողովի դրական պատասխանից հետո գործերը ԿԳՆ է ուղարկվում, որտեղից պատասխան է գալիս, որ դիմումի հիման վրա պետպատվերով տեղը հատկացված է, որից հետո գործերը գնում է ՊՆ, որպեսզի ուսանողները հրամանագրվեն: Դա ժամանակ է պահանջում:
«Նրանք ստանում են 10.000 դրամ նախարարությունից և 5.000 դրամ համալսարանից ամեն ամիս: Սակայն քանի որ հուլիս և օգոստոս ամիսներին նրանք արձակուրդ են եղել և հրամանագրվել են մագիստրատուրա օգոստոսի վերջին, չեն ստացել համալսարանի կողմից տրվող 10.000 դրամը' երկու ամիսների համար: Սակայն այդ ընթացքում նրանք շարունակել են մնալ կուրսանտներ և պետք է ստանային գոնե պայմանագրով նախատեսված նախարարության կողմից տրվող 20.000 դրամները»,- մանրամասնում է Մարինե Անանյանը:
Ս. Գալստյանը վստահեցնում է, որ երբ իրեն իր տեղակալը զեկուցել է առաջացած խնդրի մասին, անմիջապես զբաղվել են հարցով: Խնդիրն ուսումնասիրվել է, և եկել են այն եզրակացության, որ քանի որ ուսանողները մնացել են կուրսանտ, հրամանագրում կուրսանտի կարգավիճակի փոփոխություն չի եղել, ուրեմն նրանց այդ երկու ամիսների ընթացքում թոշակը կարելի է վճարել: Դրա հիման վրա ռեկտորին գրություն է ուղարկվել, վերջինս դիմել է ԿԳՆ, որտեղից պետք է ֆինանսավորում լինի:
Կուրսանտների թոշակները վճարելու նախարարության համապատասխան գրությունն արդեն ԵՊԲՀ է հասել: Ս. Գալստյանը նշեց, որ նրանց երկու ամսվա համար կվճարվի 30 հազար դրամ: «Սկզբունքորեն հարցը լուծված է: Երբ փողը գա, իրենք կստանան: Պետք է շնորհակալ լինեն, որ նման որոշում է կայացվել»: Ըստ դեկանի' «օրենքը չի նախատեսում, որ իրենք պետք է վճարվեն: Բայց քանի որ իրենք կուրսանտ են, գնացել են ընդառաջ»:
Մեր հարցին, թե կուրսանտները տեղեկացված են, որ վճարվելու են իրենց ամառվա ամիսների չստացած գումարները. Ս. Գալստյանը պատասխանեց. «Քանի դեռ գումարը չի եկել, ես նման բան անելու իրավունք չունեմ, երբ որ գա գումար, իրենց կկանչեն, կասեն»:
Բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը տեղեկացրեց, որ նախարարության գրությունն այսօր է հասել համալսարան: Եվ քանի որ բուհը գումարային խնդիր չունի, մոտակա օրերին կուրսանտները կստանան իրենց թոշակները:
Հ. Գ. Կուրսանտի մոր' Մարինե Անանյանի անունը պայմանական է, քանի որ մեզ դիմած անձնավորության որդին սովորում է մագիստրատուրայում, վերջինս խնդրել է գաղտնի պահել իր անունը' որդուն լրացուցիչ խնդիրներ չառաջացնելու պատճառով:
Լուսանկարը' ԵՊԲՀ կայքից
Մեկնաբանել