
Երբ ընկերությունը մենաշնորհային դիրք ունի. բաժանորդն ընդդեմ «ՀայՌուսգազարդի» (վիդեո)
Գեւորգ Դավթյանը «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժանորդ է: Այս տարվա հոկտեմբերի 20-ին գազի ցուցմունքներ վերցնող աշխատակցուհին առանց զգուշացնելու հանել է գազի օգտագործումը հաշվառող համապատասխան սարքը, եւ դադարեցվել է Գեւորգ Դավթյանի բնակարանի գազամատակարարումը:
Գեւորգ Դավթյանը պատմում է, որ հարեւանի երեխան իր կնոջը կանչել է գազի հաշվառման այդ հանված սարքի (հաշվիչի) մոտ: Արդեն հաշվիչը հանելուց հետո այնտեղ աշխատակցուհին պատճառաբանել է, որ իբր հաշվիչի վրա ինչ-որ արտաքին ազդեցություն կա:
«Այդ աշխատակցուհին տիկնոջս օրինական պահանջներին, այն է` Դուք ո՞վ եք, ի՞նչ իրավունքով եք առանց բաժանորդի գիտության եւ ներկայության դադարեցնում, առավել եւս հանում հաշվիչը` պոկելով կապարակնիքները, անգամ չկազմելով որեւէ արձանագրություն՝ աշխատակցուհին շատ անվայել պահվածքով, արհամարհական վերաբերմունքով պատասխանել է, որ կգնաք համապատասխան մարմին եւ Ձեր հարցերն էլ համապատասխան ձեւով կլուծեք»,- պատմում է Գ. Դավթյանը: Ինքն անձամբ դեպքի վայրում չի եղել, սակայն կինն այդ ընթացքում զանգահարել եւ հեռախոսը փոխանցել է այդ տիկնոջը: Գեւորգը հարցրել է, թե ինչ իրավունքով են առանց բաժանորդին զգուշացնելու, առանց իր ներկայության նման կերպ վարվել: Աշխատակցուհին պատասխանել է. «Էսի մեր սեփականությունն է, ի պահ է տրված քեզ», եւ հաշվիչի վրա ինչ-որ արտաքին ազդեցություն կա: Ընդ որում՝ այդ կինը հայտնել է նաեւ, որ իրենք են վաղուց հանել հաշվիչի դիմապակին եւ նոր դիմապակի տեղադրելու ժամանակ նկատել են այդ արտաքին միջամտությունը, որն այդպես էլ չի ցուցադրվել ոչ մեկին:
Գեւորգի կինն այդ ընթացքում կատարել է վիդեո եւ ֆոտո ձայնագրություններ: Երեկոյան` ժամը 19:00-ի սահմաններում, երբ Գեւորգը վերադաձել է տուն, այդ կինը եկել է Դավթյանների բնակարան եւ ինչ-որ արձանագրություն ստորագրելու թուղթ ներկայացրել: Գեւորգը չի ստորագրել:
«Ձեր ընկերության աշխատակցուհին (իհարկե, եթե դա այդպես է, քանի որ նա չի ներկայացրել իր կարգավիճակը հաստատող որեւէ փաստաթուղթ) գործել է բացառապես ապօրինի եւ խախտել բաժանորդի իրավունքները, արդյունքում հանվել է հաշվիչը եւ դադարեցվել իմ բնակարանի գազամատակարարումը: Տեղին է նաեւ այն մտավախությունը, որ աշխատակցուհին հանած հաշվիչի հետ կարող է կատարել ցանկացած գործողություն եւ այն ամբողջությամբ փորձելով վերագրել բաժանորդին»,- հաջորդ օրը «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին ուղղված դիմում-բողոքում գրել է Գեւորգ Դավթյանը: Նա նաեւ նշել է, որ նման աշխատակիցներն ուղղակիորեն արատավորում են «ՀայՌուսգազարդի» բարի համբավը եւ սպառողների մոտ առաջացնում անվստահություն` իրենց վեր դասելով ինչպես իրավական, այնպես էլ բարոյական նորմերից:
Գեւորգ Դավթյանն իր դիմումում խնդրել է միջոցներ ձեռնարկել դեպքի կապակցությամբ խնդիրը կարգավորելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ինչպես նաեւ վերականգնել իր բնակարանի գազամատակարարումը: Գ. Դավթյանը նշում է, որ բարեխիղճ բաժանորդ է եղել եւ մինչ այդ դեպքը պատշաճ կարգով պահպանել է պայմանագրով սահմանված բոլոր դրույթները, այդ թվում` ԳՄՕԿ կանոնները: Ավելին` ընկերության լավագույն բաժանորդներից է, քանզի տարվա եղանակներին համապատասխան վճարումները (ձմռան սեզոնին՝ 25-45 հազար դրամ, իսկ մյուս սեզոններին` 3-7 հազ դրամ) կատարվել են պատշաճ, առանց որեւէ ուշացման, խստագույնս պահպանվել են անվտանգության բոլոր նորմերը, ինչի վերաբերյալ կան իրավական եւ փաստական հիմքեր: Ընկերությունը, սակայն, Գեւորգի դիմում-բողոքին չի պատասխանել:
Գեւորգ Դավթյանը դիմել է նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանին` խնդրելով համապատասխան վարույթ հարուցել, միջոցներ ձեռնարկել խնդիրը կարգավորելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ինչպես նաեւ վերականգնել իրենց բնակարանի գազամատակարարումը: Գ.Դավթյանը նշել է, որ աշխատակցուհին ինքնուրույն իրականացրել է արդարադատություն, քանի որ միակողմանիորեն բանավոր որոշում է կայացրել` դադարեցնել գազամատակարարումը եւ ըստ էության տվել փորձագիտական եզրակացություն այն մասին, որ հաշվիչի վրա կա արտաքին ներգործություն:
Նմանատիպ մի քանի վեճեր եւս եղել են, որոնք գտնվել են տարբեր մարմիններում, այդ թվում` դատական ատյաններում: Արդյունքում ապօրինությունները հաստատվել են, եւ վերականգնվել են բաժանորդի իրավունքները: Ուսումնասիրելով նաեւ այդ գործերը` Գ. Դավթյանի համար ակնհայտ է դարձել, որ գազի օգտագործման ոլորտում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մենաշնորհային դիրք ունի եւ պետք է հետամուտ լիներ օրինական գործողություների պահպանմանը եւ բաժանորդների շահերի պաշտպանությանը: «Եթե անգամ ընդունենք, որ իրականում կա արտաքին ազդեցություն հաշվիչի վրա, ապա այն ինչպե՞ս կարող է վերագրվել բաժանորդին, այն դեպքում, երբ հաշվիչը պատկանում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, այն տեղադրված չէ բաժանորդի տարածքում, գտնվում է փողոցում` բաց երկնքի տակ, որտեղ ցանկացած բան կարող է պատահել»,- ասում է Գ. Դավթյանը: Այդ իսկ պատճառով ԳՄՕԿ կանոններով ստուգողի վրա դրված է հաշվիչի ամենամսյա ստուգման պարտավորությունը: Նման պարագայում, եթե իրականում առկա է արտաքին ազդեցություն, ապա այն պատշաճ պետք է արձանագրվի տվյալ բաժանորդի ներկայությամբ, այնուհետեւ որոշվեն պատճառները, ինչպես նաեւ բացահայտվեն մեղավորները, եւ նոր այդ գործողություններից հետո, եթե ի հայտ գա մեղավոր անձը, նա պետք է ենթարկվի պատասխանատվության: Եթե մեղավոր կողմը (եթե բաժանորդն է) հրաժարվի պատասխանատվությունից, նոր միայն կարող է դադարեցվել գազամատակարարումը: Իսկ Գ. Դավթյանի դեպքում եղել է միայն միջամտության կասկած. «Եթե հաշվիչը հանել են առանց բաժանորդի ներկայության, առանց արձանագրության, ապա ինչպես կարող են ասել, որ կա արտաքին միջամտություն, միգուցե հենց իրենք էլ դա արած լինեն` դրանով փորձելով բաժանորդների վրա լրացուցիչ նյութական պատասխանատվություն դնել,- նշում է Գ. Դավթյանը,- նման գործելաոճը արատավորում է նաեւ ՀՀ քաղաքացու պատիվը եւ արժանապատվությունը` նրան վերագրելով ապօրինություն` մեղադրելով գողություն կատարելու մեջ: Գ. Դավթյանի դիմումի հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վարույթ է հարուցել:
Գեւորգ Դավթյանը դիմել է նաեւ դատարան` պահանջելով պարտավորեցնել «ՀայՌուսգազարդ»-ին անմիջապես վերականգնել Գ. Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երեւան, Դավթաշեն N հասցեում գտնվող բնակելի տան գազամատակարարումը` հաշվի առնելով նաեւ գազամատակարարման դադարեցման ժամանակահատվածում հայցվորին հասցված վնասները: Գ. Դավթյանը հիմնավորել է, որ գազամատակարարման դադարեցման պատճառով ձմեռվա նախաշեմին ստիպված դիմել է այլընտրանքային ծախսերի, էլեկտրաէներգիայով աշխատող սարքեր է գնել, էլէկտրաէներգիայի սպառումով հոսանքի մեծ քանակությամբ ծախսեր կատարել: Դավթյանների ընտանիքը բաղկացած է հինգ անձից` ամուսիններ եւ 3 անչափահաս երեխա, որոնց բնակարանը պետք է ապահովված լինի համապատասխան ջերմաստիճանով: Գեւորգն ասում է, որ այժմ բավականին անհարմարություններ են պատճառված ընտանիքին, քանի որ էլեկտրաէներգիայի սպառման միջոցով, առանց նախապատրաստման, անհնար է տաքացնել բնակարանն այնպես, ինչպես գազի սպառման դեպքում եւ ապահովել կենցաղային մյուս հարմարությունները (լոգանք, տաք ջուր եւ այլն): Ամբողջ բնակարանն ի սկզբանե տաքացվել է գազի կաթսայի միջոցով, որը հիմա մատնվել է անգործության: Գ. Դավթյանը հայցադիմումում այդ ծասերը չի ներկայացրել, քանզի դրանք հաշվարկման եւ ճշգրտման կարիք ունեն: Պահանջել է նաեւ դատական պաշտպանությանն ուղղված ծախսերի փոխհատուցում: Չնայած ինքը փաստաբան է եւ անձամբ է կազմել հայցադիմումը, սակայն նշում է, որ դա էլ հավելյալ ժամանակ ու նյութական միջոցներ է պահանջել:
Իր հերթին «ՀայՌուսգազարդ» ընկերությունն է հայց ներկայացրել Գ. Դավթյանի դեմ` խախտման հետեւանքով վերահաշվարկված գումարի բռնագանձման պահանջով: Ընկերությունը հայցադիմումում նշել է, որ քանի որ հաշվառքի սարքի դիմապակին պետք է փոխվեր, այդ իսկ պատճառով բաժանորդին լրացուցիչ անհանգստացնելու կարիք չի առաջացել: Նրանք, այնուամենայնիվ, հրավիրել են բաժանորդի ներկայացուցչին` կնոջը, եւ նրա ներկայությամբ կատարել հաշվիչի զննում եւ մյուս գործողությունները, որոնց արդյունքում ապահավակցել են հաշվիչը:
Գեւորգն իր հերթին դատարանին միջնորդել է կասեցնել գործի քննությունը, քանի որ դատարանն արդեն իսկ վարույթ էր ընդունել նույն գործով իր հայցադիմումը, որով պետք է պարզվեին գործի հանգամանքները: Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:
Մեկնաբանել