
«Հայաստանը Աֆրիկա չէ. գեղ կանգնի, գերան կկոտրի»
Հայտնի բնապահպան Կարինե Դանիելյանի հայտարարությունը, թե Հրազդանի երկաթահանքի շահագործումը աշխարհում այժմ շատ տարածված նեոգաղութացման ձև է (հանքահումքային կամ էկո գաղութացում), աֆրիկաներում հանքեր շահագործելու փորձ ունեցող Fortune Resources-ի ալեհեր տնօրենը Ջ. Գորմանը չհերքեց: Սակայն ի հեճուկս իրենց իսկ հրավիրած իրավախորհրդատուի, որը փորձելով Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ, անհիմն, բայց համառ պնդում էր, որ այս պահին իրենց ունեցած փաստաթղթերը արտոնում են հանքը շահագործելու, հայտարարեց, որ կազմվում է հանքի շահագործման նոր նախագիծ, որը պետք է անցնի ՀՀ օրենքներով նախատեսված բոլոր ընթացակարգերը (հասարակական լսումներ, հողատեսքերի փոփոխություն, բնական միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, շինարարության մեկնարկի թույլտվություն և այլն), ինչն էլ նախարարն ամրագրեց ամփոփիչ ելույթով:
Մենք` բնապահպաններս, սա համարեցինք մեր փոքրիկ, բայց, այնուամենայնիվ, հաղթանակը, քանզի միլիոնավոր դոլարների գործարքի պարագայում ապացուցել, որ մածունը սպիտակ է, եթե ոչ անլուծելի, գոնե բարդ խնդիր է:
Խորհրդակցության ընթացքում կարևորվեցին մեր կողմից նախօրոք բարձրացված բոլոր մտահոգությունները.
Հանրային խորհուրդի կողմից Վազգեն Սաֆարյանը մտահոգություն հայտնեց շահագործող ընկերության հեղինակության ու լրջության առնչությամբ:
Հակոբ Սանասարյանը բացատրեց բերվածքային ապարների ու թունավոր թափոնների տեղադրման նիշի վտանգավորությունը Արարատյան դաշտի ոռոգման հիմնական համակարգը կարգավորող Ծովինար լճի և Հրազդան-Արզական խորքային ջրագոյացման համակարգերի նիշերի համեմատ` այն համեմատելով մաղի հետ, որից թափոնների մեջ եղած ծանր, թունավոր մետաղները կներծծվեն` խառնվելով ավելի ցածր մակարդակում գտնվող ջրերին:
«Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ղարաբաղցյանը փաստեց, որ աշխարհում գույություն չունի հանքարդյունահանման այնպիսի տեխնոլոգիա, որը կպաշտպանի մոտակայքում ձևավորվող խմելու ջրերի որակական հատկությունները թունավորումներից և չի խաթարի ջրագոյացման բնականոն համակարգը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձան նաև այն իրողությանը, որ տուրիզմի զարգացման առաջնահերթության կառավարական հայեցակարգը լռելյայն անցում է կատարում հանքահումքային արդյունաբերության զարգացման ուղեգծին: Կոնկրետ դեպքում այն կհանգեցնի Ծաղկաձորում և Հանքավանի ձորում միլիոնավոր դոլարների ներդրումների կրճատմանն ու հարյուրավոր աշխատատեղերի փակմանը:
Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող «Նախաձեռնող խմբի» անդամ Ժորա Առաքելյանը, ի պատասխան Fortune Resources-ի հայտարարության, թե հանքավայրում հողեր ունեցող քաղաքացիներին գումար են վճարել և նրանք չեն բողոքում, պարզաբանեց. «Ունենք հողատերերից մի քանիսի բողոքի ակցիայի տեսաժապավենը»:
Խմբի անդամների կողմից հնչեց առաջարկ թափանցիկ աշխատելաոճ ընտրելու և հանրությանը իրազեկելու գործողությունների մասին, քանզի անիրազեկության պայմաններում անվստահության ալիքը հանրության մեջ կրքեր է բորբոքում:
Վերջում ավելացնենք, որ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, թե մենք ամեն գնով, անգամ եթե անհրաժեշտ լինի, ձեռնամարտով կպայքարենք հանքի շահագործումը կասեցնելու համար, բավականին զվարճացրեց նախարարին, սակայն հանքը շահագործելու կոչվածները մնացին անդրդվելի` վստահ իրենց բարձր քաշային կարգի ընձեռած հնարավորություններին: Իսկ մենք մեր համեստ դիրքերից արձանագրում ենք, որ Հայաստանը, այնուամենայնիվ. Աֆրիկա չէ, և որ «Գեղ կանգնի, գերան կկոտրի»:
Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող նախաձեռնող խումբ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել