
Բնապահպաններն ահազանգում են՝ լիճը ցամաքել է, լճում կարմրախայտ աճեցնող ընկերութունը պնդում է այլ բան
Գևորգ Գասպարյանը մայիսի 30-ին եղել է Վայոց ձորում գտնվող Գոմք լճի տարածքում և լուսանկարել կիսացամաքած լիճը և դրա շրջակայքի անմխիթար վիճակը։
Ասում է՝ լճի շրջակայքը ավերված է, հողով, քարերով պատնեշ է սարքած. «Էլ գեղեցիկ լիճ չկա։ Քանդած, ավիրված տարածք է։ Լճին մոտենալ հնարավոր չէ։ Առաջ մինչ ափ հանգիստ գնում էիր, հիմա դամբայի վրա ես կանգնում ու մինչ լճի ափ քարի կույտեր են։ Քարերն էլ լցված են լճի մեջ։ Լիճը գեղեցկությունը կորցրել է ու տուրիստական այցերի համար դարձել ոչ պիտանի»,-նշեց նա։
Լճում «Բենսոն» ընկերությանը տրվել է ձուկ աճեցնելու թույլտվություն։ Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը` ընկերությունը տրվել է լճում ձկնաբուծությամբ զբաղվելու, ջրօգտագործման թույլտվություն, առանց էկոհամակարգը խախտելու: Այս պահին ընկերությունը զբաղվում է ձկնաբուծությամբ, թե՝ ոչ, տեղյակ չէ, քանի որ սպասում է Վայոց ձորի բնապահպանական տեսչության տեսուչներին, ովքեր, ուսումնասիրություն կատարելու նպատակով, այս պահին գտնվում են լճի տարածքում։
«Բենսոն» ընկերության սեփականատեր Կարեն Ասլանյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ լիճն անգամ մի միլիմետր չի ցամաքել. «Բացարձակ սուտ է ցամաքելը։ Նման բան չկա։ Բնապահպանները այսօր բարձրացել, իջել են, համոզվել են։ Ես էնտեղ ձկնաբուծությամբ եմ զբաղվում, որ լիճը ցամաքի, այսինքն՝ ես իզուր եմ էդքան ժամանակ տանջվել։ Ո՞նց կարա ցամաքի, դա է հետաքրքիր»,-նշեց ընկերության սեփականատերը։
Ասլանյանի փոխանցմամբ՝ այս պահին էլ լճում կարմրախայտ է աճեցվում։ Անդրադառնալով լճի տարածքի քարերին, հողերին և պատնեշին՝ ընկերության սեփականատերն ասաց, որ դրանք լճի հետ որևէ կապ չունեն, այն լճից դուրս տարածք է, որը փլվել է, կարգավորվել է՝ հետագա փլուզումից խուսափելու համար։
Լուսանկարները՝ Գևորգ Գասպարյանի
Գլխավոր լուսանկարում՝ Գոմքը 2013թ․ին
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել