
Վիսկի արտահանող Հայաստան
Սեդա Հերգնյան
Սկսած 2015 թվականից՝ Հայաստանի վիճակագրությունում արտադրվող ալկոհոլային խմիչքների կողքին հայտնվեց վիսկին։ Չնայած այն իր ծավալներով մեծ տարբերությամբ զիջում է հայկական գինուն, կոնյակին, օղուն ու գարեջրին, սակայն նաև արտահանվում է։ Երկու տարում՝ 2015-2016թթ., արտադրվել է 2.6 մլն լիտր վիսկի։
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ նախորդ տարի վիսկիի արտադրության ծավալներն աճել են 23.2%-ով։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Հայաստանում վիսկի արտադրում է հայտնի օլիգարխ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ա և Գ» ընկերությունը։ Նրա ընկերությունները «մասնագիտացված» են ռուսական և ուկրաինական օղիների կեղծման գործում՝ շրջանցելով օրենքներն ու ժամանակին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի զգուշացումները։ Կեղծվող օղիների շշերը շփոթության աստիճան նման են Ռուսաստանում և Ուկրաինայում արտադրվող օղիներին։
Արտադրության սկզբում «Ա և Գ»-ի վիսկիները Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում ցանցում հայտնվեցին Mac Alex և Mac Grant անվանումներով։ Այժմ ընկերությունը վիսկին ներկայացնում է մեկ այլ անվամբ՝ MR. CHAVEZ։ Իսկ Mac Alex և Mac Grant անունով վիսկիներ երեկ Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի»-ում չգտանք, աշխատակիցներն էլ պատասխանեցին, որ այդ անուններով վիսկի այժմ սուպերմարկետների այս ցանցում չկա:
Հայկական վիսկին մի քանի անգամ ավելի էժան է, քան Հայաստան ներմուծվածները։ Գնից էլ կարելի է ենթադրել, որ որակապես ևս զիջում է ներմուծվածներին։
Ռուսաստանն ու Իրաքն արտահանման հիմնական շուկաներն են
«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացրին, որ նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 675 հազար լիտր վիսկի (100% սպ.), որի մասքային արժեքը կազմել է 1.44 մլրդ դրամ։ Տարվա միջին փոխարժեքով դա կազմում է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար: Սա, իրականում, մեծ ցուցանիշ չէ՝ համեմատած, օրինակ, կոնյակի հետ, որի արտահանումը կազմել է շուրջ 147 մլն դոլար, կամ գինու հետ՝ շուրջ 6 մլն դոլար արտահանման ցուցանիշով։
2015 թվականի համեմատ՝ վիկսիի արտահանման մաքսային արժեքն աճել է 17%-ով, իսկ քանակը՝ 43%-ով։
Ստորև գտնվող առաջին ինֆոգրաֆիկայում արտահանման քանակն է, երկրորդում՝ արժեքը։
Ըստ ՀՀ ՊԵԿ-ի տվյալների
Հայաստանից վիսկին արտահանվում է հիմնականում Ռուսաստան ու Իրաք։ Ընդ որում՝ Իրաք արտահանվող վիսկին շատ ավելի էժան է, քան Ռուսաստան արտահանվողը։ 2016 թվականին Իրաք առաքված վիսկի 1 լիտրի միջին գինը կազմել է 1180 դրամ, իսկ Ռուսաստան՝ 3360 դրամ։ Սա կարող է նշանակել, որ Իրաքում էժանագին վիսկիի պահանջարկն ավելի մեծ է, քանի Ռուսաստանում։
Այսպիսով, եթե Հայաստանից արտահանված վիսկին դիտարկենք ըստ քանակի, ապա դրա ամենամեծ մասն առաքվել է Իրաք, իսկ եթե ըստ արժեքի, ապա՝ Ռուսաստան։
Փոքր քանակությամբ առաքվել է նաև Սիրիա, Բելառուս և Ուկրաինա։
Հայաստանում վիկսիի պահանաջարկը փոքր է
Հայերն այնքան էլ հակված չեն վիսկիին։ Ըստ ՊԵԿ-ի՝ նախորդ տարի ալկոհոլային այս խմիչքից Հայաստան է ներմուծվել ընդամենը 40 հազար լիտր։ Մաքսային արժեքը կազմել է 544 մլն դրամ, 1 լիտրի միջին գինը՝ 13 540 դրամ։
Հիմնականում ներմուծվում է Վրաստանից, Լատվիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից ու Նիդերլանդներից։ Նրանց շարքում ամենաթակը շվեյցարական վիսկին է։ Վիսկիի արտադրության ծավալները ևս, ինչպես տեսանք, մեծ չեն։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանում արտադրվել է 21.5 մլն լիտր կոնյակ, 6.8 մլն լիտր գինի։
Մեկնաբանել