HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչ ծավալի ներդրումներ է կատարում Հայաստանը Վրաստանում

Ներդրումների թեման մշտապես հայաստանյան մամուլի խոշորացույցի տակ է։ Բայց հիմնականում գրում և խոսում ենք այն մասին, թե որքան ներդրումներ են կատարվում Հայաստանում։ Այդ մասին պաշտոնական վիճակագրությունն ամբողջական է և հստակ։ Իսկ տվյալները, թե Հայաստանից արտերկրում որքան ներդրումներ է կատարվում, չի հաջողվում գտնել։ Վիճծառայությունից ու ոլորտին առնչվող մյուս մարմիններից նշում են, որ նման վիճակագրություն չի վարվում՝ պայմանավորված մեթոդաբանական բարդություններով և տվյալների բացակայությամբ։

Փոխարենը կփորձենք մեր նյութերում, ըստ առանձին երկրների, ներկայացնել, թե Հայաստանից որքան ներդրումներ են հոսում՝ հիմնվելով տվյալ երկրներից ստացված վիճակագրության վրա։

Տնտեսական հարթությունում Հայաստանը հաճախ ենք համեմատում հարևան երկրների հետ։ Առավել հաճախ՝ Վրաստանի։ Այս շրջանակում էլ ներդրումների թեման ամենից շատ քննարկվողներից է։

Հայաստանից մշտապես ներդրումներ են հոսում Վրաստան, Վրաստանից էլ՝ Հայաստան։ Սակայն տվյալները վկայում են, որ երկու երկրներն էլ միմյանց համար գլխավոր ներդրողների շարքում չեն։

Վրաստանում հայկական կողմի ներդրումների ծավալը չնչին է՝  համեմատած, օրինակ, Ադրբեջանից և Թուրքիայից կատարված ներդրումների հետ։ Ինչպես տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական գրասենյակից, 2016 թվականին Վրաստանում կատարված օտարեկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) կազմում Հայաստանից հոսած գումարները զբաղեցրել են ընդամենը 0.3%-ը՝ մոտ 6 մլն դոլար։

Ադրբեջանը նախորդ տարի Վրաստանում 578 մլն դոլարի ներդրում է կատարել, Թուրքիան՝  272 մլն դոլարի։ Ընդգծենք, որ խոսքը զուտ հոսքերի մասին է, այսինքն՝ ներդրումների գծով ստացումների և մարումների (օրինակ վարկերի գծով մարումները) տարբերությունը։ Այդ ցուցանիշներով միայն Թուրքիան և Ադրբեջանն ապահովել են Վրաստանում կատարված ՕՈՒՆ-ի 52%-ը։  

Ադրբեջանը Վրաստանում խոշորագույն ներդրողն է, որին հաջորդում են Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդներն ու Չեխիան։ Վրաստանում ներդրումներ կլանող երեք խոշորագույն ոլորտներն են՝ տրանսպորտը (ընդհանուր ՕՈՒՆ-ի 39%-ը), էներգետիկան (12%-ը) ու շինարարությունը (10%-ը) ։

Վերադառնալով Հայաստանից այս երկրում կատարվող ներդրումներին՝ նշենք, որ վերջին 10 տարում ամենամեծ ծավալի ՕՈՒՆ-ը կատարվել է 2014 թվականին, որը կազմել է մոտ 13 մլն դոլար։ Որոշ տարիների զուտ հոսքերը բացասական մեծություն են ունեցել, ինչը նշանակում է, որ նշված տարիներին դեպի Հայաստան ներդրումների գծով արտահոսքն ավելի մեծ է եղել, քան ներհոսքը։

Նշենք, որ ուղղակի ներդրող է համարվում ոչ ռեզիդենտ միավորը, որին պատկանում է տվյալ երկրի ռեզիդենտ միավորի բաժնետիրական կապիտալի ոչ պակաս, քան 10%-ը:

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական գրասենյակի տրամադրած տվյալների

Վրաստանը ևս իր ցուցանիշներով Հայաստանում ներդրումներ կատարող երկրների շարքում առաջատարներից չէ։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) 2016 թվականին այս երկրից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների զուտ հոսքերը կազմել են 1 մլրդ դրամ (մոտ 2.1 մլն ԱՄՆ դոլար), որից 134 մլն դրամն ՕՈՒՆ-ն է։ Նախորդ երկու տարիներին զուտ հոսքերն ավելի փոքր են եղել։

Ներդրումների հաշվարկման մեթոդաբանությունը ԱՎԾ-ն փոխել է 2014 թվականից, ինչը թույլ չի տալիս դրանից առաձ ընկած պատկերը համեմատել այդ տարվանից հետո եղած պատկերի հետ։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Ներդրումների թեման Հայաստան-Վրաստան համեմատությամբ  առավել շատ քննարկվում է մեկ առիթով՝ ինչպես է Վրաստանին հաջողվում համեմատաբար մեծ ծավալի ներդրումներ կլանել, իսկ Հայաստանին՝ ոչ։ Բայց, որքան էլ տարօրինակ է, թեման քննարկողները հաճախ չեն տիրապետում վիճակագրական պատկերին, այդ թվում՝ պաշտոնյաներ։ Իսկ այդ պատկերը վկայում է այն մասին, որ ներդրումների ծավալով Հայաստանն, իսկապես, մեծ տարբերությամբ զիջում է հարևանին։

2016 թվականին Վրաստանում կատարված օտարեկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքերը, նախնական տվյալներով, կազմել են 1 մլրդ 645 մլն ԱՄՆ դոլար։ Նույն ընթացքում, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանում ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 170 մլն դոլար, որից ՕՈՒՆ-ը՝ 130 մլն դոլար։  Այսինքն՝ կոպիտ համեմատությամբ Վրաստանում կատարված ՕՈՒՆ-ը մոտ 13 անգամ գերազանցում Հայաստանի ցուցանիշը։

Ինչու՞ կոպիտ. որովհետև թեեւ Հայաստանն ու Վրաստանը օտարեկրյա ուղղակի ներդրումները հաշվարկում են ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի սահմանած չափանիշների, սակայն որոշակի «նրբություններ» կան հրապարակումների կապակցությամբ։

Բացի այդ, եթե ՀՀ ԱՎԾ-ն հրապարակում է իրական հատվածում կատարված և ընդհանուր ներդրումների ծավալը, և ուղղակի ներդրումներինն, ապա՝ Վրաստանի վիճակագրական գրասենյակը հրապարակում է միայն ուղղակի ներդրումները։ «Ընդհանուր առմամբ ներդրումները բաժանվում են երեք ֆունկցիոնալ կատեգորիաների` օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ), պորտֆելային ներդրումների եւ այլ ներդրումների:  ՕՈՒՆ-երը ներկայացնում են մեր երկրի ամենակարևոր ֆինանսական գործիքի՝ Վճարային հաշվեկշռի կարևոր բաղադրիչը»,- մեթոդաբանության վերաբերյալ «Հետք»-ի հարցման ի պատասխան նշել են Վրաստանի վիճակագրական գրասենյակից։

Հայաստանում ներդրումների հաշվարկման և հրապարակման մեթոդաբանությունը փոխվեց 2014 թվականից։ Մինչ այդ ներդրումները ներկայացվում էին ԱՄՆ դոլարով, այժմ՝ ՀՀ դրամով։ Այնուամենայնիվ, ինֆոգրաֆիկաները, որոնք ներկայացնում ենք ստրոև, կարող են պատկերացում տալ, թե ինչ ծավալների մասին է խոսքը և թե ինչ դինամիկա է գրանցվել երկու երկրներում վերջին 10 տարիներին։

Երկու երկրներում էլ մինչև համաշխարհային տնտեսական ճգնաժամը՝ մինչև 2009 թվականը, ներդրումների մակարդակն ավելի բարձր է եղել։ 2009-ին այն կտրուկ անկում է ապրել. ճգնաժամը չշրջանցեց ոչ Հայաստանը, ոչ էլ Վրաստանը։

Հայաստանում անկումը շարունակվել է նաև 2010 թվականին, որից հետո ընդամենը մեկ տարի աճ է գրանցվել, հետո նորից անկում մինչև 2013-ը ներառյալ։  Իսկ 2014-ից ի վեր գրանցված ցուցանիշների մասով միայն կարող ենք նշել, որ այդ տարվա համեմատությամբ անկում է գրանցվել 2015-2016թթ.։ Խոսքը թե ընդհանուր ներդրումների և թե մասնավորապես՝ ուղղակի ներդրումների մասին է։

Իսկ Վրաստանում 2009-ի անկումից հետո անմիջապես ներդրումների աճ է գրանցվել, հետո՝ մեկ տարի նորից անկում։ 2013-ին՝ կրկին աճ, իսկ 2014-ից աճի տեմպերը կտրուկ մեծացել են։ 2015-ին որոշակի նվազում է գրանցվել, 2016-ին՝ աճ։ Վրաստանի պարագայում, ինչպես նշեցինք, ներկայացվում է ուղղակի ներդրումները։

Հայաստանն ու Վրաստանը՝ համաշխարհային զեկույցներում

Թե ինչու է հարևան Վրաստանում մի քանի անգամ ավելի շատ ներդրումներ կատարվում, քան Հայաստանում, տնտեսագետներն ու վերլուծաբանները բազմաթիվ փաստարկներ ու հակափաստարկներ են մատնանշում՝ սկսած հայաստանյան օրենսդրական դաշտում եղած բացթողումներից, վերջացրած հայ-ադրբեջանական լարված հարաբերություններից։

Իսկ ոլորտի պատասխանատու մարմինների կողմից երբեմն հակադարձումներ են լինում։ Առավել հաճախ այն ենթատեքստով, որ Վրաստանի գլխավոր ներդրողները Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնք հասկանալի պատճառներով չէին կարող նման դիրք ունենալ Հայաստանի ներդրողների շարքում։ Սակայն այս տեսակետն այնքան էլ հիմնավոր չի թվում, քանի որ ինչպես նշեցինք վերևում Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ներդրումների 52%-ն են ապահովել, իսկ մնացած կեսն այն երկրներից են, որոնք ևս ներդրումներ են կատարում Հայաստանում, բայց շատ ավելի փոքր ծավալներով։

Հայաստանի և Վրաստանի ներդրումային միջավայրերը երբեմն համեմատվում են՝ ըստ միջազգային զեկույցներում երկրների զբազեցրած դիրքերի։ Չնայած տեսակետ կա, որ միջազգային զեկույցները ոչ միշտ են որպես գլխավոր ուղեցույց հանդիսանում ներդրողների համար և վիճահարույց են, սակայն դրանք, այնուամենայնիվ, նկատի առնվում են։

Օրինակ, տնտեսական ազատության զեկույցը, որը ՀՀ կառավարությունը հաճախ է հիշատակում։ Մանավանդ վերջի զեկույցի արդյունքներով` մեր կառավարությունը բավականին ոգևորվեց։  Այս զեկույցը հրապարակվում է ամեն տարի (ավելի քան 20 տարի է) ամերիկյան «Հերիթիջ ֆաունդեյշն»-ի կողմից՝  «Ուոլ սթրիթ ջորնլ»-ի աջակցությամբ։

«Տնտեսական ազատության ինդեքս 2017»-ում Հայաստանը 180 երկրների շարքում 70.3 միավորով զբաղեցնում է 33-րդ տեղը՝ ընդգրկվելով առավելապես ազատ երկրների խմբում։ Իսկ Վրաստանն այս շարքում 13-րդ տեղում է՝ 76  միավորով։ Այս զեկույցում հաշվարկների մեթոդաբանությունն, ընդհանուր առմամբ, հետևյալ է՝ որքան շատ է պետությունը միջամտում կամ խոչընդոտում երկրի տնտեսական գործընթացներին, այնքան՝ ցածր միավորներ է ունի։ Բայց և չկա միանշանակ կարծիք՝ պետությունը ի՞նչ չափով պետք է միջամտի տնտեսական գործընթացներին։

Առավել շատ հիշատակվողներից է նաև գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատող զեկույցը, որն ամեն տարի հրապարակում է Համաշխարհային բանկը։ «Գործարարություն 2017»-ում (Doing Business) 190 երկրների շարքում Հայաստանը 38-րդ տեղում է, իսկ Վրաստանը 16-րդ տեղում է։

Մեկ այլ օրինակ է երկրի մրցունակությունը գնահատող զեկույցը։ «Համաշխարհային մրցունակության զեկույց 2016-2017»-ում (ՄՀԶ) Հայաստանը  79-րդն է աշխարհի 138 երկրների շարքում։ Վրաստանը՝ 59-րդը։ Այս զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է ըստ մրցունակության 12 հենասյուների։ Օրինակ՝ ըստ մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության ու տարրական կրթության և այլն։ Դրանք ամբողջական կոչվում են  Համաշխարհային մրցունակության ցուցիչ (ՀԱՄ ցուցիչ)։ Այն մշակել է և հաշվարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ)։

Սրանք ընդամենը օրինակներ  են այն զեկույներից, որոնք պարբերաբար քննարկման թեմա են դառնում թե ՀՀ կառավարությունում, թե մամուլում։ Ցանկացության դեպքում, հնարավոր է, գտնվեն նաև օրինակներ, որտեղ Հայաստանն իր դիրքով գերազանցում է Վրաստանին։

Կառավարությունը խոստացել է, որ այս տարվա ընթացքում Հայաստանում մոտ 850 մլն դոլարի ներդրում է ներգրավելու։ Եթե իսկապես այդ ծավալի ներդրում կատարվի և եթե խոսքը զուտ հոսքերի մասին է, ապա Հայաստանն այս առումով որոշ չափով կկրճատի Վրաստանի հետ համեմատությամբ ունեցած տարբերությունը։ Բայց ավելի կարևոր է ոչ թե այս կամ այն երկրի հետ համեմատությունը, այլ ռեալ քայլերն ու խոստումների իրականացումը։

լուսանկարը` trsnyc.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter