
Ինչ փոփոխություններ են առաջարկում ընտրարշավի մասնակից ուժերը մշակույթի ոլորտում
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն առաջարկում է վերացնել պետական արտոնյալ հովանավորչությամբ մշակութային գործիչների արժևորումը, հրաժարվել պետության կողմից զանազան տիտղոսներ և կոչումներ շնորհելու պրակտիկայից:
Դաշինքի նախընտրական ծրագրում կրթությունը, գիտությունը, մշակույթն ու տեխնոլոգիաները ներկայացվում են նույն բաժնում: Դաշինքն առաջարկում է պետական աջակցությունը մշակութային նախաձեռնություններին իրականացնել միայն ծրագրային նախագծերի միջոցով՝ բաց մրցույթներով, բացառել վարչական միջամտությունը ստեղծագործական գործընթացներին, մշակութային քաղաքականության մեջ ապահովել բազմաձև մասնակցության հնարավորություններ (ինչպես անհատական, այնպես էլ հասարակական, համայնքային և այլ բնույթի նախաձեռնությունների տեսքով), օրենսդրորեն պետական հատուկ կարգավիճակ տալ բացառիկ մշակութային ժառանգություն հանդիսացող հաստատություններին և պատմաճարտարապետական հուշարձաններին՝ ապահովելով հասարակական մասնակցությունը դրանց կառավարմանը:
Այս դաշինքն իր մշակութային ծրագրում անդրադարձել է նաև ազգային փոքրամասնություններին՝ առաջարկելով, պետական հոգածության տակ պահել ազգային փոքրամասնությունների մշակութային և լեզվական բազմազանությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի մշակութային միջավայրի բաղկացուցիչ:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց» անվամբ նախընտրական ծրագրում առաջարկում է օրենսադրական պայմաններ ստեղծել մշակույթի ազատ զարգացման համար, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» և դրան առնչվող օրենքները վերանայել, Հայաստանի պարբերական մամուլի և գրահրատարակչության փոքր տպաքանակներն ու ցածր շահութաբերությունը, ինչպեսև Հայաստանում բնակվող մյուս ազգությունների մշակույթի զարգացման անհրաժեշտությունը նկատի ունենալով՝ առաջարկում է այդ ոլորտն ազատել ավելացված արժեքի հարկից, պետական համապատասխան նոր կառույցի միջոցով խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային կապերը, ընդարձակել եւ ամրապնդել Հայաստանի միջազգային մշակութային կապերը և Հայաստանի բոլոր դեսպանատներում ստեղծել մշակութային կցորդի ինստիտուտ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առանձին անդրադարձ ունի մշակույթին և արվեստին: Այստեղ ներկայացված է 10 առաջարկ:
Կուսակցությունն առաջարկում է նախադպրոցական և դպրոցական տարիքից սկսած առաջնահերթություն համարել քաղաքացու մշակութային դաստիարակությունը՝ պահանջարկ ձևավորելով բարձր մշակույթի հանդեպ, մշակույթի և արվեստի ոլորտում խթանել ազատ մրցակցությունը, բացառել հովանավորչական կամ խտրական քաղաքականությունը, անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի կազմակերպման, ճանաչելիության և ներկայացվածության համար:
Ծրագրում ասվում է, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել թանգարանները, գրադարանները, մշակույթի և արվեստի օջախները, պայմաններ ստեղծել երաժշտական և թատերական արվեստի զարգացման համար, նպաստել աշխարհում հայկական մշակույթի և արվեստի գովազդմանը, խթանել գրահրատարակչության, թատերական արվեստի ու մյուս ճյուղերի զարգացումը, աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում, հաստատել ժամանակացույց Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների և մշակութային այլ արժեքների պահպանման ու վերականգման համար, բացառել պետության կամ մասնավոր հատվածի կողմից դրանց աղավաղումն ու կառուցապատման զոհ դարձնելը, բարձրացնել մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը տնտեսական տեմպերին համընթաց:
Մեկնաբանել