
Ունենալ շատ վա՞տ, թե՞ վատ օրենք
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում 63 կողմ, 10 դեմ և 2 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» եւ «Պետական տուրքի» մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնց այս տեսքով ընդունմանը դեմ են մի շարք հասարակական կազմակերպություններ:
«Հետքը» զրուցեց ԱԺ պատգամավորների հետ` պարզելու համար, թե կառավարությունն ինչու է շտապում օր առաջ ընդունել օրենքի վերը նշված նախագծերը:
Խաչիկ Հարությունյան, Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Մեր հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ժամանակ, մի երկու հասարակական կազմակերպություն առաջարկեցին հետ տանել օրենքի նախագիծը, բայց հետ տանելու իմաստ բացարձակ չկար, ավելի լավ չէ՞ դնել օրենքի վրա աշխատել: Առաջին ընթերցմամբ ընդունվեց, հիմա առաջինից երկրորդ ընթերցում բավականին ժամանակ կա, կարելի է բոլոր առաջարկությունները լսել, կառավարությունը եւս պատրաստակամ է այդ առաջարկությունները լսել, եւ որը ընդունելի, կառուցողական լինի բոլորն էլ կընդունվեն: Առաջիկայում քննարկումներ մեկ անգամ էլ կկազմակերպենք, որովհետեւ այս փոփոխությունները մեզ իրոք պետք են: Ավելի լավ է այս փոփոխություններով գնանք մեկ քայլ առաջ, քան ունենանք հին օրենքը, որն այսօրվա մեր իրողություններին համահունչ չէ: Այսինքն` ունենալ շատ վատը, թե վատը, մենք ընտրություն պիտի կատարենք այն դեպքում, երբ այդ վատը կարելի է լավացնել: Հիմա մենք ունենք այդպիսի մի իրավիճակ: Ինքնանպատակ է օրենքի հետ տանելը ու ոչ մի կոնկրետ հիմնավորումներ չհնչեցին, ուղղակի տարբեր քաղաքական հայտարարություններ հնչեցին:
Բայց մտավախություն կա, որ Ազգային ժողովում նախագծի երկրորդ ընթերցումն էլ արագ տեղի կունենա եւ օրենքը կընդունվի:
Արագ տեղի չի ունենա, ես ձեզ հավաստիացնում եմ, որպես հանձնաժողովի նախագահ:
Մոտավոր, ե՞րբ կքննարկվի:
Ըստ երեւույթին փետրվարին:
Նախագծում Ձեզ համար ո՞ր դրույթներն են անընդունելի:
Ես նախագիծը քննարկել եմ փոխնախարարի հետ եւ այս պահին ունեմ 30-ից ավել առաջարկություններ:
Ստյոպա Սաֆարյան, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
Օրակարգի հաստատման ժամանակ նշեցի, որ այդ օրինագծի հետ կապված «Ժառանգության» առաջարկած խորհրդարանական լսումները կայացան, բայց այդ լսումների ժամանակ ակնհայտ դարձան օրենսդրական փաթեթի մի շարք թերություններ: Մասնավորապես այն, որ կառավարության եւ բնապահպանության նախարարության ներկայացուցիչների կողմից ընդունվեց, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում եւս պետք է փոփոխություններ իրականացվեն եւ դրանք ներառվեն փաթեթում: Բովանդակային այլ խնդիրներ եւս կային, եւ այս ամենը պիտի հանգեցնեին նրան, որ կառավարությունը այս օրինագիծը այս տեսքով առաջին ընթերցման չդներ: Մանավանդ, որ լսումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անունից առաջարկել էի գլխադասային հանձնաժողովին, որպեսզի օրենքի նախագիծը փորձաքննության ուղարկվի Օրհուսի քարտուղարություն, ինչպես նաեւ Ազգային ժողովը խորհրդարանական լսումների հիման վրա որոշում ընդունի, որով հետաձգվեր նախագծի քվեարկությունը:
Կառավարության գործունեության ծրագրով այս օրինագծի ընդունման վերջնաժամկետ սահամանված է 2012թ,, հետեւաբար կարիք չկա շտապելու:
Քվեարկության ժամանակ, երբ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ զրուցել է կառավարության հետ եւ որոշել են առաջին ընթերցումից հետո աշխատել օրինագծի վրա, ես 20 րոպեանոց ընդմիջում խնդրեցի բնապահպանության նախարարի հետ հանդիպում ունենալու համար:
Առաջարկեցի ԱԺ նախագահի պաշտոնակատարին միասին զրուցել նախարարի հետ, սակայն նա պատրաստակամություն չհայտնեց, ինչից հետո խմբակցությունը կապ հաստատեց նախարարի հետ: Արամ Հարությունյանին առաջարկեցինք այդ պահին տեղեկացնել ԱԺ նախագահությանը, որ ինքը չի պնդում քվեարկությունը եւ օրինագիծը հանվի քվեարկվող օրինագծերի շարքից: Նա առարկեց, ասելով, թե օրինագծի ընդունումը սերտորեն կապված է 2012թ. բյուջեի հետ: Այդ փաստարկը քննադատությանը չի դիմանում, որովհետեւ, այսպես թե այնպես օրինագիծն ամբողջությամբ չի ընդունվում եւ կապ չունի առաջին ընթերցմամբ ընդունված է, թե ոչ:
Սա չի՞ նշանակում, որ հասարակական լսումները ձեւական բնույթ են կրում, եթե հաշվի չի առնվում հասարակության կարծիքը:
Ձեւականության մասին վերջնական եզրահանգման կգամ այն ժամանակ, երբ լսումներին մասնակցած կամ չմասնակցած սուբյեկտները ներկայացնեն առաջարկություններ, որոնք չընդունվեն: Սպասենք, տեսնենք ինչ ընթացք կունենա: Սակայն այս պահին կարող եմ ասել, որ մեզ հայտնի ինչ-ինչ շահագրգռվածություններ կան այս օրենքը հապճեպ ընդունելու համար, որովհետեւ այն փաստարկները, որ բերվեցին բնապահպանության նախարարի կողմից, համոզից չէին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել