
Գառնու ձորի կառավարումը կհանձնվի Խոսրովի արգելոցին. Էկոտուրիզմը՝ գերադասելի ճյուղ
Գագիկ Աղբալյան
Բնապահպանության նախարարությունը մտադիր է զարգացնել էկոտուրիզմը հանրապետության ողջ տարածքում, իսկ դրա առաջին քայլը Գառնի տաճար, «Բազալտե երգեհոն» եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ուղղություններով ներդրումներն են:
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, վերը նշված ծրագրին զուգահեռ, բնության 20 հուշարձանների տարածքում էկոտուրիզմի զարգացման փաթեթ է մշակվում: Խոսքն այնպիսի հուշարձանների մասին է, որոնք տրամաբանորեն մոտ են մայրուղիներից, էկոտուրիստական երթուղիների հետ ունեն հատումներ:
«Նրանցից յուրաքանչյուրի համար առանձին ծրագիր ենք մշակել: Մեկը կարող է ունենալ մեղրի համտեսման փոքրիկ կենտրոն, մյուսը՝ պանրի կամ գինու համտեսի կենտրոն եւ այլն: Հուշարձանը բացարձակ պահպանության մեջ կլինի, հարեւանությամբ՝ ռեկրեացիոն գոտու մեջ, համապատասխան ենթակառուցվածք կստեղծվի, որը կսնի հուշարձանի պահպանությունը: Պետությունը չունի շրջանառու ներդրումային ֆոնդ, որպեսզի ինքը ստեղծի նման ենթակառուցվածքներ, հետեւաբար պետք է համագործակցենք մասնավոր սեկտորի հետ: Ամեն հուշարձանի մոտ փոքրիկ ենթակառուցվածք ձեւավորելու համար անհրաժեշտ կլինի 50-60 հազար դոլարին համարժեք դրամային միավոր ներդնել: Շատերն են պատրաստ են նման ներդրումներ կատարել»,-ասում է Խաչիկ Հակոբյանը:
Ինչ վերաբերում է Գառնու ձորի բնության հուշարձանների պահպանության ու խնամքի ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապա այն նախատեսվում է իրականացնել կառավարության «Տեղական տնտեսությունների եւ ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի միջոցով, որի ընդհանուր արժեքը 55 միլիոն ամերիկյան դոլար է: Դոնորը Համաշխարհային բանկն է: Միայն Գառնու ձորում նախատեսված ներդրումները կկազմեն 1-2 միլիոն ԱՄՆ դոլար: Բայց, ընդհանրապես, ծրագրում ներառված են մի շարք տուրիստական նախագծեր:
«Ուսումնասիրված է ձորի ողջ պոտենցիալը, ողջ առանձնահատկությունները: Գիտեք, որ գյուղից մինչեւ ձոր գնալու ճանապարհն անբարեկարգ է: Նախատեսվում է վերանորոգել Գառնի գյուղից դեպի ձոր եւ ձորից Խոսրովի անտառ տանող ճանապարհները: Դրանք հիմնականում կսալիկապատվեն: Պայմանավորվածություն ունենք համայնքի եւ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հետ՝ Բազալտե երգեհոնի անձնագրավորման եւ քարտեզագրման հարցով: CNF-ը աշխատանքների ֆինանսավորումը վերցրել է իր վրա: Արդեն հաջորդ փուլում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ը կդիմի համայնքին՝ ձորը պետարգելոցի կառավարմանը հանձնելու խնդրանքով: Ի վերջո ձորը կունենա պատշաճ պահպանություն, իսկ հասույթից կբաշխվի նաեւ համայնքին»,-ասում է փոխնախարարը:
Խոսրովի արգելոց
Ծրագիրը նախագծման փուլում է: Ուսումնասիրվում է միջազգային փորձը:
Եթե անգամ վարկային միջոցները չստացվեն, ըստ Խաչիկ Հակոբյանի, միեւնույն է, արդեն պետությունը կունենա մշակված ծրագիր, որի համար հեշտ կլինի դոնոր գտնել:
Ինչ էլ արվի՝ միայն պլյուս է
Հիշեցնենք, որ Բազալտե երգեհոնը դեռ 10 տարի առաջ պաշտոնյաների ուշադրությունը գրավել էր, բայց ոչ որպես հուշարձան, այլ՝ որպես շինանյութ: Բազալտը այս ու այն մեծավորին, ըստ հրապարակումների, առանձնատուն կառուցելու կամ բակը սալիկապատելու միջոց էր:
CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանն ասում է, որ դեռ այդ ժամանակ է հանրային սեկտորը բարձրացրել հուշարձանը Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի կառավարման հանձնելու հարցը, քանի որ բոլոր առումներով էլ Գառնու ձորը իր էկոհամակարգով հանդիսանում է արգելոցի մի մասը եւ դրա օրգանական շարունակությունն է:
«CNF-ը վաղուց է պատրաստ քարտեզագրման, անձնագրավորման եւ հետագա պահպանության համար գումար հատկացնել: Ինչպես միշտ, այն ժամանակ տարբեր շահեր կային պետական համակարգում: Նախորդ տարվա աշնանը, երբ Արծվիկ Մինասյանը նշանակվեց նախարարի պաշտոնում, հանդիպեցինք, առաջարկեցինք լուծել այս հարցը: Բանակցություններն ակտիվացան եւ հիմա ամեն ինչ նորմալ ընթացք է ստացել: Ես կարծում եմ, որ մինչեւ հունվարի վերջը անձնագրավորումն ու քարտեզագրումը կավարտվի, հիմա մտածում ենք, թե ինչպես կազմակերպենք կառավարումը արգելոցին հանձնելու գործընթացը»,-ասում է Վերմիշյանը:
Նրա խոսքով՝ եթե կառավարումը հանձնվի արգելոցին, ապա CNF-ի կողմից ավելի դյուրին կլինի ֆինանսական աջակցություն ցույց տալ, քանի որ հիմնադրամը հիմնականում համագործակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների հետ. «Եթե այս ծրագիրն իրականացվի, մի ֆանտաստիկ արդյունք կունենանք: Էս հարցը պետք է մեկընդմիշտ փակել»:
Վերմիշյանն ասում է, որ չնայած երգեհոնը մեծ վնասներ է կրել, սակայն վանդալները ժամանակին հիմնական հուշարձանը քիչ են վնասել, ջարդվել է հիմնականում ձորի բազալտե հատվածի մի մասը միայն: Անկախ ամեն ինչից, քարտեզագրվում է ողջ ձորի տարածքը, եւ արգելոցի պահպանության տակ է անցնելու բավականին մեծ տարածք:
Համաշխարհային բանկի ծրագրով նախատեսվում է, որ ձորում լուսավորություն կլինի, նստարաններ կտեղադրվեն, կլինի ավտոկայանատեղի: Եթե այդ ամենն իրականացվի, ապա CNF-ը ռենջերական կետ կտեղադրի եւ կարգի կբերի Բազալտե երգեհոնից մինչեւ Հավուց թառ ընկած տուրիստական երթուղին:
Հարց ուղղեցինք ծրագրի ռիսկերի մասին: «Էս պահի դրությամբ քարե սիմֆոնիան այնքան անմխիթար վիճակում է, որ ինչ էլ արվի՝ միայն պլյուս է: Եթե մեկ պահակակետ էլ տեղադրենք, էլի պլյուս է: Բնականաբար մարդկանց հոսքը դեպի ձոր կմեծանա, բայց զուգահեռաբար կմեծանա նաեւ վերահսկողությունը: Սա միանշանակ դրական է»,-ասում է CNF ազգային համակարգողը:
232 հուշարձանից միայն 29-ն անձնագիր ունի
2016 թվականին բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջիկների այցելություններից ստացել են ընդամենը 6 միլիոն դրամ եկամուտ: «Ես կարծում եմ, որ սա շատ չնչին է, եւ այդ թիվը պետք է մի քանի տասնյակով բազմապատկվի, որովհետեւ մեր երկրի ներուժը շատ ավելի մեծ է»,-ասում է փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:
Սակայն ինչպե՞ս է հնարավոր այս թիվը բազմապատկել, եթե կառավարության որոշմամբ առանձնացված 232 բնության հուշարձաններից միայն 29-ն է անձնագրավորված եւ քարտեզագրված: Խաչիկ Հակոբյանն ասում է, որ պետությունը նման աշխատանքների համար միջոցներ չունի: Այժմ մշակվում են մեխանիզմներ՝ հուշարձանների պահպանությանը եկամուտ բերող ենթակառուցվածաքային ներդրումները իրականացնել մասնավոր ընկերությունների միջոցով:
«Հնարավոր չի եղել պետության միջոցներով այս ամենն իրականացնել, բայց մեքն միշտ բանակցել ենք դոնոր կազմակերպությունների հետ: Հիմա մենք ուզում ենք, որ պոտենցիալ դոնոր հանդիսանա նաեւ մասնավոր սեկտորը: Օրինակ ընկերությունը, որ ՀԷԿ է շահագործում Շաքիի ջրվեժի տարածքում, թերեւս ժամանակի ընթացքում հասկանա, որ 12-ժամյա ռեժիմով ՀԷԿ գործարկելը ձեռնտու չէ եւ աստիճանաբար ուշադրություն դարձնի էկոտուրիզմի բնագավառում ներդրումներ կատարելուն:
Հաշվի առնելով տուրիստների մեծ հոսքը, Տաթեւ վանական համալիրի առկայությունը, էկոտուրիզմն ավելի մեծ եկամուտներ կբերի, քան ՀԷԿ-ի գործունեությունը: Համապատասխան դիտակետերի, սրճարանների, համտեսի կետերի ստեղծումը, հուշանվերների վաճառքը նույնպես գրավիչ բիզնես է»,-ասում է փոխնախարարը:
Նա ակնկալում է, որ կհաջողցվի բնության հատուկ պահպանվող տարածքների տնտեսական գոտիներում հիմնել օրգանիկ մթերքներ ստանալու լուրջ հնարավորություններ, որը ԲՀՊՏ-ների համար ֆինանսական կայունություն կապահովի, հարեւան համայնքներին էլ՝ զարգացման հնարավորություն:
Բնապահպանության նախարարությունը 2015 թվականին ձեւավորել է Էկոտուրիզմի զարգացման եւ աջակցման բաժին: Իսկ 2016 թվականին Բնության պետական թանգարանում ստեղծվել է էկոտուրիզմի զարգացման կենտրոն, որը ԲՀՊՏ-ների տուրիստական ներուժի մասին տեղեկություն է հաղորդում քաղաքացիներին: Կենտրոնն արդեն գործում է, առաջիկայում պաշտոնական բացումը կլինի:
Ջերմուկ
Ի դեպ, որոշակի թերություններով եւ բացթողումներով, ԲՀՊՏ-ները ունեն իրենց կայքերն ու սոցիալական ցանցերում՝ էջերը, որոնց միջոցով հնարավոր է տեղեկություն ստանալ տուրիստական երթուղիների, ՊՈԱԿ-ի կողմից առաջարկվող ծառայությունների, գիշերակացի հնարավորության եւ այլնի վերաբերյալ:
Այս մասին՝ մեր հաջորդ հոդվածում:
Բնության լուսանկարները՝ հեղինակի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել