
Սևանի հիշատակին Վազաշենի դպրոցում «հավեսին սենյակ» կբացվի
Նկարչուհի, անիմատոր Սեւան Նագգաշյանը ծրագրում էր գեղարվեստի դասարան բացել Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում: Այն անվանել էր «Հավեսին սենյակ», որտեղ երեխաները կարող էին նկարել, քանդակել, ֆիլմեր դիտել արվեստի մասին, հանդիպումներ ունենալ արվեստագետների հետ:
Սևանն այս գարնանը մեկնել էր Կանադա, որտեղից վերադառնալուց հետո պատրաստվում էր իրականություն դարձնել իր ծրագիրը, բայց չհասցրեց: Նա քաղցկեղով հիվանդ էր, ընկերներից քչերը գիտեին այդ մասին: Հոկտեմբերի 14-ին համացանցում արագ տարածվեց Սևանի մահվան բոթը:
Երեկ Սևանի ծննդյան օրն էր: Ընկերները հուշ-երեկո էին կազմակերպել Երևանի «Ակումբ» սրճարանում: Ելույթ ունեցան բարդերը՝ հեղինակ-կատարողները, «Շողակն» համույթի մեներգչուհի Հասմիկ Հարությունյանն օրորոցայիններ երգեց:
Երգահան Ռուբեն Հախվերդյանն ասաց, որ Սևանն իրենց միացնողն էր, ցեմենտն էր: Սևանը 7 տարի ապրել էր Հախվերդյանների տանը: Երգահանը կատարումից առաջ ասաց, որ իր համար դժվար է երգելը, որովհետև շատ հուզված է, Սևանը, կարծես, իր մեծ աղջիկը լիներ: Դժվարությամբ երգեց Սևանի սիրած երգը՝ «Ես ու լուսինը միասին...»:
«Համակողմանի աջակցություն սահմանամերձ Վազաշենին» ծրագրի նախաձեռնողը «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն է, որի խնդիրը փոքր ներդրումներով սահմանամերձ ինքնավերականգնվող գյուղի մոդել ստանալն է: «Սեւանը շատ ոգևորված էր այդ ծրագրով, մտածում էր՝ այս համակողմանի փակուղուց ոնց կարելի է դուրս գալ, և այս հողի վրա դարձանք գաղափարակիչ գործընկերներ, հետագայում արդեն ընկերներ»,- նշում է հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը:
2014-ին Սևանը իր ընկեր-նկարիչների հետ բարեգործական ցուցահանդես-վաճառք էր կազմակերպել: Որոշվել էր ստացված հասույթով մրգերի էլեկտրական չորանոց գնել Վազաշենի համար:
«Ցուցահանդեսի բացմանը մի ֆիլմ ցուցադրեցինք, որտեղ հնչում էր Սևանի մի գաղափարը, ասաց՝ բոլորս մեր տներում նստած մեր գործն ենք անում, եկել է այն պահը, որ մենք ինքներս մեր սահմանից դուրս գանք ու գնանք իրական սահման: Այսպիսի բառախաղով կոնցեպտ ներկայացրեց»,- հիշում է Արմինե Պետրոսյանը: Ցուցահանդեսի հասույթը քիչ էր, երեք աշխատանք վաճառվեց, և որոշվեց, որ այդ գումարը ներդրվելու է Վազաշենի մեղվաբուծության ծրագրում:
Վազաշենի դպրոցի շենքը ռմբակոծությունից վնասվել է: Սևանն առաջարկել էր արվեստագետներով գնալ և նկարել շենքի պատերին, ու կոչելու էին «Քրոնոպատ»:
Ա. Պետրոսյանը էկրանին ցույց տվեց Վազաշենի դպրոցի այն սենյակը, որը պիտի կահավորեն՝ նկարակալներ, աթոռներ, հեռուստացույց տեղադրեն, արվեստագետների հետ հանդիպումներ անցկացնեն, անիմատոր Նաիրա Մուրադյանն էլ առաջարկել է անիմացիայի օնլայն դասընթաց կազմակերպել: Սենյակը կրելու է Սևանի անունը:
Դեռևս դատարկ սենյակի լուսանկարն էկրանին ցուցադրելու ժամանակ Նաիրա Մուրադյանն առաջարկեց ուտելիքով լի մի սառնարան էլ տեղադրել սենյակում:
Համերգի հասույթը՝ 210.000 դրամը, տրամադրվելու է Սևանի «Հավեսին սենյակի» իրականացման համար: Բացի դրանից, Արմինե Պետրոսյանը 1000 դոլար դրամաշնորհ է ստացել «Awesome» հիմնադրամից՝ Վազաշենի դպրոցում Սևան Նագգաշյանի անվան արվեստի կենտրոն բացելու համար:
Հ.Գ. Սևանի հետ մեր միակ հարցազրույցը եղել էր նրա ծննդյան օրը՝ 2014-ի նոյեմբերի 27-ին:
-Էսօր քո ծննդյան օրն է, հետաքրքիր է՝ ի՞նչ է հրաշքը քեզ համար, կա՞ն հրաշքներ:
-Դժվար հարց է (մի որոշ ժամանակ լռում է- հեղ.): Երևի կյանքն է հրաշք, մենք, որ ապրում ենք, որ ամեն րոպե հնարավորություն ունենք փոխելու ամեն ինչ: Դու միշտ ընտրության հնարավորություն ունես, դու միշտ կարող ես դուրս գալ այդ վիճակից, ու դա էլ է հրաշք: Ըմբոստությունն էն չի, որ մարդիկ վեր կենան, գոռան, ինչ-որ բաներ պահանջեն հրապարակներից, ըմբոստություն է, երբ մտածում ես, որ կարող ես փոխել կյանքդ, և ամեն ինչում չէ, որ ուրիշն է մեղավոր: Այ, դա էլ է հրաշք: Ձնծաղիկը, որ դուրս է գալիս ձյան տակից, հրաշք չէ՞: Էնքան բաներ կան, որոնք նույնիսկ անտեսում ենք, տրորում:
Մեկնաբանել