
«Փոքր քայլերով պետք է սկսել»,- ասում է ընտանեկան բիզնեսի հիմնադիր 24-ամյա Սոնան
Մարինե Մարտիրոսյան
«Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել». երգահան Ռուբեն Հախվերդյանի երգի այս տողերն են գրված Սոնա Պապյանի խանութի դռան վրա:
Սոնան 24 տարեկան է, հասցրել է հիմնել փոքր բիզնես մեծ ծրագրերով: Մասնագիտությամբ դիզայներ է: 20 տարեկանից զբաղվում է ձեռքի աշխատանքներով: Սկզբում պատրաստում էր բիժուտերիայի զարդեր՝ օգտագործելով «բոլտեր», «գայկաներ», էլեկտրական հոսանքի լարեր: Քանի որ հուլունքներով գործեր պատրաստողները շատ էին, Սոնան որոշեց հրաժարվել դրանցից՝ փորձելով ստեղծել տարբերվող օրինակներ: Առաջին և մինչ օրս պահանջարկ ունեցող իրերից է ֆոտոապարատի տեսքով վզնոցը:
Սոնան ասում է՝ սկզբունքորեն նյութ չէր գնում, որ պատրաստի տարբերվող իրեր: Ցույց է տալիս հոսանքի լարերով պատրաստված թևնոցը: Առաջին աշխատանքները տեղադրել էր ֆեյսբուքյան էջում, որն անվանել էր «SonSation»՝ փոքր-ինչ ձևափոխելով «sensation» (սենսացիա) բառը: Սոնայի տարբերակիչ նշանն էլ՝ լոգոն, «բուլավկան» (կեռմայր) է: Ասում է, որ «Ֆեյսբուքը» մինչ օրս վաճառքի համար ամենահարմար հարթակն է, թեև գործերն արդեն վաճառվում են ոչ միայն վիրտուալ տարածքում:
«Սկզբում չէի պատկերացնում, որ կարող է խանութ բացեմ, հետո պատկերացրեցի: Իմ հնարավորությունները լավ գիտեմ, եթե նույնիսկ դժվարություններ են լինում, դրական եմ տրամադրվում դրանց նկատմամբ: Իհարկե, ասում էին՝ դժվար է, աղջիկ ես, մի մտիր էդ թղթագրությունների մեջ, բայց եթե լսեի, լավ չէր լինի»,- ասում է Սոնան:
Առաջին խանութը Երևանի Վարդանանց փողոցում էր, երկու տարի առաջ տեղափոխվել են Փարպեցու փողոց: Պատմում է, որ պատվերները շատ էին, չէր հասցնում, այդ պատճառով էլ գործին միացել են նաև ընտանիքի անդամները՝ մայրը, քույրը, ամուսինը: Բիզնեսն ընտանեկան է դարձել:
Մինչ խանութ ունենալն իրերը պատրաստում էր տանը, իսկ հիմա՝ խանութում: Կարուձևի աշխատանքները մայրն է անում, ամուսինը՝ շամպուններն ու օճառները, իսկ Սոնան ու քույրը զբաղվում են գրաֆիկայով, դիզայնով և կազմակերպչական հարցերով:
«Մեր գործերը տարբերվում են ոճով ու նյութի ընտրությամբ, եթե նայեք, ոչ մի աշխատանքում բարդ տեխնոգոլիա չկա: Ցանկացած աշխատանքի նայելիս կտեսնեք, որ բոլորն էլ կարող են անել: Պարզությամբ, նյութի ընտրությամբ. որոշ նյութեր, որոնք մտքովդ չեն անցնի, որ կարող ես պատրաստել, մենք օգտագործում ենք»,- նշում է զրուցակիցս:
Հիշում է, որ երբ աշխատանքի առաջին տարում երկաթե դետալների անունների մեծ մասը չգիտեր, խանութ գնալիս վաճառողներն անընդհատ հարցնում էին, թե ինչի համար է ուզում, մի օր էլ սարքել, տարել, ցույց է տվել: Դրանից հետո այլևս չեն հարցնում:
Հիմա Սոնան ու հարազատները պատրաստվում են ամանորյա ցուցահանդեսներին: Ասում է, որ ամենասիրած տոնն է Ամանորը: Պատվերներն էլ շատ են լինում տոներին՝ Ամանորին, Վալետինի օրվա առթիվ, կանանց տոներին: Զբաղվում են նաև թեմատիկ հարսանիքների դեկորներով:
Հիշում է, որ սկզբում դժվարությամբ էր բաժանվում զարդերից, ասում է՝ քո հոգու մի մասնիկ ես դնում դրա մեջ, քո օրն ես նվիրում այդ գործին, հետո մի տեսակ ափսոսանք է լինում վաճառելիս: Բայց հիմա արդեն վարժվել է:
«Ովքեր փոքր բիզնեսով են սկսել զբաղվել, խորհուրդս այն է, որ փոքր քայլերից սկսեն, որպեսզի կորուստը մեծ չլինի: Շատերը մեծ-մեծ խանութներ են բացում, տեսականի չապահովելով, և երկու-երեք ամիս անց ձախողվում են: Դրա համար պետք է սկսել փոքր քայլերից»,- ասում է նա:
Սոնայի գլխավերևում՝ պատին, գրված է. «Երազանքներդ վերածիր պլանների»: Հիմա դա նրա կարգախոսն է: Ասում է՝ երազանքների փոխարեն ծրագրեր պետք է ունենալ: Օրինակ՝ մտածում է խանութն ընդլայնելու մասին: «Այդ ուղղությամբ աշխատում ենք, իհարկե, փորձում ենք փոքր-փոքր քայլերով առաջ գնալ»,- ապա ավելացնում է, որ երազանքը միայն երազանք չպիտի մնա:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել