HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրիստինե Աղալարյան

Ձորաղբյուրի միակ խնդիրը մշակույթի տունն է, իսկ «ցավոտ» հարցը` ինքնահոս ջուրը

«Մենք ամեն ինչ ունենք»,- գոհ ու վստահ արձագանքեց Ձորաղբյուրի խանութներից մեկի սեփականատեր Արթուր Ղահրամանյանը, երբ նրանից գյուղի խնդիրներով հետաքրքրվեցինք: Արթուրի խոսքով, Ձորաղբյուրում մարդիկ լավ են ապրում, խնդիրներ էլ գրեթե չունեն: Չնայած իր խանութից առեւտուր անողները հաճախ նաեւ պարտքով են ապրանք վերցնում, բայց, միեւնույն է, վճարում են: «Մեկը ռոճիկի է սպասում, մեկը` թոշակի, մեկը` նպաստի, մեկը Ռուսաստանում է, տալիս ես` ասում է` ամսվա վերջին կտանք, տալիս ենք»,- պատմում է Արթուրը: Մեր դիտողությանը, թե գուցե Ձորաղբյուրում միայն խանութպաններն են լավ ապրում, Արթուրը անկեղծանում է. «Խանութատերերի վիճակն ավելի վատ է, ձմեռը սաղ գյուղին  կսկսենք պահելը, մինչեւ գարուն»: 

Ձորաղբյուրը ձմռանը դատարկվում է, ամառանոցների բնակիչները գնում են մայրաքաղաք, եռուզեռ վերսկսվում է գարնանը: Այդ ամիսներին գյուղացիները աշխատանք են ունենում` ամառանոցներն են հսկում, այգիները խնամում, ծառերը էտում, տնկիներ վաճառում եւ այլն: Մեխանիզատոր Մանվելը, ով իր էքսկավատորով շինարարություն է անում, պատմում է, որ ամռանը նաեւ շինարարական եռուզեռ է լինում, կառուցապատումներ եւ այլն, այսինքն` գյուղացիներն ամռանը նաեւ շինարարությամբ են կարողանում գումար վաստակել: Մյուսներն էլ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ են զբաղվում: Գյուղի բնակչության մի մասն էլ Երեւանում է աշխատում:

Երեւանից 20 կմ հեռավորության վրա գտնվող իր ամառանոցներով հայտնի Ձորաղբյուրը Կոտայքի մարզի լավագույն համայնքներից է համարվում: Համայնքի ղեկավար Արայիկ Մուքայելյանը իր ղեկավարած համայնքը համեմատում է Ջրվեժ, Առինջ եւ քաղաքամերձ այլ համայնքների հետ:

1999 թվականից ընտրված համայնքապետը հպարտորեն պատմում է, որ հասցրել է գյուղի խնդիրները լուծել` ջրագծերն անցկացվել են, փողոցներն` ասֆլատապատվել ու լուսավորություն է անցկացվել, մեկ տարի առաջ 60-տեղանոց մանկապարտեզ են կառուցել, որտեղ այժմ 58 երեխա է հաճախում: Գյուղի քառամյա զարգացման ծրագրում ընդգրկված խնդիրներից անլուծելի է մնացել միայն մշակույթի տան կառուցումը: Եթե հաջորդ տարի ֆինանսական միջոցներ լինեն, մշակույթի տունն էլ կկառուցեն: Եվս մեկ, համայնքապետի բնորոշմամբ, «ցավոտ» խնդիր էլ կուզենային վերջնականապես լուծել ֆինանսավորում ունենալու դեպքում. 5-6 կմ հեռավորությունից ինքնահոս ջուրը հասցնել գյուղ:

Գյուղում խմելաջուրը մղվում է պոմպերի միջոցով, որը էլեկտրաէներգիայի բավականին մեծ գումարներ է կուտակում, եւ բնակիչներն ի վիճակի չեն վճարել այդքան, այդ պատճառով օրական 8-12 ժամ է մատակարարվում: «Ուզում ենք այդ 7-8 լիտրը բերենք, որ ինքնահոս ջուր լինի»,- ասում է Արայիկ Մուքայելյանը: Համայնքապետի մոտավոր հաշվարկներով մոտ 40-50 մլն դրամ կպահանջվի ինքնահոս ջուրը գյուղ հասցնելու համար:

Քանի որ հաշվիչներ չեն տեղադրված, խմելաջուրը գյուղացիները նաեւ ոռոգման նպատակներով են օգտագործում` ոռոգում են տնամերձ հողամասերը, որովհետեւ գյուղի որոշակի հատվածներում ոռոգման ջուր չկա: «Իմ կարծիքով, ես դրանք պիտի հասցնեմ անել, որ ինքս իմանամ իմ հարազատ գյուղի համար մի բան արել եմ»,- ասում է Արայիկ Մուքայելյանը:

Ավելի քան 2100 բնակիչ ունեցող Ձորաղբյուր համայնքի բյուջեն 65-70 մլն-ի շրջանակներում է: Գյուղում բոլոր աշխատանքները համայնքային բյուջեով են իրականացվել: Համայնքի ղեկավարն ասում է, որ նախկինում գյուղացիները դժվարությամբ էին հարկերը վճարում, վերջին 3-4 տարիներին է, որ կարողանում են հարկերն ամբողջությամբ հավաքագրել:

Վերջին 2 տարիներին գյուղում նկատելի է անասնապահության զարգացման միտումը, ինչը համայնքապետը պայմանավորում է նրանով, որ գյուղմթերքը` պանիրն ու միսը արժեք են ունեցել: Համայնքի հողերի 70%-ը գյուղացիները մշակում են: Հողի մշակումը խթանելու նպատակով այս տարվա գարնանը համայնքապետը դիզվառելիք է բերել համայնքի միջոցներով եւ խրախուսել գյուղացիներին, որ գնեն ու ցանքս կատարեն: «Ասացի` ով ինչքան ուզի վար ու ցանք անի, ես ձրի վառելիք եմ տալու: Կոմունիստների ժամանակ էդքան շատ վար ու ցանք չէր եղել, ինչքան այս տարի»,- պատմում է Ա. Մուքայելյանը: Բարեբախտաբար, տարին բարենպաստ է եղել, եւ գյուղացիները եկամուտ են ունեցել:

Ձորաղբյուրում սոցիալապես անապահով ընտանիքների թիվը, համայնքապետի ասելով մեծ չէ, քանի որ համայնքը Երեւանին մոտ է, աշխատատեղերի խնդիրը համեմատաբար լուծված է:  Չնայած գյուղի կենսապայմանների բարելավմանը, ծնելիությունը շուրջ 20%-ով նվազել է Ձորաղբյուրում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր