HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացած նորածնի ծնողները դժգոհ են բժշկին տրված պատժից

2010 թ. նոյեմբերի 22-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը մեծ դժվարություններով ու բարդություններով ծնվել է Ծովինար Համբարյանի որդին' 4,2 կգ քաշով եւ 54 սմ հասակով: 5 օր նրա կյանքի համար պայքարելուց հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նորածնին:

Ալբերտ Աբգարյանը եւ Ծովինար Համբարյանը իրենց առաջնեկի մահվան մեջ մեղադրում են ծնունդն ընդունող բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանին: Մինչ ծննդաբերելը մայրը' Ծովինարը, մի քանի անգամ խնդրել է կեսարյան անել, իսկ բժիշկը դա ուշադրության չի արժանացրել, ինչի հետեւանքով փոքրիկը 5 օր անց մահացել է թթվածնի քաղցից:

Ալբերտ Աբգարյանը եւ Ծովինար Համբարյանը բողոքել են: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ստեղծել էր հարցը քննող հատուկ հանձնաժողով, որն իր եզրակացության մեջ արձանագրել էր, որ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը կատարել է բժշկական սխալ, պատշաճ ուշադրության չի արժանացրել ծննդկանի' կեսարյան հատմամբ ծննդալուծվելու համառ պահանջը եւ անհիմն մերժել է:

Ծննդկանի նկատմամբ չի ցուցաբերել անհատական ճկուն մոտեցում, հաշվի չի առել հոգեբանական սթրեսը, խիստ տրամադրվածությունն ու համառ պահանջը' ծննդալուծվել կեսարյան հատմամբ: Պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն, հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարարվել էր խիստ նկատողություն հայտարարել բժշկին:

Նկատողությունը տրվել է, իսկ Դավիթ Աբովյանին ուղարկել են Ալավերդու հիվանդանոց' 3 ամիս ժամկետով:

Նախարարի օգնական Շուշան Հունանյանը «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ Ալավերդիում մշտապես գինեկոլոգի խնդիր կա: Հարցին' արդյոք արդարացվա՞ծ է մարզ ուղարկել մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարած եւ նկատողություն ստացած բժշկին, պատասխանել էր. «Ինքը վատ բժիշկ չէ, ուղղակի խնդիր է առաջացել»:

Մինչդեռ Ալբերտ Աբգարյանը նշում է, որ նույն բժշկին' Դավիթ Աբովյանին, նախկինում հեռացրել են նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Իսկ նա հղիներին գայթակղել է «Դոպլեր» կոչվող գունավոր ուլտրաձայնային հետազոտող սարքավորմամբ:

«Դա փողաբեր գործ է, դրա համար էլ բժիշկները չեն ուզում իրենց գործընկերոջը «քցել»: Բժիշկը նախկինում էլ չի պատժվել: Եվ այստեղ միայն իմ երեխայի հարցը չէ. բոլորը կարող են նույն իրավիճակում հայտնվել,- ասում է Ալբերտը:- Կինս գիշերը զանգում է, ասում է' ցավեր ունեմ արդեն, բժիշկն էլ ասում է' «Նոշպա» խմիր, պառկիր քնելու»:

Շուշան Հունանյանը հաստատեց այդ տեղեկատվությունը, որ Դավիթ Աբովյանը հեռացված է եղել «Էրեբունի» բժշկական կենտրոնից' բժշկին ոչ վայել վարքագիծ դրսևորելու համար:

Ծովինարը պատմում է, որ ՀՀ ԱՆ Պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի պոլիկլինիկայում մշտապես հետազոտվել է, հղիության ողջ ընթացքն անցել է հարթ, առանց բարդությունների:

Հետազոտությունների ու անալիզների պատասխանները միշտ դրական են եղել, իսկ պտղի զարգացման ընթացքը' մշտական հսկողության տակ: Նոյեմբերի 1-ից ընտրել է ծնունդն ընդունող բժշկին' Դավիթ Աբովյանին, եւ զննության գնացել նրա մոտ: Վերջինս նույնպես հավաստել է, որ ամեն ինչ նորմալ է ընթանում:

«Նոյեմբերի 9-ին' երեկոյան ժամը 19:30-ի հատվածում, կարծեցի, թե պտղաջրերի արտահոսք է տեղի ունենում, շտապ կապվեցի Դավիթ Աբովյանի հետ: Նա ասաց, որ քաղաքում չի, ասաց' գնա թող հերթապահ բժիշկը նայի. եթե կարիք լինի, նոր ես կգամ»,- պատմում է Ծովինարը:

Նրան տարել են հիվանդանոց, հերթապահ բժշկուհին ներզննում է կատարել եւ ասել, որ հնարավոր է' գիշերը ցավերը սկսվեն, նույնը հեռախոսով ասել է բժիշկ Աբովյանին: Վերջինս առաջարկել է սպասել մինչեւ առավոտ' մինչեւ ինքը գա հիվանդանոց: Առավոտյան' ժամը 9:00-ին, Դավիթ Աբովյանը եկել է հիվանդանոց, ներզննում կատարել եւ ասել, որ ծննդաբերական գործընթաց դեռ չի սկսվել, առաջարկել է գնալ տուն եւ սպասել բնական ցավերին:

«Ես հարցրի, որ եթե բնական ցավերը չսկսվեն, ի՞նչ ենք անելու: Նա ասաց, որ պտուղը մեծ է, արհեստական ցավեր չեն կարող տալ. հակացուցված է: Ես հարցրի' եթե արհեստական ցավեր չի կարելի, իսկ բնական ցավերն էլ ամեն դեպքում չեն սկսվում, ի՞նչ պետք է արվի. արդյոք այդ դեպքում կեսարյան հատում չի՞ արվում: Նա ասաց' կգաս կտեսնենք. եթե քո ցավերով չազատվես, կեսարյան հատում կանենք: Ես կրկին խնդրեցի, որ պարտադիր կեսարյան հատում անեն' հաշվի առնելով պտղի քաշը, սակայն խնդրանքս մնաց անպատասխան»,- պատմում է Ծովինարը:

Նոյեմբերի 21-ի երեկոյան' ժամը 22:00-ի հատվածում, Ծովինարի ծննդաբերական ցավերը սկսվել են: Զանգահարել են բժիշկ Աբովյանին եւ տեղեկացրել այդ մասին: Բժիշկն ասել է, որ եթե ուժեղ չեն ցավերը, «Նոշպայի» 2 հաբ խմի եւ քնի, իսկ առավոտյան գա իր մոտ: Ծովինարը կատարել է բժշկի ցուցումը, եւ ցավերը թուլացել են:

Առավոտյան' ժամը 8:30-ին, գնացել են հիվանդանոց: Սակայն մինչեւ ժամը 12:00 ոչ մի որոշում չի կայացվել Ծովինարի վերաբերյալ: Բուժքույրը, բժշկի ցուցումով, ցանկացել է «ստիմուլյացիա»' արհեստական ցավեր առաջացնող սարքը միացնել, ինչին ընդդիմացել է Ծովինարը: Բայց բուժքույրն, այնուամենայնիվ, միացրել է «Օքսիտոցին» եւ, իր ասելով, մաքուր հեղուկ, բայց հետագայում ծնարանում պարզվել է, որ դա եւս արհեստական ցավեր առաջացնող դեղ է եղել:

«Ես ուսումնասիրել եմ «Օքսիտոցին» դեղի օգտագործման ուղեցույցը, ըստ որի' հակացուցված է «Օքսիտոցինի» ներարկումը մեծ պտղի (գլխի մեծ չափեր ունեցող պտղի) պարագայում»,- նշում է Ծովինարը:

Բժիշկն այցելել է Ծովինարին ժամը 15:00-ի հատվածում: «Ես նրան կրկին խնդրեցի, աղաչեցի կեսարյան հատում անել, քանի որ զգում էի, որ այս ձեւով անհնար է ծննդաբերել: Նա առանց հիմնավորման մերժեց' ցուցաբերելով ծայրահեղ անտարբերություն, հեռացավ' առանց որոշակի պատասխան տալու,- հիշում է Ծովինարը:- Ուսումնասիրելով մասնագիտական գրականությունը եւ բժշկական պրոտոկոլները' բոլոր տեղերում գրված է, որ եթե 2 ժամ շարունակ ստիմուլյացիա է միացվում, եւ բավարար չափով բացվածք չի առաջանում, անհրաժեշտ է դադարեցնել ստիմուլյացիան եւ անհապաղ կեսարյան հատում անել, քանի որ երկար ժամեր միացված ստիմուլյացիան կարող է վնասել պտղին: Այնուամենայնիվ, ստիմուլյացիան ինձ միացված մնաց 5 ժամ շարունակ, մինչեւ բուն ծննդաբերական գործընթացը, որի ընթացքում շարունակ միացած էր եւս 3 ժամ»:

Ժամը 17-ին բուժքույրը տեղափոխել է Ծովինարին ծնարան եւ ճիգեր գործադրելու ցուցումներ տվել: «Ժամը 18-ի սահմաններում, առանց ինձ ասելու, թե ինչ է անում, բաց թողեց պտղաջրերը եւ, ինչպես ինքը հետո խոստովանեց, այդ պահին միայն հասկացավ, որ կլինիկական նեղ կոնքեր են, եւ որ այդ քաշի պտուղը շատ դժվարությամբ դուրս կգա այդ կոնքերից»,- շարունակում է Ծովինարը:

Նա հիշում է, որ մոտ 45 րոպե ճիգեր գործադրելուց հետո' ժամը 19:45-ին, իր ջանքերով ծննդաբերել է, բայց երեխան առաջին ճիչը չի արձակել: Ինտենսիվ վերակենդանացման բաժնի աշխատակիցները մոտ երեք րոպե երեխայի շնչառությունը վերականգնելու ջանքեր են գործադրել, բայց երեխան մեծ քանակությամբ պտղաջուր էր կուլ տվել:

«Երբ մանկաբույժները փորձում էին հատուկ սարքի միջոցով բերանից ջուրը քաշել, երեխան հազում էր»,- ասում է Ծովինարը: Իսկ երբ երեխայի կյանքը փրկելու հույս այլեւս չի եղել, ըստ Ծովինարի' բժիշկները շրջանառության մեջ են դրել այն ինֆորմացիան, թե իբր ներարգանդային ինֆեկցիա է եղել: Մինչդեռ հղիության ողջ ընթացքում կատարված անալիզների պատասխանները եղել են դրական, ոչ մի ինֆեկցիա չի հայտնաբերվել:

Ծովինարն ասում է, որ ծանր ծննդաբերական գործընթացը վնասներ է պատճառել նաեւ իր առողջությանը, եւ վերականգնումը բավական երկար է տեւել: «Ակնհայտ է, որ երեխաս կյանքից զրկվեց բժիշկների սխալի պատճառով»,- համոզված է Ծովինարը: Դրանից ելնելով' նա պահանջել է քրեական գործ հարուցել, ստեղծել անկախ հանձնաժողով, որն իրավաբանորեն կհաստատի բժիշկների կատարած սխալը: Նա նաեւ միջնորդել է վերցնել անալիզներ, որոնց արդյունքում կպարզվի, որ ինքը ինֆեկցիա չունի եւ չի էլ ունեցել:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, ինչը ենթադրում է բժշկի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, որն էլ առաջացրել է տուժողի մահ: Հոդվածը նախատեսում է 2-6 տարի ազատազրկում, ինչպես նաեւ 3 տարի ժամկետով մասնագիտական պարտականությունները կատարելու իրավունքից զրկում: Ծովինարը ճանաչվել է տուժող: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter