
LegalLeaks toolkit կամ «Ինչպես տեղեկատվություն ստանալ կառավարությունից». նոր ուղեցույց՝ լրագրողների համար
Այսօր՝ մամուլի ազատության միջազգային օրը, Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆալուլտետում LegalLeaks toolkit կամ «Օրինական ճանապարհով տեղեկություններ ստանալու ձեռնարկ»-ի շնորհանդեսն էր: Այն կազմակերպվել էր ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ: Լրագրողների համար նախատեսված այս ուղեցուցը պատրաստել են Access Info Europe եւ գերմանական n-ost կազմակերպությունները, իսկ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն թարգմանել և տեղայնացրել է այն՝ ՀՀ օրենսդրությանը համահունչ: «Օրինական ճանապարհով տեղեկություններ ստանալու ձեռնարկ»-ի նպատակն է օգնել լրագրողներին և քաղաքացիներին օգտվել տեղեկատվության մատչելիության իրավունքից իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս: Ուղեցույցում մանրամասն ներկայացված են եվրոպական երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում գործող տեղեկատվության մատչելիության օրենքները: Գրքում արծարծված են նաև տեղեկատվության անվտանգության հարցերը, ներկայացված՝ տեղեկատվության պահպանման և անվտանգ փոխանցման մեխանիզմները:
Շնորհավորելով ներկաներին մամուլի ազատության օրվա կապակցությամբ՝ «Հետքի» փոխխմբագիր և ուղեցույցի խմբագիր Լիանա Սայադյանն ասաց. «Մաղթում եմ, որ մենք մեր գործունեությունն իրականացնելիս երբեք չհանդիպենք խոչընդոտների, կարողանանք իսկապես կատարել մեր առաքելությունը: Մենք բոլորս գիտակցում ենք, որ շատ կարևոր դերակատարություն ունենք մեր երկրի ներկան և ապագան ավելի լավը դարձնելու գործում: Լրագրողներն են հասարակական փոփոխությունների շարժիչը»:
Շնորհանդեսից հետո Լիանա Սայադյանը եւ «Հետքի» թղթակից Քրիստինե Աղալարյանը պատասխանեցին ուսանողների հարցերին: Դրանք վերաբերում էին պրակտիկայում տեղեկատվություն ստանալու խոչընդոտներին, եվրոպական երկրների փորձին՝ տեղեկատվության ազատության օրենքների կիրառման տեսանկյունից, հետաքննական լրագրության առանձնահատկություններին:
Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ:
Լուսանկարները՝ Սամվել Ղայթմազյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել