HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախստական Անժելա Հարությունյանը 15 տարի է` պայքարում է Շորժայի գյուղապետի դեմ

37-ամյա Անժելա Հարությունյանը 15 տարի է` ինչ պայքարում է Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանի դեմ:

Անժելան Բաքվից փախել է 1990-ականների սկզբին: 1993-ին նշանակվել է Շորժա գյուղի մշակույթի տան ղեկավար: 1996-ին մշակույթի տունը գործկոմիտեից տեղափոխվել է գյուղապետարանի տրամադրության տակ, և Անժելայի ղեկավարի պաշտոնը ստանձնել է գյուղապետ Սուլիկո Շուշանյանը:

Աժելան պատմում է, որ այդ տարիներին աշխատակիցները կայուն աշխատավարձ չէին ստանում, երբեմն մի քանի ամիսների աշխատավարձը միանգամից էին ստանում: 1996-ին նման մի ժամանակահատված է եղել, երբ Անժելա Հարությունյանի` աշխատավարձի ուշացման մասին հարցերին միշտ նույն պատասխանն է տրվել. «Փող չկա»: Երբ աշխատավարձերը շատ են ուշացրել, 1997-ն Անժելան սկսել է հետաքրքրվել, թե ինչու է այդչափ ձգձգվել աշխատավարձերի վճարումը և պարզել է, որ իր ստորագրությունով և իր փոխարեն գյուղապետն է ստացել իր մեկ տարվա աշխատավարձը: Անժելա Հարությունյանը դիմել է դատախազություն:

«Եվ ինչպես հաճախ լինում էր այն ժամանակ` փոխարենը նրան մեղադրեն ստորագրության կեղծման մեջ, օտար փողերի յուրացման համար, պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, ամեն ինչ թեքվեց իմ դեմ: Որպեսզի ինձ չտա գումարը և միաժամանակ մնա անմեղ, Շուշանյանը որոշեց մեղադրել ինձ գույքի անսարքության և վնաս հասցնելու մեջ»,- պատմում է Անժելան:

Անժելայի դեմ հարուցված գործը հանցագործության փաստերի բացակայության պատճառով դատախազը որոշել է կարճել, որից հետո գյուղապետը ստիպված է եղել վերադարձնել Անժելայի աշխատավարձը և առանց որևէ հիմնավորման աշխատանքից ազատել է նրան: Սակայն մինչ օրս Անժելան հեռացման հրամանը չի ստացել:

Երբ Անժելան ուզեցել է գործազրկության թոշակ ձևակերպել, նրան մերժել են, նախ` որովհետև աշխատանքային գրքույկ չի ունեցել, հետո` չի ունեցել հեռացման հրաման: Իսկ Հայաստանի ազգային արխիվի տրամադրած տեղեկանքը ի վնաս Անժելայի է եղել: Հայաստանի ազգային արխիվի Ճամաբարակի տարածքային ներկայացուցչությունում ուսումնասիրվել են Կրասնոսելսկի շրջանային խորհրդի գործկոմի մշակույթի բաժնի հրամանագրերը: Ուսումնասիրությունից պարզվել է, որ Անժելա Հարությույանը 1993թ.-ին N հրամանով նշանակվել է մշակույթի տան տնօրեն: «Անժելա Հարությունյանի աշխատանքից ազատվելու վերաբերյալ արխիվային նյութեր չկան»,- գրված է Հայաստանի ազգային արխիվի գրությունում:

Գյուղապետ Սուլիկո Շուշանյանից դժվարությամբ կարողացանք փաստերը ճշտել: Գյուղապետն ասում է, որ Անժելան աշխատել է գյուղսովետում մինչև 1996 թվականը, իսկ գյուղապետրանը գյուղսովետի իրավահաջորդը չէ, Անժելան գյուղապետարանի աշխատող որպես այդպիսին չի եղել: Ավելին, մշակույթի տուն Շորժան չի ունեցել: 1996 թվականին ընդունել են «ավերակ մի շենք», որը հանձնաժողովը սեփականշնորհել և տրամադրել է մի փախստականի: Հիմա Շորժան համայնքային կենտրոն ունի: «Շորժայի գյուղապետարանում ինքը երբևիցե չի աշխատել»,- պնդում է գյուղապետը:

Երբ հարցրինք, թե ինչպես է վերադարձրել Անժելայի մեկ տարվա աշխատավարձը, եթե նախկինում չէր պահել և գյուղապետարանի աշխատակից չէր եղել, Ս.Շուշանյանը դժվարացավ հստակ պատասխան տալ. «Ես հիմա մանրամասնությունը կարող է չհիշեմ, բայց իրենք գյուղական խորհրդի վերջին ամիսներին` ինչ-որ էտապ չէին ստացել աշխատավարձ, բայց հետո Անժելան ստացել է իր աշխատավարձը, արձակուրդայինը, ստացել է նաև էդ որ աշխատանքից ազատվելու է` ոնց է կոչվում...վերջնահաշվարկ, ստացել է բոլորը, և եթե ես չեմ սխալվում, և ինքը գրել է էդ ժամանակ, որ գյուղապետարանի հետ ոչ մի պարտք ու պահանջ չունի»:

Աշխատավարձի յուրացման փաստը գյուղապետ Շուշանյանը «սուտ» որակեց` կրկին մեկնաբանելով, որ ինքը չէր կարող յուրացնել Անժելայի աշխատավարձը, քանի որ վերջինս իր մոտ երբևէ չի աշխատել: Եթե գյուղապետարանի աշխատող չի եղել, ինչպե՞ս եք վերջնահաշվարկ կատարել` մեր հարցին էլ պատասխանեց. «Ես արդեն դա չեմ կարող հիշելով ասել, պետք է նախկին հաշվապահին գտնեմ, ասեմ` ոնց է արվել, նոր ձեզ պատասխանեմ, որովհետև դա 15 տարվա առաջվա բան է: Ես պետք է իրեն գտնեմ, ասի` ոնց ենք արել, ես էլ Ձեզ ասեմ, ցավդ տանեմ»:

Գյուղապետը պատրաստակամություն հայտնեց Անժելայի աշխատանքային գրքույկը տրամադրել, եթե վերջինս դիմի իրեն այդ հարցով: «Թող դիմի, օրենքը թույլ է տալիս, որ երեք հոգու վկայությամբ վերականգնենք իր աշխատանքային գրքույկը: Անժելան երբևիցե չի դիմել»: Անժելան էլ ասում է, որ դիմել է, գյուղապետը չի տրամադրել: Իսկ երբ Անժելան գնացել է Կրասնոսելսկի շրջանային խորհրդի գործկոմի մշակույթի բաժին, նրան ասել են, որ Անժելային չեն հեռացրել, այլ իր հաստիքը փոխադրել են գյուղապետարանին:

«Էդ աղջիկը գրում է բոլոր նախագահներին, ինչքան նախագահ ունեցել ենք, անգամ Թուրքիայի նախագահին, անգամ մարզպետներին, գրել է: Էլեկտրական հոսանքի տղերքի վրա, գազի վրա է գրում: Իրենց փեշակը գրելն է»,- հավելում է Սուլիկո Շուշանյանը:

Այս հարցով Անժելան իսկապես արդեն շատերին է դիմել, նույնիսկ պատգամավոր Սպարտակ Մելիքյանին, ով, սակայն, չի էլ պատասխանել Անժելային: Անժելան ենթադրում է, որ պատգամավորը չի պատասխանել, որովհետև սերտ հարաբերություններ ունի գյուղապետի հետ:  Անժելան դիմել է Հելսինկյան կոմիտեին, Հելսինկյան Ասոցիացիային, այն ժամանակվա մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին, իրավապաշտպան կազմակերպություններին:

Անժելան Բաքվի փախստական է, որպես փախստական դիմել է նաև ՄԱԿ-ին և միջազգային այլ կառույցների: «Ես ուզում եմ նրանից փոխհատուցում, ինքը այդքան տարի ինձ աշխատանքից չի հեռացրել փաստացի, նա ինձ ազատել է ապօրինի, ինձ նույնիսկ աշխատանքային գրքույկ ու ազատման հրաման չի տվել, որով ես դատարան մտնեի ու վերականգնվեի աշխատավայրում: Ուր գնում եմ, ասում են, որ ես աշխատում եմ, ազատված չեմ»,- ասում է Անժելան: 

Մեկնաբանություններ (1)

Մեսրոպ
Բա էմ ոսկե պալատները որնց սարքեր, մի իրա տուն գնացեք տեսեք, նրա ունեցվածքը, մի փոքրիկ ստալինա տարածաշրջանում, օգտվելով գաղթականների թույլ վիճակից Արծվաշենցիներով արծիվ են Կրասնիի ու սեւանի ափերի գյուղերում, աղպերը մի գյուղի, հորեղբոր տղաները ամեն մեկը մի գյուղի ֆեոդալա ու ապրում են տղերքը,էտի իրանց բիզնեսնա, գյուղապետի բեզբեսով են զբաղված: Երեանում տուն մուն երեխեքի համար, մաշինեք տեսակ տեսակ ջիփեր,Շուշանյանի դեմ, չեն կարա պայքարեն, նա էնաքանա ՚՚«Հաբրգաց» ամեն տեղ իրա շոշափուկներ կապերով չէ,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter