HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակ. ու՞ր կորան փողերը

Այս տարվա սեպտեմբերին տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի միջոցառումների շրջանակում Վանաձորում եւ Գյումրիում անցկացվել է միջհամայնքային մշակութային ցուցահանդես եւ մրցույթ-փառատոն: Հայտարարվել է մրցույթ 14 անվանակարգերում: Սակայն մինչ օրս փառատունում հաղթող հաստատությունների կամ անհատների մեծ մասը չի ստացել խոստացված պարգեւը: Ավելին, փառատոնի սկզբում բոլոր համայքներն ու մշակույթի հաստատությունները ստացել են կանոնադրությունը եւ պայմանները, որտեղ գրված է եղել նաեւ մրցանակային գումարի չափերը: Օրինակ` լավագույն գրադարանի համար 1 մլն դրամ, լավագույն մշակութի տունը` 1 մլն դրամ, լավագույն թատերական խումբը` 2 մլն դրամ եւ այլն:

Մինչդեռ փառատոնում հաղթած մասնակիցներից մի քանիսը, որոնց արդեն գումարը փոխանցվել է, նախօրոք հայտարարվածից ավելի քիչ են ստացել` 300 հազար դրամ:

Ալավերդու դրամատիկական թատրոնը հաղթել է «Լավագույն թատերական խումբ» անվանակարգում` արժանանալով առաջին մրցանակին: Թատրոնի ռեժիսոր Հրաչյա Պապինյանն ասում է, որ թատրոնը պետք է 2 մլն դրամ ստանար: Նախատեսել էին, որ այդ գումարով անհրաժեշտ սարքավորումներ կառնեն, եւ խումբը Ղարաբաղ կգնա հյուրախաղերի, սակայն այժմ հույս չունեն, որ կստանան նույնիսկ այդ 300 հազար դրամը: «Էդ մրցանակները 7 գաղտնիքի տակ են, այդպես էլ չենք հասկանում` տալո՞ւ են, չե՞ն տալու, ե՞րբ են տալու, ոչ մեկը չի կարողանում ասել: Զանգում եմ Ալավերդու քաղաքապետարանի մշակույթի բաժին, տեղյակ չեն, մարզպետարանի մշակույթի բաժինը տեղյակ չի, չենք կարողանում ճշտել»,- ասում է Հ. Պապինյանը:

Նա նաեւ նշում է, որ դերասաններին էլ թվում է, թե այդ գումարները ռեժիսորն ինչ-որ ճանապարհով ստացել է, բայց չի ասում այդ մասին: Նրանք ամեն օր զանգում ու հետաքրքրվում են, թե ինչ տեղեկություններ կան սպասված մրցանակից: Մասնակիցները հույս են ունեցել, որ նոյեմբերի 10-ի միջոցառմանը բոլորին կհրավիրեն եւ կհանձնեն մրցանակները, սակայն չեն հրավիրել:

Մրցույթին նախապատրաստվելու համար Ալավերդու դրամատիկական թատրոնը բավականին ծախսեր է կատարել: «Մենք մենակ մի գրուզավիկ էինք վարձել` դեկորացիան տանելու, ավտոբուս էինք վարձել` դերասաններին տանելու, օրապահիկ էինք տվել, նոր հատուկ բեմադրություն էինք արել, զգեստ էինք պատվիրել»,- ասում է ռեժիսորը:  Բայց Հ. Պապինյանն այնքան ֆինանսական կողմը չի կարեւորում, որքան բարոյականը. «Երբ փառատոնը եղավ, ասացինք` վերջապես 20 տարվա մեջ մշակույթի նախարարության կամ տարածքային իշխանությունների կողմից ուշադրություն է դարձվում»:

Ստեփանավանի քաղաքային գրադարանը հաղթողների ցուցակում է: Գրադարանի տնօերն Էլմիրա Քեղինյանն ասում է, որ մրցույթին հավուր պատշաճի են պատրաստվել` յուրահատուկ տաղավար կազմել եւ ձեւավորել, գրքույկներ տպագրել, այլ կերպ ասած` լուրջ են մոտեցել: Դրա համար մեծ ծախսեր են պահանջվել: Ցուցադրությանը պատրաստվելու, ինչպես նաեւ ճանապարհածախսը հոգալու համար ավելի քան 500 հազար դրամ է ծախսվել: Էմիլիա Քեղինյանը, սակայն, նույնպես տեղյակ չէր, թե ինչու է խոստացված 1 մլն դրամից մրցանակի գումարը նվազել` դառնալով 300 հազար դրամ: Միայն ասել են, որ իրենց կփոխանցվի 300 հազար դրամ: «Ոչ մի բանից տեղյակ չենք, պատկերացրեք, որ չկարողացանք ոչ մեկից իմանալ: Մնացած նոմինատներից էլ եմ հետաքրքրվել, ոչ մեկն էլ կարծես թե գաղափար չունի»,- ասում է տնօրենը:

Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության Մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանը նույնպես տեղյակ չէր, թե ինչու գումարները չեն տրամադրել, ինչու են նվազեցվել գումարները: Արամ Ռեւազյանը հայտնեց, որ գումարային մրցանակներ Լոռու մարզից դեռեւս ստացել են միայն Ստեփանավանի մշակույթի տունն ու քաղաքային գրադարանը, թեեւ ամենաշատ անվանակարգեր իրենց մարզն է ստացել: 

«Հետքի» ընթերցողների մեկը մրցույթ-փառատոնի առիթով նույնպես մտահոգություն է հայտնել կայքի մեկնաբանությունների դաշտում` նշելով, որ մրցույթ-փառատոնն անցկացվել է սարսափելի անկազմակերպ. «...Ներեցեք ինձ եթե «բարդակ» ասեմ այդ ամենին. լրիվ դատարկ դահլիճներ, խմբերը ժամանում էին նշված վայր, ոչ մեկը տեղյակ չի, ոչ ոք չգիտի` ով է պատասխանատուն:...Ո՞ւր է գնացել նրանցից գողացված գումարները, այն դեպքում երբ բոլոր նշված այդ կոլեկտիվները ավելին են ծախսել մասնակցելու համար, քան այդ ասված ու դեռ տարօրինակ ստվերիային գործողություններ կատարվող 300 000 դրամը: Ո՞ւր կորան փողերը: Ո՞ւմ էր պետք էդ փառատոնը, եթե հանդիսավոր հայտարարում են` էսպես ու էնեպես ու հետո փողերը կրճատ անում, չէին կարողանում չանեին, ո՞վ էր խնդրում»:

Միջհամայնքային մշակութային ցուցահանդեսի եւ փառատոնի կազմակերպիչները ՀՀ  տարածքային կառավարման եւ մշակույթի նախարարություններն են: Տարածքային կառավարման նախարարությունն իրականացրել է միջոցառման կազմակերպչական  եւ տեխնիկական աջակցությունը: Ֆինանսական կարգադրիչը մշակույթի նախարարությունն է` ի դեմս «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի: Նշյալ ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանը հաստատեց, որ նախնական կանոնադրության մեջ գրված մրցանակներն իսկապես ավելին էին, սակայն հետո բազմաթիվ քննարկումներ են եղել, եւ մայիսին որոշվել է այդ մրցանակները բաշխել 2 կամ 3 մասնակիցների միջեւ, որպեսզի շատ մարդիկ կարողանան դրանց տեր դառնալ, ընդ որում, ըստ Գ. Մանասյանի, դա հենց մասնակիցների առաջարկությունն է եղել:  «Վստահ եղեք, որ իրենք տեղեկացված են: Ես բոլոր մարզերում ժողովների եմ մասնակցել, բացատրել եմ` ինչ պիտի լինի, ոնց պիտի լինի եւ այլն: Ով որ չի տեղեկացվել, ուրեմն ինքը հիմք ընդունում է էդ նախնական խոսակցությունները»,- արդարացավ Գ. Մանասյանը:

Վերջինս վստահեցնում է, որ մրցանակները մինչեւ դեկտեմբերի 1-ը կհանձնվեն, քանի որ մինչ այդ պատրաստվում են մեդալները, գովասանագրերը, պատվոգրերը եւ այլն: Հաղթողները կհրավիրվեն տարածքային կառավարման նախարարություն եւ որեւէ արարողություն կլինի: «Թյուրիմացությունն առաջացել է նրանից, որ նոյեմբերի 10-ին համայնքների խորհուրդն էր, մարդիկ մտածում էին, որ այդ օրը պիտի ստանան, բայց դրա հետ կապ չունի մրցույթը»: Մրցանակները կբաշխվեն հետեւյալ կերպ. կոլեկտիվ խմբերը կստանան 500 հազար դրամ, անհատ գործիչները` 250 կամ 300 հազար դրամ: Ըստ Գ. Մանասյանի` ովքեր «Էքսպո» ցուցահանդեսին մասնակցել են տաղավարներով, նրանց մրցանակներն արդեն տրվել են, ովքեր գործունեությամբ են մասնակցել, նրանցը չի տրվել, որովհետեւ պատվոգրերը, մեդալները պատրաստ չեն եղել:

Գ. Մանասյանը նշեց, որ մրցույթ-փառատոնի մրցանակային ֆոնդը 12 մլն դրամ է կազմում: Սակայն ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, պատասխանելով մեր հարցերին, տեղեկացրել է, որ ՏԻՄ 15-ամյակի հոբելյանական միջոցառումների անցկացման նպատակով հովանավորներից ստացված միջոցներից «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միությունը տրամադրել է 15 մլն դրամ, որից 11,1 մլն դրամը` կազմակերպչական ծախսերի, 3,9 մլն դրամը` մրցանակային ֆոնդի համար: Քանի որ ֆինանսական կարգադրիչը մշակույթի նախարարությունն է, միջոցառման մրցանակային ֆոնդի եւ կազմակերպչական ծախսերի մասին հարցեր ուղղեցինք մշակույթի նախարարությանը, սակայն դեռեւս պատասխան չենք ստացել:

Մեկնաբանություններ (1)

Կարեն
Հիմար պտասխան ստացվումա որ հաղոթողները խնդրել են բարոյական ու գեղարվետսկան մակարդակով առաջնորդելու փոծարեն փառատոնի մրցանակային գումարները վերածել ընտանեկան աջակցության գումարների ու բոլորին, նագամ էն խմբերին որ ամոթ էր անգամ փառատոնին մասնակից դարձնել, փող են բաժանել, ուղղակի ֆիլարմոնիայի տնօրենը անձնական շահ է ունեցել , գումարի մի մասը իր ղեկավարած հիմնարկի ծմբինա տվել. որը անգամ ամսնակցելու իրավունք չուներ, քանի որ Երանի ծմբերը իրավունք չունեիյն ամսնակցել, բաըց հո Մանասյանը ամեն ինչի ձեւը գիտի,իրա խումբը գրել էր Արմավիր մարզի անունից, մյուս կողմից երեւի չէր կարա ասեր որ երբ փողը փոխանցել են համայնքների միությանը, հաջորդ օրը մշակույթի նախարարը հաթաթաներով գումարը փոխանցելա տվել Մանասյանի հիմնարկին, դե նրանք գիտեն ինչը որտեղ ծախսել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter