
Ինչ է գնում պետությունը, ումից և ինչ գնով
Եկող տարվանից երկրի գնումների մեծ մասը կկատարվի էլեկտրոնային տարբերակով:
Այսօր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը լրագրողներին ներկայացրեց գնումների էլեկտրոնային համակարգի մանրամասները` նշելով, որ գնումների էլեկտրոնային համակարգը տալիս է միջամտությունից խուսափելու գրավական:
Եթե էլեկտրոնային գնումների համակարգում է գնումներ իրականացվում, ապա այդ պարագայում հնարավոր չէ թղթերին այս կամ այլ կերպ վերաբերվել, փոխել կամ փոփոխել, շուտ կամ ուշ բացել: Այս համակարգը, ըստ ֆինանսների նախարարի, ամբողջովին ապահովելու է մրցակցության բոլոր նորմերը և միևնույն ժամանակ թույլ է տալիս անաչառ անել դա: Համակարգը եվրոպական է, հաշվի է առնված հայաստանյան առանձնահատկությունները:
Գործում է գնումների աջակցման կենտրոնի կայքը, որտեղ առանձին տեսահոլովակով ներկայացվում է պետական գնումների մրցույթին մասնակցելու, գրանցվելու մանրամասները:
2012 թվականից բոլոր մրցութային գնումները կկատարվեն էլեկտրոնային, և էլեկտրոնային գնումների համակարգին կանցնի պետական կենտրոնական կառավարման շուրջ 60 մարմին: Պետական գնումների տարեկան շրջանառությունը մոտ 450 մլր դրամի սահմաններում է: Մրցույթները ընդհանուր գնումների 85 տոկոսն է կազմում: Դա նշանակում է, որ նվազում է թղթատարությունը, հատկապես նվազում է տնտեսվարող սուբյեկտների կապը պետական մարմինների հետ, նրանց կապը գնումների աջակցման կենտրոնի հետ: «Մենք պարտադիր ենք համարում, որ յուրաքանչյուր անձ, ով տնտեսվարող առաջարկ կներկայացնի, անպայման գրանցվի գնումների աջակցման կենտրոնում, որովհետև այդ դեպքում մենք կկանխարգելենք, որպեսզի կեղծ հայտեր ձևավորվեն և կեղծ մրցույթներ լինեն»,- ասում է նախարար Գաբրիելյանը:
Թղթատարությունը հետագայում էլ ավելի կրճատելու նպատակով կառավարությունն արդեն իսկ որոշում է ընդունել նախաորակավորված հնարավոր մասնակիցներին խրախուսել, որպեսզի վերջիններս ավելի շատ մասնակցեն և առաջարկներ ներկայացնեն. եթե 3 տարվա ընթացքում 5-ից ավելի բարեխիղճ առաջարկ է եղել և համապատասխանել է մի շարք պայմանների, ապա որոշ փաստաթղթեր, որոնք վերաբերում են ձեռնարկությանը, նորից ներկայացնելու կարիք չի լինի, օրինակ` ձեռնարկության հաշվիների, պատմության մասին տեղեկությունները: Միայն պահանջվելու է կոնկրետ առաջարկը: Ըստ Վ. Գաբրիելյանի, սա կխնայի թե պետական համակարգի աշխատակիցների, թե գործարարների ժամանակը, ինչպես նաև հասարակության ժամանակն ու ռեսուրսները:
Էլեկտրոնային համակարգը նաև թափանցիկություն է պահովելու: Հրապարակվելու են տեղեկանքներ, որտեղ շրջանակային համաձայնագրերով կատարված գնումներն են ներկայացված` ապրանքի անվանումը, առաջարկված նվազագույն ու առավելագույն գինը և այլն: Ներկայացվում են նաև կնքված պայմանագրերը: Այսինքն` կարելի է տեսնել, թե պետական ապարատը յուրաքանչյուր ապրանքն ինչ գնով է ձեռք բերում, ումից, ասենք` թե ինչքան բենզին են գնել նախարարությունները, նվազագույն գինը որքան է, միջինը որքան է կազմել, որ ընկերությունից է գնել և այլն: «Սրանով, կարծում եմ, մենք էական քայլ ենք անում` պետական ֆինանսների թափանցիկության»,- ասում է նախարարը:
Գնումների էլեկտրոնային համակարգի ներդրումն իրականացվել է Համաշխարհային բանկի միջոցներով, սակայն թե որքան են կազմել այդ միջոցները, նախարարը չկարողացավ թիվը հիշել: «Հետքի» հարցին, թե որքան է տնտեսելու պետական բյուջեն այս համակարգի ներդրմամբ, նախարարը պատասխանեց, թե կոնկրետ հաշվարկներ չեն կատարված:
Վաչե Գաբրիելյանի խոսքերով` համակարգի ներդրումով կոռուպցիոն ռիսկերը էապես նվազեցված են: «Համակարգը այդ ձևով է նախագծված, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը վերացվեն: Հնարավոր չէ, որ դուք հայտ տաք, ձեր հայտը փոխեն, հնարավոր չէ, որ դուք հայտ տաք, որ ձեր հայտը բացեն, ինչ-որ մեկին տեղեկացնեն, հնարավոր չեն նմանատիպ բազմաթիվ բաներ: Եվ դա միայն հայկական փորձը չէ, դա աշխարհի տարբեր երկրների փորձն է, և Հայաստանում չէ միայն, որ այս ծրագիրը գործում է»,- նշեց նախարարը` օրինակ բերելով Մեծ Բրիտանիայում գործող նույնատիպ ծրագիրը:
2005 թվականից խոսվում է գնումների էլեկտրոնային համակարգի ներդրման մասին: Լրագրողների հարցին, թե ինչու է այն երկար տևել, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ դրսի վարկային միջոցների հաշվին է արվել, միջազգային տարբեր գործընկերներ են մասնակցել, որոշակի ընթացք է ունեցել, որոշակի ռազմավարություն է անհրաժեշտ եղել, օրենսդրական փոփոխություններ, այդ պատճառով էլ երկարել է:
Մեկնաբանել