
«Նատալի ֆարմ»-ը չի վճարելու
Բուլղարական բեռնափոխադրող «Ասիա Կարգո» ընկերությունը դեռեւս չի կարողացել ստանալ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերության պատվերով Գերմանիայից եւ Ավստրիայից իրականացրած բեռնափոխադրման գումարը: Բեռնափոխադրումն իրականացվել էր հայկական «JIT Express» միջնորդ ընկերության միջոցով, որի տնօրենը փաստաբան Օվսաննա Ստեփանյանն է:
«Հետքի» ընթերցողներին հիշեցնենք, որ անցյալ տարվա ամռանը բուլղարական «Ասիա Կարգո» ընկերությունը հայկական «JIT Express» ընկերությունից Գերմանիայից եւ Ավստրիայից 10 մեքենա ապրանք փոխադրելու պատվեր էր ստացել: Սակայն «JIT Express»-ը չէր վճարել պատվերի ողջ արժեքի մի մասը' 30.850 եվրո' պատճառաբանելով, թե բեռները վնասված են եղել: Մինչդեռ բեռնագրերում բեռների վնասված լինելու մասին որեւէ նշում չի եղել:
Ստացող ընկերությունը ստորագրել եւ ընդունել է դրանք' որպես նորմալ եւ անվնաս բեռներ: «Ասիա Կարգո» ընկերության տնօրեն Կանիո Պիրոնկովը, այլեւս որեւէ ելք չունենալով, կանգնեցրել էր Օվսաննա Ստեփանյանի' Իտալիայից բեռնափոխադրման մեկ այլ պատվեր, որի մասին պատահաբար էր իմացել, երբ գործընկերն իրեն է պատվիրել նոր փոխադրումը:
Օվսաննան այս պատմության մեջ ներքաշել էր նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Արտաքին կապերի եւ ծրագրերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը զանգահարել էր Կանիոյին եւ զգուշացրել, որ անպայման բեռներն ուղարկի, ուրիշի բեռը պահելու իրավունք չունի: Սակայն Կանիոն պատասխանել է, որ Օվսաննան էլ իր գումարները չվճարելու իրավունք չունի:
Ի վերջո, Օվսաննա Ստեփանյանը 2010-ի դեկտեմբերին վճարել է նախ 14.600, այնուհետեւ նաեւ 3400 եվրո' պարտք մնալով 12.850 եվրո:
Այդ գումարի համար նա երաշխավորող նամակ է ուղարկել' վստահեցնելով, որ կվճարի նաեւ մնացած պարտքը: Կանիոն համաձայնել է փոխադրել բեռը:
Միաժամանակ Օվսաննա Ստեփանյանը երաշխավորել է, որ 2850 եվրոն կվճարի վարորդին' նրա Երեւան ժամանելուն պես, մնացած 10.000 եվրոն էլ' մինչեւ հունվարի վերջ այն դեպքում, եթե անվնաս ստանա բեռը մինչեւ հունվարի 10-ը:
10 օր բեռնափոխադրող մեքենայի վարորդը բեռներով կանգնած էր Երեւանի մաքսատանը եւ սպասում էր, որ պատվիրատու ընկերությունը ստանա բեռը, սակայն «JIT Express» ընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը չէր գնում' վճարելու խոստացված նախնական գումարը: Բուլղարացի վարորդ Գեորգին առողջական խնդիրներ ունի, տառապում է հոդատապով (պոդագրա): Այս ընթացքում նրա դեղերը վերջացել են, իսկ խոստացված գումարը երեկվա դրությամբ չէր ստացել: Մեզ հետ զրույցում վարորդը տեղեկացրեց, որ իրեն օգնել են Ռուսաստանից եկած գործընկերները, դեղահաբ են տվել:
Օվսաննա Ստեփանյանի հետ կապ հաստատել չէր ստացվում: Սկզբում քաղաքում չէր, այնուհետեւ չէր պատասխանում հեռախոսազանգերին: Սակայն հունվարի 14-ին նա այցելեց «Հետքի» խմբագրություն:
Օվսաննան պատմեց, որ այս պտմության մեջ ինքը եւս տուժող կողմ է, քանի որ բեռները վնասված են եղել, եւ «Նատալի ֆարմ»-ը հրաժարվել է վճարել բեռնափոխադրման գումարը' «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության կողմից հաստատած պատճառված վնասի չափով' 12.850 եվրո:
Ապահովագրող ընկերությունը հաստատել է, որ բեռները վնասվել են վերաբեռնավորման ընթացքում, ուստի ապահովագրական ընկերությունը եւս պատասխանատու չէ եւ չի վճարի այդ գումարը:
Կանիո Պիրոնկովը պնդում է, որ եթե բեռները վնասված լինեին, ստացող ընկերությունը չպետք է ստորագրեր բեռնագրերը, այդ դեպքում պատասխանատվությունն իր վրա կլիներ, բայց քանի որ ստորագրել է, ուրեմն պատասխանատուն ոչ թե ինքն է, այլ ստացող ընկերությունը: Նա ասում է, որ եթե բեռնագրերը ստորագրված չլինեին, ինքն իր ապահովագրական ընկերությունից կստանար այդ գումարը:
Օվսաննան ասում է, որ «արանքում տուժել է ինքը», որովհետեւ Կանիոն իր հետ է աշխատում եւ գումարն իրենից է պահանջում, իսկ «JIT Express»-ն աշխատում է «Նատալի ֆարմ»-ի հետ, վերջինս էլ չի վճարում պատճառված վնասի չափով:
Թե ինչու է ձգձգվել նոր բեռների ընդունման եւ բեռնաթափման գործընթացը, փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ «JIT Express»-ին բեռների փոխադրում պատվիրած «Պրոֆպրոյեկտ» ընկերությունից, ում բեռն այս 10 օրերի ընթացքում պահվում էր մաքսատանը: Տնօրեն Արման Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենք բեռների նախնական զննում կատարել են, որեւէ վնասվածք չեն հայտնաբերել: Պազապես ընթանում էր մաքսազերծման գործընթաց, որն ավարտվեց հունվարի 19-ին: «Դա մաքսային կոմիտեից էր կախված»,- ասաց տնօրենը:
Երեկվա դրության Պիրոնկովի վարորդը' Գեորգին, մաքսատանը սպասում էր Օվսաննային' խոստացված գումարը ստանալու համար:
«Պրոֆպրոյեկտի» տնօրեն Ա. Կարապետյանը տեղեկացրեց, որ ինքը եւս տուժել է. «Իմ բեռները ուշացել են, բանակցությունների մեջ ենք եղել, եվրոյի կուրսի հետ խնդիրներ ունեցա, չհաշված այդ ամենը' ես զուտ մարդկային առումով բոլոր վճարումները կատարել եմ»: Արման Կարապետյանը նշեց, որ շատ է զղջում, որ գործարք է կնքել «JIT Express»-ի հետ եւ պատասխանատվության է ենթարկելու նրան, եթե իր պատվիրատուն բեռների ուշացման հետ կապված պահանջներ ներկայացնի. «Իմ պրոբլեմը շատ ավելի մեծ է, քան վարորդինը կամ Կանիոյի 12 հազար եվրոն, որովհետեւ ես 120 հազար եվրո արժողությամբ ապրանք եմ պատվիրել, որը չեմ կարող իմ պատվիրատուին հասցնել»:
Թե ինչու են «Նատալի ֆարմ»-ի ներկայացուցիչները ստորագրել բեռնագրերը, եթե ի սկզբանե նկատել են, որ բեռները վնասված են եղել, պարզաբանեց «Նատալի ֆարմ»-ի վաճառքի բաժնի ղեկավար Արման Ղազարյանը:
Նրա խոսքով, մեքենայում հենց սկզբից հայտնաբերվել են վնասվածքները, բայց քանի որ մասնագետները Գերմանիայում էին եւ մեկ ամսից պետք է հասնեին Հայաստան, իրենք «JIT Express»-ի տնօրենի հետ պայմանավորվել են ստորագրել բեռնագրերը, որպեսզի վարորդները չմնան Հայաստանում մեկ կամ երկու ամիս:
«Մենք չգիտեինք, թե ինչն է փչացել, ինչ արժեք ունեցող դետալ է փչացել, ու ինվոյսում դա որ դետալն է կամ որ մասը: «Ռոսգոսստրախն» ինքը նման մասնագետ չուներ, որ կարողանար գնահատել դա: «Ռոսգոսստրախը» ամբողջ պրոցեսը նկարել է, եզրակացությամբ հաստատել է, բայց մենք պետք է սպասեինք Գերմանիայից մասնագետների գալուն: Եթե մենք չստորագրեինք այդ թղթերը, 10 մեքենայի վարորդները պիտի մնային Հայաստանում: Քանի որ մենք չէինք ուզում 10 մեքենա պահել Հայաստանում, մենք վարորդներին ասացինք, որ ստորագրում ենք, որովհետեւ հիմա մենք չգիտենք' ինչ է փչացել: Մենք միայն դրա համար ենք ստորագրում: Ու իրենց զգուշացրել ենք այդ մասին»,- պարզաբանեց Ա. Ղազարյանը:
Նա նաեւ նշեց, որ իրենք կապ չունեն բուլղարական ընկերության հետ, աշխատում են «JIT Express»-ի հետ: Թե Օվսաննան ում հետ ինչ է պայմանավորվել, դա իրենց գործը չէ: «Մենք պատվիրել էինք, որ բեռը Գերմանիայից միանգամից գա Հայաստան, իսկ իրենք վերաբեռնավորել էին Բուլղարիայում, դա եղել է պայմանավորվածության խախտում, որի պատճառով մենք վնաս ենք ունեցել: Մենք գրավոր խոսակցություն ունենք Օվսաննայի հետ, որ բեռը չվերաբեռնավորվի, որովհետեւ այդ ժամանակ գինը ցածր կլիներ»,- շարունակում է Ա. Ղազարյանը եւ հավելում, որ վնասված բեռները նրանք կրկին պատվիրել եւ բերել են ինքնաթիռով:
Մեկնաբանել