
Բավրա-Նինոծմինդա սահմանն արդեն անցանելի է
Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն արդեն բացվել է։ Մեքենաները երկկողմանի երթուղով կարողանում են տեղաշարժվել։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան վրացի սահմանապահները փակել էին անցակետը և թույլ չէին տալիս Հայաստանից գնացող մեքենաների մուտքը Վրաստան: Պարեկայինները չէին թույլատրում նաև Ջավախքից Հայաստան ուղևորվող մեքենաների շարժը դեպի անցակետ։ Ավելի քան 50 մեքենա հավաքվել է նաև Նինոծմինդա քաղաքի մոտակայքում։
Երևան-Ջավախք-Երևան երթուղին սպասարկող վարորդներից մեկը «Հետքին» պատմել էր, որ անցակետի սահմանափակումները կապված են եղանակային պայմանների հետ, քանզի Գորելովկա-Նինոծմինդա հատվածում քամու և բքի պատճառով ձյան մեջ մեքենաներ են արգելափակվում։
Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վրաստանի տարածքային զարգացման և ինֆրաստրուկտուրաների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը որոշել է այսօրվանից սահմանափակումներ մտցրել Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհի 90-112-րդ կիլոմետրի հատվածում, որը տանում է դեպի վրաց-հայկական սահման։
Ձնաբքի պատճառով հունվարի 4-ից փակ է նաև ռուս-վրացական Լարսի անցակետը։
Մեկնաբանել