
«Կապ չունի` ես ֆիզիկապես էի լաց լինում, թե պարզապես ներսից, դրանք միևնույն բաներն են». Ռոյ Օրբիսոն. «Crying»
Նաիրա Հայրապետյան
Ամերիկացի երաժշտական քննադատներից մեկը` Դեյվ Մարշը, Ռոյ Օրբիսոնի ամենահայտնի երգերից մեկն անվանել է «ռոք բոլերո»` անմարմին երգչախմբով…
Դա «Crying »-ն էր` բալլադ, որը ամերիկացի երգիչը ստեղծեց երգահան Ջո Մելսոնի հետ միասին: Այն դարձավ Օրբիսոնի վաղ շրջանի ամենահայտնի և հաջողակ հիթերից մեկը:
«Ես մի աղջկա հետ էի հանդիպում, և մի օր մենք բաժանվեցինք:- պատմել է Ռոյ Օրբիզոնը «1000 UK Number One Hits» գրքում,- Այդ օրը ես հետո գնացի վարսավիրանոց` սանրվածք անելու համար և երբ նայեցի դիմացի փողոցին, այնտեղ կանգնած տեսա նույն այդ աղջկան: Ես ուզում էի մոտենալ նրան ու ասել` «Արի' մոռանանք այն, ինչ եղել է և շարունակենք նորից»: Բայց ես շատ համառ էի, այդ պատճառով էլ ուղղակի նստեցի մեքենան և փողոցով մի քանի թաղամաս կտրել-անցնեուց հետո, ինքս ինձ ասացի. «Ա'յ տղա, ախր դու սխալ ես գործում: Դու ամենևին էլ ճիշտ բան չարեցիր»: Դե իհարկե, այս ամենից հետո, արցունքներս գլորվեցին, որից հետո ես հորինեցի «Crying»-ը:
Այս հուզախառը հոգեվիճակն իրապես ներշնչել էր երգչին, և Օրբիսոնը սկսեց աշխատել նոր երգի վրա: Սկզբում որոշել էր «Once Again» անունը տալ նրան, բայց երբ Ջո Մելսոնը առաջարկեց աչքի անցկացնել հետևյալ նախադասությունը` «Once again I'm crying, once again I'm crying», շատ բան փոխվեց: Այստեղից էլ նա վերցրեց երգի հիմնական թելը, որի շուրջ հյուսվեց ողջ տեքստն ու մեղեդային տրամադրությունը: Ապա փոխվեց ու վերջնականապես հաստատվեց վերնագիրը` «Crying», որովհետև սա երգ էր լացող սրտերի և մարդկանց համար:
Այդ տարիներին ռոք արտիստները, հակառակի նման, աղջիկների պատճառով «լաց լինող երգեր» առանձնապես ոչ գրում էին, ոչ էլ մտածում դրա մասին: Իսկ ահա Օրբիսոնը համարձակվեց բեմ բարձրացնել մի երգ, որը պարզ ցույց էր տալիս լացի մոռացված կամ թաքնված իմաստը: Նա ասես համոզեց բոլորին, որ լաց լինելը ոչ թե թուլություն է, այլ չափազանց զգայունություն: Նրան ճանաչող շատ-շատերը այն կարծիքին են, որ եթե Օրբիսոնի փոխարեն մեկ ուրիշը կատարեր երգը, ապա այդ բոլորովին ուրիշ ձայնը դժվար թե կարողանար համոզել սրանում: Այս երգչին, շնորհիվ յուրահատուկ վոկալի և կատարման անկեղծության, բնականության, միշտ էլ հաջողվել է լսարանի հետ փոխադարձ վստահությամբ ստեղծագործել:
«Crying»-ը լույս տեսավ 1961թ. «Monument Records» ընկերության կողմից, որպես սինգլ: Նույն թվականին էլ Միացյալ Նահանգներում երգը գրավեց «Cashbox» երաժշտական շաբաթաթերթի սահմանած առաջին հորիզոնականը, ապա մուտք գործեց «Billboard Hot 100»-ի լավագույն տասնյակ` հասնելով մինչև երկրորդ հորիզոնականը: Արդեն մեկ տարի անց` 1962թ., «Crying»-ը գլխավորում էր Օրբիսոնի համանուն ալբոմը:
«Նա այնպես էր կատարում, ասես Օլիմպիական լեռան գագաթից երգելիս լիներ, և ամեն ինչ շատ լուրջ էր ասում- գրել է Բոբ Դիլանը Օրբիսոնի «Crying»-ի մասին,- նա իր երգերը կատարում էր երեք կամ չորս օկտավաներում, որը քո մեջ ցանկություն է ներարկում մեքենադ ժայռի ուղղությամբ վարելու: Նա երգում էր պրոֆեսիոնալ հանցագործի նման»:
1987թ. Օրբիսոնը կանադացի փոփ և քանթրի երաժիշտ Քեյ Դի Լանգի (k.d. lang) հետ ձայնագրեց «Crying»-ի նոր տարբերակը: Այս զուգերգը «Hiding Out (Պահմտոցի) խաղարկային ֆիլմի սաունդթրեքի համար էր նախատեսված: Եվ ահա գեղեցիկ համագործացության արդյունքում երգը ոչ միայն երկրորդ կյանքը ստացավ, այլև ստացավ բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ, այդ թվում` «Գրեմի»` կրկին վայելելով ոչ միայն ունկնդիրների, այլև երաժիշտ-կատարողների ուշադրությունը: Հայտնի են «Crying»-ի բազմաթիվ քավըրներ, որոնց թվում ամենահայտնիներից է Դոն Մըքլինի կատարումը (1978թ.), որը մեծ հաջողություններ ունեցավ հատկապես Եվրոպայում և թողարկվեց նաև որպես սինգլ: Մըքլինի «Crying»-ը երեք շաբաթ գլխավորեց բրիտանական սինգլների շքերթը:
2002թ. Օրբիսոնի այս երգը ընդգրկվեց Գրեմիի «Փառքի սրահում», իսկ 2010թ.-ին «Rolling Stone» հեղինակավոր ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը» շարքում:
«Կապ չունի` ես ֆիզիկապես էի լաց լինում, թե պարզապես ներսից, դրանք միևնույն բաներն են»,- ասել է Ռոյ Օրբիսոնը. երաժիշտ, ով եկել էր ոչ թե թուլությունների, այլ շատ զգայական աշխարհներից»:
Ասում են` թե այն օրվանից հետո, երբ փողոցում տեսավ աղջկան, նա ետ է վերադարձել իր սիրո հետևից, բայց արդեն ուշ էր:
լուսանկարը՝ Դեյվիդ Ռեդֆերն/Getty Images
Մեկնաբանել