
Հրազդանը 24-ժամյա ջրամատակարարում կունենա
Քրիստինե Աղալարյան
Սառա Պետրոսյան
Հրազդանի քաղաքապետարանը գրեթե ավարտում է քաղաքի 2009-2012 թթ. քառամյա զարգացման ծրագրում ընդգրկված բոլոր աշխատանքները:
Զարգացման ծրագրի հիմնական շեշտադրումը քաղաքաշինական խնդիրների լուծումն է` քաղաքի բարեկարգում, ասֆալտապատում, տանիքների վերանորոգում, լուսավորություն, ջրամատակարարման նորացում, պուրակների ստեղծում եւ բարեկարգում:
«Ի՞նչ միջոցներով է հնարավոր դարձել իրականացնել նման ծավալուն աշխատանքները գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող քաղաքում» հարցիս քաղաքապետ Արամ Դանիելյանը պատասխանում է. «Որոշ մասը ներառել ենք ֆոնդային բյուջեով, որը ֆինանսական ակտիվների, հողերի վաճառքից է գոյանում, որն այս տարիների ընթացքում չի կատարվում, որովհետեւ հող առնող չկա»: Հրազդան քաղաքի Ֆոնդային բյուջեն մոտ 220 մլն դրամ է կազմում՝ համայնքի բյուջեի շուրջ 30%-ը:
Աշխատանքները դեռ ընթանում են, որոշ շենքների տանիքների վերանորոգումը չի ավարտվել, սակայն քաղաքապետը հույս ունի դրանք ավարտել տարվա վերջին: Անցյալ տարվանից սկսվել եւ շուտով ավարտին կհասցվեն ջրագծերի նորոգման աշխատանքները: «Հանրապետությունում եզակի դեպք է, ամբողջությամբ խմելաջրի 50 տարվա ջրամատակարարման խողովակները նորացվել են: Մենք կունենանք նորացված 24-ժամյա ջրամատակարարում` նոր պոմպակայաններով, նոր ջրագծերով»,- ասում է քաղաքապետը: Տարեվերջին նախատեսում են ամբողջությամբ ավարտել ցանցի միացման աշխատանքները: Աշխատանքներն ամբողջացել են կառավարության տրամադրած եւ համայնքի հավաքագրած գումարներով:
Հրազդան քաղաքի 192 կմ ասֆալտապատ ճանապարհի 70%-ը վերանորոգված է, 30%-ն էլ անցյալ տարիներին չեն վերանորոգել ջրագծերի անցկացման պատճառով, որ կրկին քանդելու անհրաժեշտություն չառաջանա: «Մենք ունենք գյուղական թաղամասեր, որոնց կենտրոնական փողոցներն են լուսավորված, ասֆալտապատված, բայց երկրորդային փողոցները դեռ ասֆալտապատված չեն: Մեր բյուջեն հնարավորություն չի տալիս, մենք այսօր առաջնային խնդիր ենք լուծում, դա ջրամատակարարման խնդիրն էր, որից հետո ասֆալտապատման խնդիրը կլուծենք»,- նշում է քաղաքապետը:
Հրազդան համայնքի բյուջեի հիմնական եկամուտը հողի եւ գույքի հարկերն են: Համայնքի հարկահավաքման ցուցանիշը 98% է, նախկինի համեմատ բավականին առաջընթաց է գրանցվել, որը քաղաքապետը բացատրում է տվյալների բազաներում առկա անճշտություններն ուղղելով: Ըստ նրա՝ հարկերի հավաքման ցուցանիշն էլ, դրան զուգահեռ, բարձրանում է: «Այն ժամանակ հասցեավորումը չկար, չէինք իմանում` ովքեր են հարկատուները, իսկ հասցեավորումից հետո հեշտացավ հարկերի հավաքագրումը»,- պարզաբանում է համայնքի ղեկավարը:
7 գյուղերի վրա ձեւավորված Հրազդան քաղաքին, որը հանրապետության 4-րդ արդյունաբերական քաղաքն է (Հրազդանում են արդյունաբերական մի քանի հսկաներ` «Հրազդան ՋԵԿ»-ը« 5-րդ բլոկը, ցեմենտի գործարանը), սեփական եկամուտները չեն բավականացնում: Սեփական եկամուտները` 350 մլն դրամ, բավականացնում է միայն քաղաքապետարանի եւ ենթակա հիմնարկների աշխատավարձերի վճարմանը: Հրազդանում գործում է 15 մանկապարտեզ, արվեստի, երաժշտական դպրոցներ: Արամ Դանիելյանն ասում է, որ ոչ մի դպրոց չի փակվել, հակառակը, երեխաների թիվն այս տարիներին եռապատկվել է, ծախսերն էլ` ավելացել:
Անդրադառնալով զարգացման ծրագրում ներառված սոցիալական ծրագրերին, մասնավորապես` աղքատության դեմ պայքարին, քաղաքապետը նշում է, որ վերջին տարիներին արտագնա աշխատանքի մեկնող հրազդանցիների թիվը կայուն է. քանի որ Հրազդանը մոտ է տուրիստական վայրերին` Ծաղկաձորին, Հանքավանին, նրանք այդ վայրերում էլ են աշխատանք գտնում: Սակայն արտագնա աշխատողների կայուն թիվը կա:
Քաղաքապետարանի աջակցությունն այս հարցում այն է, որ քաղաքացիներին հող է հատկացվում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար: Հրազդանում ամեն տարի լայնածավալ շինարարություն է ընթանում: «Մարդը եթե գումար է ներդնում, նա կապվում է այս հող ու ջրի հետ, եւ այդտեղ էլ աշխատում են որոշակի մարդիկ»,- հիմնավորում է Արամ Դանիելյանը: Համայնքը նաեւ գումարային օգնություն է տալիս սոցիալապես անապահովներին, աջակցում պարարտանյութով, վառելիքով, որպեսզի քաղաքացիները կարողանան սեփականաշնորհած հողերը մշակել: Սոցիալական օգնության համար քաղաքապետարանի բյուջեից տարեկան 20 մլն դրամ է հատկացվում:
Քաղաքի ավագանու գործունեությունը քաղաքապետը դրական է գնահատում, սակայն նշում է, որ տեղական ինքնակառավարման համակարգում օրենսդրական բացթողումներ կան, որը չի նպաստում այդ ինստիտուտի կայացմանը: Ավագանիներից բոլորը չէ, որ գիտակցում են իրենց պատասխանատվությունը քաղաքի խնդիրների լուծման համար: «Օրենքը պետք է փոփոխել եւ ավագանու աշխատանքը վճարովի դարձնել, որպեսզի ավագանու անդամը շահագրգռվածություն ունենա, կամավորության սկզբունքը չի աշխատում»,- կարծում է քաղաքապետը:
Արամ Դանիելյանն ասում է, որ ավագանու անդամները բնակիչների ընդունելություններ են անցկացնում թաղամասերում եւ բազմաթիվ հարցեր ավագանու նիստերի քննարկմանն են դնում: Իսկ ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումների ու կարգադրությունների հրապարակայնությունն ապահովելու նպատակով քաղաքի 9 կետում ցուցատախտակներ են տեղադրված:
Դրան զուգահեռ, Հրազդանի տեղական հեռուստատեսությամբ մշտական եթեր ունեն, իսկ ավագանու նիստերը քաղաքապետարանի լրատվության ծառայության միջոցով հեռարձակվում են Հրազդանի տեղական հեռուստատեսությամբ` վճարովի հիմունքներով: Երեք ամիսը մեկ անգամ քաղաքապետը նաեւ ուղիղ եթերում է հանդիպում բնակչության հետ:
Չնայած Հրազդան քաղաքի քառամյա ծրագրում քաղաքապետարանի գործունեության հրապարակայնությանը մեծ տեղ է հատկացված, սակայն քաղաքապետարանի պաշտոնական կայքը չունի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների բաժինները՝ չեն հրապարակվում ավագանու որոշումները, նիստերի արձանագրությունները, քաղաքապետի կարգադրություններն ու որոշումները:
Բացակայում են քաղաքապետարանի կազմակերպած աճուրդների, մրցույթների մասին տեղեկություններն ու հայտարարությունները: Կայքում տեղական ինքնակառավարման բաժնի բացակայությունը քաղաքապետը պայմանավորում է կայքի նորաստեղծ լինելու հանգամանքով եւ ավելացնում, որ ներկայումս կայքի վերազինման ու համալրման աշխատանքներ են կատարվում, եւ շուտով այն կամբողջանա:
Նշենք, որ Հրազդանի քաղաքապետը հաճախակի է մեղադրվում համայնքային սեփականություն հանդիսացող հողերի եւ գույքի օտարման հարցում թույլ տված օրինախախտումների համար: Մասնավորապես, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը Հրազդանի համայնքապետարանում ստուգումներ անցկացնելուց հետո հայտարարել էր, որ մեծ թվով հողեր օտարվել են առանց ավագանու որոշման: Քաղաքապետ Ա. Դանիելյանն ասում է, որ «ՏԻՄ» մասին օրենքը թույլ է տալիս ավագանու մեկ որոշումով որոշակի հատված սեփականաշնորհել:
Մինչդեռ վերահսկողության ծառայությունը կարծում է, որ օտարվող յուրաքանչյուր հատվածի համար ավագանին օտարելու մասին որոշում պետք է կայացնի: Քաղաքապետին մեղադրանքներ ներկայացվեցին նաեւ համայնքային uեփականություն հանդիuացող ընդհանուր oգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոuայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր oգտագործման այլ տարածքներ) օտարելու համար, որով մեծ վնաս է հասցվում համայնքին:
Մինչդեռ դրանք կարող էին կանխվել, եթե օրենքի պահանջով ժամանակին հրապարակվեին ավագանու որոշումները: Գուցե հենց այդ պատճառով քաղաքապետարանի կայքում չեն շտապում հրապարակային դարձնել ավագանու կայացրած որոշումները:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել