
Եվրոպայում փախստականի երեք տարվա կյանքից հետո Նինան նորից Հայաստանում է՝ անգործ ու առանց անձնագիր
Նինա Ամոյանին այս տարվա սեպտեմբերին Գերմանիայից վտարել և ուղարկել են Հայաստան: Նինան 2012 թվականից Եվրոպայում հանձնվել էր որպես փախստական, սակայն Գերմանիան որոշել է, որ նա պետք է վերադառնա իր երկիր, քանի որ «իր երկրում կռիվ չկա»: Այդպես են հիմնավորել ուժայինները, երբ գիշերը Նինային քնից արթնացրել, լուսարձակները պահելով դեմքին՝ հանել են անկողնուց և ուղեկցել օդանավակայան: Նինան չի հասցրել նույնիսկ իրերը հավաքել:
Նինան 2012-ին որոշել է մեկնել Հայաստանից, ինչպես ինքն է պատմում՝ հարբեցող ամուսնուց և նրա բռնություններից փախչելու նպատակով: Վերցրել է իր 16-ամյա աղջկան և մեկնել նախ Ռուսաստան՝ աշխատելու նպատակով: «Ոչ տուն ունեի, ոչ տեղ: Ապրում էինք վարձով: Տղայիս բանակ տարան, ես էլ որոշեցի աղջկաս վերցնել գնալ»,- ասում է Նինան:
Ռուսաստանում տեղի չեչեններից լսել է, որ հնարավոր է Բելառուսի սահմանով անցնել Լեհաստան, իսկ այնտեղից՝ եվրոպական այլ երկրներ: Նինան իր դստեր հետ մեկնել է Բելառուս և Բրեստի մարզից, որը սահմանակից է Լեհաստանին, մի խումբ չեչենների հետ մուտք գործել Լեհաստան ու հանձնվել:
«Չորրորդ օրը մենք կարողացանք անցնել սահմանը: Հարցազրույց ենք տվել սահմանին ու անցել ենք: Իմ դրությունը պատմել եմ, որ չեմ կարողացել նորմալ ապրել, ամեն անգամ էս տնից էն վարձով տունը տեղափոխվել, վարձ չեմ կարողացել տալ...Ես ինչ-որ կար, ճիշտը պատմել եմ,-ասում է Նինան,- 8 ամիս մնացել ենք Լեհաստանի ճամբարներից մեկում: Բայց էնտեղ լավ չէր»:
Ամսական 70 լեհական զլատը (շուրջ 17 դոլար) չի բավարարել Նինային և դստերը: Նինան սկսել է աշխատել, խնձոր է հավաքել այգիներում:
Սակայն Լեհաստանը շուտով հրաժարվել է նրանց ապաստան տաուց: Նինան որոշել է մեկ այլ երկրում փորձել իրենց բախտը: «Գնացի աշխատեցի, փող հավաքեցի ու գնացինք Գերմանիա,- շարունակում է Նինան,- մեքենա էր գնում, առաջարկեցին գնալ, մենք էլ համաձայնեցինք: Ասում էին՝ կարող է սահմանին բռնեն, նույնիսկ բանտ նստեցնեն, մի քիչ վախեցել էի, բայց բախտներս բերեց, գերմանական սահմանին մեքենան չստուգեցին»:
Ընդհանուր առմամբ, Լեհաստանում փախստականների նկատմամբ վերաբերմունքում Նինան խտրականություն տեսել է: «Աղջիկս որ դպրոց էր գնում, ավտոբուսը գալիս էր, չեչենների հետ գնում էին այդ ավտոբուսով: Աղջիկս ասում էր՝ ոչ ոք չէր խոսում իրենց հետ, ոչ ոք իրենց հետ չէր շփվում: Կնստեն, կծիծաղեն մեր վրա: Իսկ Գերմանիայում այդպես չէ: Տարբերություն չեն դնում՝ դու ով ես, ինչ ազգ ես»,- ասում է Նինան:
Ավելի քան 2 տարի Նինան ու դուստրը Գերմանիայում են ապրել՝ Հոլանդիայի սահմանին մոտ գտնվող Օխտրուպ (Ochtrup) քաղաքում: Պետությունը հատկացրել է բնակարան և 300 եվրո ամսական գումար, վճարել է կումունալ ծախսերը:
Նինան փորձել է աշխատել Գերմանիայում, բայց նրան մերժել են՝ անձնագիր և կարգավիճակ չունենալու պատճառով: Գերմանական պետությունն այդպես էլ որևէ կարգավիճակ նրանց չի տվել: Մինչ այդ, Նինան Գերմանիայում ամուսնացրել է դստերը Իրանից տեղափոխված քրդի հետ (Նինան ազգությամբ եզդի է-հեղ.): Արդեն թոռնիկ ունի: Դստերն ու թոռանը վտարում չի սպառնում, քանի որ թոռնիկը ծնվել է Գերմանիայում, իսկ դստեր ամուսինը օրինական է ապրում այնտեղ:
Նինայի վտարումն անընդհատ ձգձգվել է՝ լեղապարկի և լյարդի խնդիրներ ունենալու պատճառով: Նինան հիվանդանոց է պառկել և որոշակի բուժում ստացել: Սակայն սիրիացիների՝ Գերմանիա մտնելուց հետո մյուս փախստականների նկատմամբ հսկողությունն ու պահանջները խստացել են:
«Երեխես արթնացավ, խնդրեց, որ չտանեն ինձ...տենց լացելով բաժանվեցինք: Մինչև Հայաստան ես լացել եմ»,-ասում է Նինան: Ուզում է վերադառնալ դստեր ու թոռնիկի մոտ, որին ինքն է մեծացրել և շատ է կարոտում:
Հայաստանում է գտնվում Նինայի 23-ամյա որդին, որը նույնպես առողջական խնդիրներ ունի և զորացրվել է բանակից այդ խնդիրների պատճառով: Ապրում է քրոջ տանը՝ մոր և որդու հետ:
Նինան անձնագիր չունի, քանի որ հանձնվելիս Լեհաստանի սահմանին նրանից վերցրել են այն: Աշխատանք գտնել Հայաստանում նույնպես չի կարողանա մինչև նոր անձնագիր չտան նրան: Իսկ մինչև աշխատանք չունենա, չի կարողանա նաև առողջական հարցերը լուծել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել