
«Stand by Me». Բեն Քինգի հարատև սիրո պատմությունը
Նաիրա Հայրապետյան
«Հայրս կրթված մարդ չէր, բայց իրականում հիանալի, չափազանց բարի անձնավորություն էր:- հիշում է Բեն Քինգը,- Մի իրիկուն ես մեր խոհանոցում մի թափառական մարդու տեսա: Արթնացրի հորս, իսկ նա ասաց. «Ես եմ իրեն մեր տուն բերել. նա փողոցում սառչում էր»:
Այս մթնոլորտը, որն ամբողջությամբ ներծծված է մարդկայինով, չէր կարող ազդեցություն չունենալ ապագա արտիստի ձևավորման վրա: Հնարավոր է, հենց այստեղից էլ սերում են այն անսահման բարությունն ու խաղաղությունը, որոնցով լի են սոուլի լեգենդ Բեն Քինգի (Ben E. King) երգերը: Վստահ եմ, երաժշտասերները նրան կհիշեն առավելապես «Stand by Me» հիթով: Սա երգչի ամենաճանաչված երգն է, որը «BMI»-ի տվյալներով՝ 20-րդ դարի ամենաշատ կատարված երգերից մեկն է: 100 անուն ընդգրկող այս շարքում «Stand by Me»-ն 4-րդ հորիզոնականում է: Ավելի քան 400 կատարում ունենալով՝ այն սոուլի, ռիթմընդբլյուզի և, առհասարակ, դասական գործ է վաղուց, որը ուղղորդել և ոգևորել է տարբեր սերնդի երգիչների՝ 60-ականներից մինչ օրս: «Stand by Me»-ն կատարել են Օտիս Ռեդինգը, Ջոն Լենոնը, «Led Zeppelin»-ը, Թրեյսի Չափմենը, Թինա Թըրները և այլ լեգենդար արտիստներ:
«Թղթի վրա «Stand by Me»-ն շատ սովորական մի երգ է երևում,- գրում է «The Guardian» ամսագիրը,- և Քինգն էլ, անշուշտ, այն գրել էր շատ պարզ մտադրությամբ՝ երգ սիրո մասին: Այն նվիրված էր երգչի ընկերուհուն՝ Բեթիին: Փոփ երգերը, իրենց էությամբ, սովորաբար հազվադեպ են արտացոլում երգչիչներին, ովքեր հանդիսանում են այդ երգերի հեղինակները,- նկատում է հոդվածագիրն ու մեջբերած օրինակով անմիջապես հաստատում՝ ոչ այս մեկը:- … « If the sky that we look upon should tumble and fall / All the mountains should crumble to the sea / I won’t cry, I won’t cry / No, I won’t shed a tear / Just as long as you stand, stand by me»… Այստեղ տեղին է պնդել, որ այս երգը հարատև սիրո մասին է, սիրո, որն ունակ է գոյատևել՝ անկախ նրանից, թե կյանքը ինչ փորձություններ և հարվածներ է նախապատրաստել նրա համար: Հավասարապես ուժեղ հիմքի վրա է կառուցված այդ սերը, որպեսզի դիմակայի ժամանակի փորձությանը»:
1960թ. մայիսին Քինգը առանձնացավ «The Drifters» վոկալ խումբից, որի կազմում նրա ընդամենը երկամյա գործունեությունը նշանավորվեց մի քանի հիթային երգերով՝ «There Goes My Baybe», «This Magic Moment», «I Count the Tears» և «Save the Last Dance With Me»: Բեն Է. Քինգ անունը ընտրելով որպես բեմական կեղծանուն՝ նա մեծ թափով լծվեց սոլո աշխատանքներին (խմբի կազմում հանդես էր գալիս իսկական անվամբ՝ Բենիամին Էրլ Նելսոն): Անհատական գործունեության մեկնարկը ևս հիթային էր՝ «Spanish Harlem» բալլադը միանգամից հուշեց նրա հաջող ապագայի մասին: Իսկ ահա հաջորդը՝ «Stand by Me»-ն, այնքան շռնդալից պիտի ծափահարվեր, որ թիկունքում, տասնամյակներ անց նույնիսկ, ստվերում պետք է մնային արտիստի մյուս բոլոր այն երգերը, որոնք նույնպես հիթային գլխապտույտ հաջողություններ էին ունեցել: Դարի մեծագույն երգերից մեկը. այսպես է դասակարգել նրան ամերիկյան «Recording Industry Association»–ը՝ հաշվի առնելով ճանաչելիության, լսարանի բազմազանության և ժամանակի ու տարածության հանդեպ սահմանի անսահմանությունը:
«Stand by Me»-ն թողարկվեց 1961թ., որպես սինգլ, հաջողակ և հիթային «Spanish Harlem»-ից մեկ տարի անց: Հեղինակային իրավունքների պատկանելությունը սկավառակի վրա հաստատվեց «King» և «Elmo Glick» անուններով. վերջինս Լիբերի և Սթոլերի կողմից հնարված կեղծանունն էր, որը տեղադրվեց ավելորդ երկարաբանությունից խուսափելու համար: Երգը շատ արագ հայտնվեց ամերիկյան երաժշտական թեժ տասնյակում, ապա իսկույն նվաճեց առաջին հորիզոնականը «Billboard Hot R&B» շարքում: Ամերիկյան լսարանը այս կարգավիճակը երգին շնորհեց երկու անգամ. նախ՝ 1961թ, որտեղ թեժ տասնյակում այն հասավ 4-րդ հորիզոնականին, ապա ուղիղ 25 տարի անց՝ 1986թ., երբ հնչեց համանուն՝ «Stand by Me» ֆիլմում: Այս անգամ երաժշտասերները, կրկին անգամ փաստելով երգի հանդեպ չմարող սերը, նրան բարձրացրին մինչև 9-րդ հորիզոնականը: Երկու տարի շարունակ «Stand by Me» -ն, այսպես ասած, համաշխարհային շրջագայության մեջ էր սինգլով և հաղթական այս արշավից հետո միայն լույս տեսավ «Don’t Play That Song!» ալբոմի կազմում:
1987թ., երբ երգը ևս մեկ անգամ վերաթողարկվել էր, առաջին հորիզոնականին հասավ նաև բրիտանական «Single Chart»-ում: Առաջատար հորիզոնականները այս երգն ընտրեցին նաև տարբեր երգիչների կատարումների ժամանակ. հատկապես, երբ նրանք ստացված էին համարվում լեգենդար արտիստների կողմից: Օտիս Ռեդինգը ՝ «Stand by Me»-ի իր տարբերակը ձայնագրեց 1964թ. «Pain in My Heart» ալբոմի համար: Քավըր կատարումների մեջ ուշագրավ էր նաև անգլիական «The Searchers» խմբի մեկնաբանությունը, որը ևս ձայնագրվեց 1964թ.՝ թողարկվելով «Meet The Searchers» ալբոմի կազմում: Ջոն Լենոնի կատարմամբ «Stand by Me»-ն (1975թ. «Rock n’Roll») թողարկվեց նաև առանձին սինգլով՝ դառնալով նրա վերջին հիթը՝ հաջորդած հինգամյա լռությունից առաջ: Լենոնի տարբերակն ավելի մոտ էր ռոքի սահմանին, քան մինչ այդ և հետո էլ հնչած քավըրները, որոնք խորքում մեծ մասամբ հավատարիմ մնացին ռիթմընդբլյուզին: 1967թ. երգը կրկին «Billboard»-ի առաջին շարքերը վերադարձավ (3-րդ հորիզոնական), երբ այն հնչեց Սփայդեր Թըրների կատարմամբ: Այն դարձավ այս երգչի ամենահայտնի և հաջողակ հիթը ողջ գործունեության ընթացքում: «Կարծում եմ՝ երգի հաջողության բանալին վոկալ վերամարմնավորումների մեջ էր: -ասել է նա,- Մեկ տարի շարունակ ես «Stand by Me»-ն երգեցի գրեթե ամեն անգամ, երբ բեմում էի, որովհետև բոլոր խմբերը գիտեին այս երգը»:
Տարբեր ու բազմաթիվ կատարումների մեջ առանձնանում է նաև Ադրիանո Չելենտանոյի «Stand by Me»-ն՝ «Preghero» անվամբ:
Հայտնիների շարքը համալրում են Փոլ Մաքարթնին, Սիլը, Բոնոն և Բրյուս Սփրինգսթինը, «Scorpions»-ը, Էլթըն Ջոնը, նույնիսկ մարդիկ, ովքեր իրենց համաշխարհային ճանաչմամբ ոչ մի առնչություն չեն ունեցել երաժշտության հետ՝ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին, գրող Սթիվեն Քինգը …
Քինգն իրականում այս երգը գրել էր «The Drifters»-ի համար, բայց այն ժամանակ ուշադրությունից դուրս մնաց: Հետագայում էլ երգիչը ամենևին նպատակ չուներ այն երգելու: Ամեն ինչ շրջվեց մի քանի ակնթարթում, հենց այնպես, մի բան ձայնագրելու համար: Դեբյուտային «Spanish Harlem»-ի ձայնագրման ժամանակ աշխատանքը նախատեսված ժամից շուտ ավարտվեց, իսկ ստուդիան ազատ էր: Ուրեմն ինչո՞ւ չօգտագործել. պրոդյուսեր և երգահան Լիբերը հարցրեց Քինգին, թե արդյո՞ք որևէ այլ երգ չունի պատրաստ, որը ևս կարելի էր փորձել ձայնագրել: Մի քանի վայրկյան անց Քինգը մտաբերեց և դաշնամուրի մոտ նստելով՝ նվագեց «Stand by Me»-ն: Փորձնական արդյունքում որոշվեց երգն անպայման ձայնագրել: Քինգն իր հարցազրույցներից մեկում էլ խոստովանել է, որ ինքը բացարձակ չէր էլ մտածել այն հիթ կդառնա, թե՞ ոչ: Նույնիսկ պրոդյուսերներից մեկը, նրա մեկնաբանությամբ, ատում էր դեռևս աշխատանքային փուլում գտնվող «Stand by Me»-ն, քանի որ այն ձայնագրվում էր ավելացած ժամի հաշվին՝ «թանկ վարձատրվող նվագախմբի մասնակցությամբ»:
«Stand by Me» երգի ստեղծմանն էլ են մասնակցել են լեգենդար Ջերի Լիբերն ու Մայք Սթոլերը: Համատեղ աշխատանքի արդյունքում նրանք օգնեցին 23-ամյա երիտասարդ երգչին վերջնական տեսքի բերել բառերն ու երաժշտությունը: Սթոլերի մեկնաբանությամբ՝ Լիբերը տեքստի համահեղինակն էր, իսկ ինքը երաժշտության մեջ ավելացրել է մեկ-երկու էլեմենտ, հատկապես բասի հատվածը: Վերջինս էլ դարձավ երգի ամենատպավորիչ և առանձնահատուկ մասը: Մեկ այլ առիթով երաժիշտը նշում է, որ Քինգը երգի 50%-ն արդեն գրել էր (տեքստն ու մեղեդին նկատի ունենալով), իսկ իրենք միասին ավելացրեցին մնացածը:
Երգը գրելիս Քինգը ազդվել է մի հոգևոր երգից, որը նա լսել էր Սեմ Քուկի կատարմամբ. «Stand by Me Father», այսպես էր կոչվում այն: Նույն հարցազրույցում Սթոլերը նշում է, որ «ինչ-որ չափով այն ստեղծվել է մի գոսպելի հիման վրա», որը հիշում էր «Lord Stand By Me» անվամբ: «Ինձ թվում է՝ Ջերին և Բենը այս երգից էին ներշնչվել: Բենը, ինչ խոսք, եկեղեցական երաժշտության շատ հզոր պաշար ուներ»:
Բեն Քինգը 1961-1975թթ. ընթացքում ավելի քան 20 երգ է ունեցել «Billboard Hot 100»-ում, իսկ դա նշանակում է, որ նա այն բացառիկ արտիստներից էր, ում վիճակված էր հիթային բարձունքում մնալ այս ողջ ժամանակահատվածում: Այս չափազանց հաջող գործունեությունը ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում պիտի շարունակվեր նոր երգերով ու ձայնասկավառակներով, հարուստ շրջագայություններով: Սակայն, այնուամենայնիվ, շրջանցելով այս բոլոր ձեռքբերումները, պետք է խոստովանել, որ այս արտիստի կյանքում ամենաճանաչված ստեղծագործությունը մինչ օրս համարվում է «Stand by Me»-ն: «Հենց այս երգը դարձավ այն մեկը, որը ամենաշատը պիտի նույնականացվեր նրա անվան հետ, և Քինգը երբեք սրա մեջ որևէ խնդիր չտեսավ»,- գրում է ամերիկյան պարբերականներից մեկը:
2015թ. երգի բնօրինակը ԱՄՆ-ի կյանքում « իր մշակութային, պատմական կամ գեղագիտական առումով» կարևոր ներդրման համար «Կոնգրեսի գրադարանի» («Library of Congress») կողմից ընդգրկվեց ամերիկյան «National Recording Registry»-ում: «Հաճելի զգացում է, երբ մտածում ես, որ մի օր քո երեխաների երեխաների երեխաները կնայեն այս մրցանակին ու կասեն՝ « Օ՜, սա ուրեմն պապիկի՜նն է», - ասել է երգիչն այս առիթով:
«Stand by Me»-ն բազմաթիվ այլ մրցանակների է արժանացել՝ մինչ օրս տարբեր պարգևներ շնորհելով նաև հեղինակներին: «There Goes My Baybe» –ի և «Spanish Harlem»-ի հետ միասին այն հաստատվել է «Ռոքնռոլի փառքի սրահ»-ում՝ ճանաչվելով որպես այս երաժշտությունը կերտող, ձևավորող երգերից մեկը:
լուսանկարը` Theboombox.com-ից
Մեկնաբանել