Ս. Դեմիրճյան. «Սահմանադրական փոփոխություններ քարոզելու բարոյական իրավունք չունեն կեղծիքների և բռնությունների համար պատասխանատու քաղաքական ուժերը»
Լիլիթ Թադևոսյան
«Մենք առաջնահերթ խնդիր ենք համարում ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը, ոչ թե սահմանադրական փոփոխությունները։ Այդ մասին այսօր ԱԺ-ում սահամանդրական փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ նշում է, որ նախագահական, կիսանախագահական կամ խորհրդարանական համակարգերի ընտրությունը տվյալ երկրի քաղաքական ընտրությունն է, և այս բոլոր համակարգերը կարող են ներդաշնակ լինել ժողովրդավարական չափանիշների հետ։
«Սակայն ակհայտ է, որ ներդաշնակ չէ ժողովրդավարական չափանիշների հետ ընտրությունների կեղծումը, մինչդեռ Ժողովրդավարական հասարակարգի անկյունաքարը ազատ, արդար ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումն է, և եթե դա տեղի չի ունենում, քանի դեռ ժողովուրդը զրկված է իշխանություն ձևավորելու, փոխելու իր սահմանադրական իրավունքից, պարզապես անիմաստ է խոսել սահմանադրական փոփոխությունների մասին, բանավիճել, թե կառավարման որ համակարգն է առավել արդյունավետ»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը։
Նրա խոսքերով՝ երկրի այսօրվա աղետալի վիճակը պայմանավորված է առաջին հերթին Սահմանադրության ոտնահարմամբ, ոչ թե Սահմանադրության անկատարությամբ։
Նա նաև ասաց, որ 2005 թվականի աներևակայելի կեղծիքներով ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո 10 տարի անց կարող ենք դրական տեղաշարժ արձանագրել. այն ժամանակ էլ էր խոսվում այն մասին, թե ինչ առաջընթաց են ապահովելու մեր երկրի համար այդ փոփոխությունները։
«Եվ ի՞նչ ենք ունեցել այս տարիների ընթացքում՝ մարտի 1-ի ոճրագործություն, կեղծված ընտրություններ, ահագնացող արտագաղթ, աղքատության կտրուկ աճ և համատարած համակարգային բնույթ կրող կոռուպցիա։ Սա է պատկերը։ Եվ ո՞րն է երաշխիքը, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունները ընդունելուց հետո վիճակը երկրում որակապես փոխվելու է։ Ես անկեղծ մտավախություն ունեմ, որ կառավարման ձևի փոփոխությունը ոչ թե կնպաստի առկա խնդիրների լուծմանը, այլ կառաջացնի նոր խնդիրներ»,- նշեց Ստեփան Դեմիրճյանը։
Այնուհետև պատգամավորն ասաց, որ իրենք չեն թերագնահատում արտաքին գործոնների ազդեցությունը, սակայն ակնհայտ է, որ այսօրվա երկրում առկա համակողմանի ճգնաժամը հետևանք է իշխանության բռնազավթման և տարիներ շարունակ երկրում իրականացվող հակաժողովրդական քաղաքականության։
Բացի դա, Դեմիրճյանն ասաց, որ հոգուտ խորհրդարանական կառավարման բերվող գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ իբր նախագահական ընտրությունները հասարակության մեջ ավելորդ լարվածություն և ցնցումներ են առաջացնում և ճիշտ կլինի վերացնել այդ ընտրությունները։
Պատգամավորը կարծում է, որ այս տրամաբանությամբ մի օր էլ պետք է վերացնեն խորհրդարանական ընտրություները, քանի որ ակնհայտ է, որ նախագահական ընտրությունները վերացնելուց հետո ցնցումներ և լարվածություն են առաջացնելու խորհրդարանական ընտրությունները։
«Բայց ի՞նչ է այդ լարվածությունը, և ցնցումները օդի՞ց են առաջանում։ Մարդկանց դուրս են բերում փողոց ընտրությունների ժամանակ իրականացված կեղծիքները և բռնությունները։ Թե՛ 2004 թվականի ապրիլի 12-ի իրադարձությունները և թե՛ 2008 թվականի մարտի 1-ը կեղծված ընտրությունների, իշխանությունը ամեն գնով պահելու գործելակերպի հետևանք են։ Եվ ի՞նչ է հիմա ստացվում, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում այդ և այլ հանցագործությունների կամ ձախողումների համար, որևէ մեկը չի պատժվում մարտի 1-ին քաղաքի կենտրոնում կատարված սպանությունների համար, և ամեն ինչ բարդվում է Սահմանադրության վրա։ Կոնկրետ մեղավորներ կոնկրետ հանցագործությունների համար չկան։ Մեղավոր է նշանակվել Սահմանադրությունը։ Սահմանադրությունը դարձել է քավության նոխազ։ Այս անպատժելիությունը կործանարար է մեր պետության համար։ Այսօր ջանքերը պետք է ուղղել երկրում կուտակված խնդիրների լուծմանը, ոչ թե հասարակության ուշադրությունը շեղել այդ խնդիրներից սահմանադրական փոփոխություններով։ Դրա ժամանակը չէ»,- ընդգծեց պատգամավորը։
Ստեփան Դեմիրճյանը պատահական չի համարում, որ հասարակությունը հիմնականում անտարբեր է սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, քանի որ շատ լավ գիտակցում է, որ խնդիրը ոչ թե Սահմանադրության թերությունների մեջ է, այլ նրանում, որ սահմանադրական նորմերը մնում են թղթի վրա, և որ մարդկանց մի խումբ, ոտնահարելով սահմանադրությունը, յուրացրել է իշխանությունը և սահմանադրական փոփոխություններն էլ օգտագործում է իր իշխանությունը երկարաձգելու համար։ Նա նշեց, որ ակնհայտ է, որ չկա սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ։
Սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտության դեպքում պետք է նախաձեռնի բարձր լեգիտիմությամբ օժտված, ժողովրդի կողմից ընտրված, Սահմանադրությունը հարգող, ոչ թե Սահմանադրությունը խախտող իշխանությունը։ Սահմանադրական փոփոխություններ քարոզելու բարոյական իրավունք չունեն կեղծիքների և բռնությունների համար պատասխանատու քաղաքական ուժերը։
Պատգամավորը կարծում է, որ նախևառաջ պետք է վերականգնել հավատը ընտրական համակարգի նկատմամբ, երկրում ձևավորել վստահության մթնոլորտ։
«Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում էլ է նշվում, որ հետևողականորեն չի իրացվում Սահմանադրության երկրորդ անփոփոխ հոդվածը, համաձայն որի՝ ժողովուրդը իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով։ Հետևաբար, առաջին հերթին պետք է կյանքի կոչել Սահմանադրության երկրորդ անփոփոխ հոդվածը։ Սրանից է պետք սկսել։ Դա էապես կփոխի երկրում տիրող գաղջ բարոյահոգեբանական մթնոլորտը և հիմք կհանդիսանա երկրի բնականոն զարգացման համար»,- իր ելույթը եզրափակեց Ստեփան Դեմիրճյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել