
«Այս պայքարն ավելի մեծ գաղափար ունի, քան 7 դրամը»
«Ես իմ ապագան Հայաստանում չեմ տեսնում, արտասահմանում եմ տեսնում: Մեր երկրում տիրող իրավիճակը ստիպում է, որ իմ ապագան տեսնեմ ուրիշ տեղ»,- ասում է Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնությանը միացած Գայանե Խալաթյանը: Նա սովորում է Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի ֆակուլտետի երկրորդ կուրսում: Գայանեն նշում է, որ երկրից գնալու իր որոշումը կարող է փոխել, երբ տեսնում է երիտասարդության եռանդը Բաղրամյան պողոտայում: Ինքն էլ հիմա այդ երիտասարդների կողքին է, քանի որ դեռևս հույս ունի, որ իրավիճակը կփոխվի: Ձեռքին պահել է «Լույս և հույս իմ երկրին» պաստառը: Ասում է՝ «հույս» բառը հայրն է հուշել, որ գրեն: «Սկզբի օրերին հույս չկար, որ արդյունք կստանանք, բայց իրավիճակը ստիպեց փոխել միտքս, հավատացի, որ հնարավոր է դեմ գնալ կառավարությանը պայքարելով»,- ասում է նա:
Լիլիթ Վարդանյանը պոնչիկներով լի արկղով քայլում էր պողոտայի մի մայթից մյուսը՝ այնտեղ գտնվող մարդկանց հյուրասիրելով: Նա աշխատում է հյուրատանը, տուրիզմի ֆակուլտետն է ավարտել: Ասում է՝ եկել է պողոտա մի նպատակով, որ լույսը չթանկացնեն:
Աստղիկ Միրզաբեկյանը քաղաքագետ-տնտեսագետ է մասնագիտությամբ, այժմ աշխատում է որպես մարկետոլոգ: Ասում է՝ երկու օր առաջ է միացել ակցիայի մասնակիցներին: «Երբ տեսա, որ իմ տարիքակիցների հանդեպ բռնություն է կիրառվում, այդ կադրերից մարմնովս սարսուռ անցավ, մանավանդ որ այդ օրը ծնողներիս ասում էի՝ ախր, ուզում եմ գնալ էնտեղ: Մի տեսակ մեղավորություն էի զգում, մի տեսակ կատաղություն էր առաջացել, հետո սկսեցի գալ Բաղրամյան պողոտա, մասնակցել նախաձեռնությանը»,- նշում է Աստղիկը: Ասում է՝ տանը թեև մի քիչ վախով են վերաբերվում իր մասնակցությանը, բայց համակերպվել են, նույնիսկ մայրն ասել է, որ ինքն էլ է ուզում գալ, որ հանկարծ մի բան լինի՝ պաշտպանի:
«Հովիկ Աբրահամյանն ասաց, որ զիջումների չեն գնալու՝ առաջ բերելով երեք անիմաստ պատճառ: Սա հաշվի առնելով՝ կարծում եմ՝ պայքարն ավելի է լրջանալու, և առաջ է գալու ոչ միայն էլելտրաէներգիայի թանկացման պահանջը, այլև, եթե այդպես շարունակվի, իշխանությունները զիջման չգնան, իշխանության հրաժարականի պահանջը»,- նշում է Աստղիկ Միրզաբեկյանը՝ ավելացնելով, որ կարևորը՝ շարժումը շարունակի մնալ քաղաքացիական, և քաղաքական ուժերը չօգտագործեն իրենց նպատակների համար:
Վահան Կոստանյանը արևելագետ է, սովորում է ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետում: Ասում է, որ սոցիալական անարդարության հողի վրա կատարված որոշումը չեղարկելու համար է միացել նախաձեռնությանը: Վահանի խոսքով՝ երկրում նոր որակ պիտի ձևավորվի: Նշում է, որ ՀԷՑ-ում գրանցված գողությունների մասին հայտարարությունները ոչ մի ընթացք չեն ստացել, մինչդեռ այդ գողությունը փոխահատուցվում է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից:
Նա մասնակցում է ակցիային առաջին օրվանից: Հունիսի 23-ի առավոտյան, ինչպես մի քանի տասնյակ ակտիվստիների, նրան ևս բերման էին ենթարկել ոստիկանություն: Վահանն ասում է, որ չէր սպասում, որ ոստիկանությունը ջրցան մեքենան գործի կդնի. «Էդ պահին մի աներևակայելի զգացում էր, որ ջրցանը գալիս էր, և բոլորը նստած գոռում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի»: Երևի այդ օրը կյանքիս ամենալավ օրերից էր, հենց այդ վայրկյանը»:
Վահան Կոստանյան | Տրդատ Սարգսյան |
Տրդատ Սարգսյանը ևս արևելագետ է, երկրորդ մասնագիտությամբ՝ իրավագետ: Երկրի մասին մտահոգություններ ունի, բայց պայքարի այս մի քանի օրերին, ասում է, հերթով փարատվում են այդ մտահոգությունները:
Ինչ վերաբերում է վարչապետի այսօրվա հայտարարությանը, թե սակագնի բարձրացման որոշումը անփոփոխ է մնալու, իսկ սոցիալապես անապահով ընտանիքներին էլ կսուբսիդավորեն (նպաստը կավելացնեն 24.000 դրամով), Տրդատն ասում է. «Այսօր պաշտոնյաների խոսքերը շատ արագ փոխվում են: Էական որևէ բան չկա: Բողոքը շարունակելու ենք մինչև հաղթանակ: Իսկ հաղթանակը մեր պահանջների բավարարումն է լինելու՝ տվյալ իրավական ակտի չեղարկում, այդ հանձնաժողովի կազմի փոփոխություն, այնպիսի մարմնի ստեղծում, որը կվերահսկի տվյալ բնույթի կազմակերպությունների աշխատանքի թափանցիկությունը»: Նա շեշտում է, որ «այս պայքարն ավելի մեծ գաղափար ունի, քան 7 դրամը»:
Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել