
Պատգամավորը նշել է, որ ՀԷՑ-ի բարեգործությունների թվում է եղել Հովիկ Աբրահամյանի եկեղեցին
ԱԺ-ում շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության մասին լսումները: Այն վարում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով երբեմն պատգամավորներին, հիմնականում՝ ոչ իշխանական, դիմում է «դու»-ով: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նրան ուղղեց՝ ասելով, որ իրեն «Դուք»-ով դիմի: Այվազյանն ասաց՝ «պարոն Դուք»: Ա. Մանուկյանն էլ թե՝ ով նստում է ԱԺ-ի նախագահի աթոռին, իրեն «ցար» է զգում:
ՀԱԿ պատգամավորը թվարկեց ՀԷՑ-ի կողմից արված բարեգործությունները՝ նշելով, որ դրանք իրականացվել են մանկատներում, ծերանոցներում, դպրոցներում, բարեգործության մեջ է մտել նաև Հովիկ Աբրահամյանի եկեղեցին, ևս 7 այլ եկեղեցիների նորոգում և այլն: Պատգամավորը հարցրեց, թե ով է դիմել ՀԷՑ-ին՝ նման բարեգործություններ անելու համար:
«Ասացիք, որ վարկեր են վերցրել՝ տնտեսապես չհիմնավորված, որոնց 200 մլն-ի երաշխավորը կառավարությունն է: Այսինքն՝ կառավարությունը չէ՞ր կարող այդ հարցը տալ Բիբինին, թե ինչու ես այդքան բարձր տոկոսներով վարկեր վերցնում, որը հետո դառնալու է պարտք, ծանրանալու է որպես բեռ»,- Ռ. Նազարյանին հարցրեց ՀԱԿ պատգամավորը: Ապա ավելացրեց, թե արդյոք կառավարությունը չէ երաշխավորել «Նաիրիտի», «Քիմպրոմի» «Գլենդել Հիլզի» համար, որ պարտքերը չվճարվեն: Ապա մեջբերեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի այն խոսքերը, թե տարեկան 10 մլրդ դրամ պարտքի 30 տոկոսը բնակչության պարտքն է: Մանուկյանը նշեց, թե ինքը նման օրինակ չգիտի, որ բնակիչը չվճարի, բայց հոսանք ստանա:
Ռ. Նազարյանն էլ ասաց, թե բարեգործությունների մասին թող պատգամավորը ընկերության ղեկավար Եվգենի Բիբինին հարցնի, ապա նշեց, թե Բիբինը որպես ՀԷՑ-ի տնօրեն իր սեփականատերերի հետ կարող է ունենալ բյուջե և բարեգործություններ անել: Հետո նշեց, որ իրեն հետաքրքիր չէ, թե ինչու են բարեգործություններ արել, բայց դրանք, ըստ նրա, արվել են Հայաստանում. «Եկեղեցին հանենք, մնացածը լավ է, չէ՞, որովհետև եկեղեցի կառուցողներ շատ կան»:
Ինչ վերաբերում է կառավարության՝ վարկերի երաշխավոր լինելուն, Նազարյանն ասաց, թե ինքը մի դեպք է հիշում՝ ճապոնական արտոնյալ վարկը, որտեղ կառավարությունը երաշխավոր է եղել:
«Նաիրիտի» պարտքերի մասին էլ նշեց, թե անկեղծ է պատասխանելու. ՀԷՑ-ը երբ տեսել էր, որ գործարանը մեկ ամսվա էլեկտրաէներգիայի գումարը չի վճարել, դեռ այն ժամանակ պիտի անջատեր հոսանքը:
Մեկնաբանել