
«Զոհված տղաները եթե լինեին հիմա, ուրիշ պետություն կունենայինք»
Ստեփանակերտի հոսպիտալի միջանցքում սպասում ենք 5 բուժքույրերի: Կամաց-կամաց հավաքվում են: Մեր խոսակցությունը սկզբից դժվարությամբ է սոսնձվում: Նրանց հարցը, թե ինչու ենք հանկարծ հիշել պատերազմի բուժքույրերին, ավելի շատ հռետորական է հնչում: Բոլորի հայացքներում մի տեսակ տխրություն կա, և անվստահորեն էլ համաձայնություն են տալիս խոսել պատերազմի ժամանակ իրենց կատարածի մասին: Պատերազմից 21 տարի անց այս կանայք մտածում են, որ իրենց արածը ներկայում այլևս չհիշվող է: Նրանցից ամեն մեկի պատմությունը կներկայացնենք առանձին:
Լիդա Աղաբեկյանը նախ խնդրում է չլուսանկարել իրեն: Ասում է՝ առհասարակ չի սիրում երևալ:
1991 թ.-ի նոյեմբերին նոր էր ընդունվել աշխատանքի Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի վիրահատարանում: Հիվանդանոցում բժիշկ Վալերի Մարությանն ասել էր, որ պատրաստվի տեղ գնալու, բայց տանը պիտի չասեր այդ մասին: Ընտանիքում 4 աղջիկ էին: Քանի որ գիտեր, որ հայրը չէր համաձայնի պատերազմի դաշտ գնալու մտքին, այնտեղ բուժքույրական գործով զբաղվելուն, չէր ասել նրան: «Քույրերիս ասացի՝ վաղը տեղ եմ գնալու, ու վերջ»,- ժպտալով հիշում է Լիդան: Մարտական առաջին մեծ գործողությունը Հադրութում էր: «Հադրութից որ եկա, զանգեցի, ասացի՝ պապ, կարելի՞ է գալ տուն»,- հիշում է նա: Այդ ժամանակ 21 տարեկան էր: Տնեցիները, Լիդայի խոսքով, համակերպվեցին իր որոշմանը: Ինքն էլ հորն ասում էր, թե տանը տղա չկա, «հաշվիր, ես էլ քո տղան եմ»:
Մարտական գործողությունն սկսվելուց առաջ բուժական անձնակազմը բազավորվում էր այնպիսի հատվածում, որ ոչ շատ մոտ լինի կռվի դաշտին, ոչ էլ հեռու: Երկու ժամում ժամանակավոր բուժկետը կարգի էին բերում, որտեղ նույնիսկ վիրահատություններ էին անում: Դա սկզբնական շրջանում էր, հետագայում դաշտային հոսպիտալը հիմնավորվեց, և բուժանձնակազմն աշխատում էր հերթափոխով: Լիդան ասում է, որ բացի Մարտունուց, մյուս բոլոր վայրերում մասնակցել է մարտական գործողությունների՝ Շուշի, Բերձոր, Մարտակերտ, Քարվաճառ, Ֆիզուլի և այլն:
«Գիտեք, ի՞նչն է հետաքրքիր՝ էն, ինչ կատարվել է այդ մի քանի տարում, հիշում եմ, բայց ինչ եղել է դրանից առաջ ու հետո, ոչ մի բան չեմ հիշում: Բաներ կան, որ մանրամասն հիշում եմ»,- ասում է զրուցակիցս:
Կանաչ կոնյակ
Դժվար, ծանր. այսպիսի բառեր քիչ է օգտագործում: Դրա փոխարեն մի դեպք է պատմում: «Այդ տարիներին խմել էինք սովորել: Հիշում եմ, մի անգամ վիրահատությունից դուրս եկան, կարծեմ Հադրութում էր, բժիշկ Բազյանն ասաց՝ հանկարծ հետ չնայեք, եկեք: Կանաչ կոնյակ տվեց մեզ (դա չմշակված կոնյակ էր), հետո ասաց՝ դե, գնացեք քնելու: Դժվար էր, բայց մի ձևով հաղթահարում էինք»,- նշում է նա:
Ասում է՝ ամենադժվարը իրենց ընկերների կորուստի մասին լսելն էր: Հիշում է՝ մի անգամ Ֆիզուլիում էին, վիրավոր էին բերել, թեթև վնասվածք ուներ, մշակելուց հետո իրենց ասում են, որ այդ օրը մահացածների թվում է նաև իրենց տղաներից մեկը՝ Պետոն (հետագայում Արցախի հերոսի կոչում ստացած Պետրոս Ղևոնդյանը): Այդ վիրավոր տղան երևի մտածում էր, նկատում է Լիդան, որ Պետոյի մահվան մասին լսելով, իրենք այլևս չէին կարող աշխատել:
«Ամեն կորստի հետ մեծ ցավ էինք ապրում, բայց ժամանակ չկար, ամեն օր մեկին կորցնում էինք: Իմ քեռու տղային էլ էի կորցրել, մեր մտերիմներն ամեն պոստի գնալուց առաջ գալիս-տեսնում էին մեզ, գնում, էդ անգամ գնաց ու չեկավ, Կիչանում արկի վրա պայթեց: Բայց մարդ էակն այնպիսին է, որ հարմարվում է: Իմ տղայի մահից հետո որ սկսել եմ ապրել, հարմարվել եմ»,- նկատում է Լիդան: Սա ասելուն պես լռում է:
Լիդայի 4-ամյա որդին մահացել է 5 տարի առաջ գլուխուղեղի ուռուցքից: 10 տարեկան մի տղա ունի, բայց կորցրածի ցավն անընդհատ կրծում է նրան: Երբ սա պատմում էր, ձայնը թրթռում էր, հետո աչքերը խոնարհեց: Որդու մահից հետո, ասում է, խոստացել է, որ որևէ ելույթ չի ունենալու, հրաժարվել է անգամ բուժքույրերի մասին պատրաստվող տեսաֆիլմում նկարահանվել:
«Мне не до этого: Հոգնել ենք արդեն, մենք մեր անձնական խնդիրներն ունենք»,- ասում է նա: «Ինչի՞ց»,- հարցնում եմ: «Շատ բանից: Հեշտ չի, երբ կողքից տեսնում ես՝ լավ կռված տղան ինչ օրի է հասել, հիմա իրենք էնպես չեն ընդունվում մյուսների կողմից, էդ վիրավորներին էնպես չեն ընդունում: Իմ փեսան գնաց-կռվեց, Պռոշյանում սպանեցին (նկատի ունի Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանին- հեղ.), ինչի՞, դրա համար էր կռվե՞լ»,- այս խոսքերը, կարծես, ժայթքում են:
Ներկայի հետ անհաշտությունը
Երևանում տուն ունի, բայց չի ապրում այնտեղ: Ղարաբաղն է սիրում: Կյանքում ամեն ինչին հասել է իր ուժերով, որևէ բան սկուտեղով չեն մատուցել: Նկատում է, որ այսօր մարդկանց մեջ աշխատասիրության պակաս կա: Ամենքն ուզում են լավ ապրել, իսկ դրա համար, նրա կարծիքով, շատ աշխատել է պետք: Բուժքրոջ ասելով՝ տղաներ կան, ովքեր կռվել են, ողջ են մնացել ու պիտի իրար թիկունքին կանգնեն, օգնեն, աշխատեն, ոչ թե բողոքեն ապրելակերպից: «Նույն բլինդաժում նստածներն էլի իրար չեն պաշտպանում, եթե դուք իրար չեք հասկանում, կողքից ո՞վ կհասկանա»,- նշում է Լիդան:
«Հետաքրքիր բան է: Պատերազմի ժամանակ մի ընտանիքի պես էինք, քույր-եղբայր, էդ տարիներին մի վրանում կարող էինք քնել, բայց պատերազմից 1 տարի էր անցել, որոշել էին Շահումյանի գյուղերը վերցնել, էդ ժամանակ չհամաձայնեցի մնալ նույն վրանում, ասացի՝ չէ, առանձին վրան պիտի լինի, չնայած նույն մարդիկ ենք, է~: Մարդիկ հասցրել էին փոխվել, կենցաղային հարցեր էին ի հայտ եկել, կամաց-կամաց հեռանում էին: Արժեքները, իհարկե, փոխվեցին: Էն օրն իմ ավագ քույրն ասում է՝ դու շատ փոքր մարդ ես, որ ինձ բան ասես»,- պատմում է Լիդան: Երբ հարցնում եմ, թե ինչ կորցրեցինք, պատասխանում է. «Կորցրեցինք ազգի սերուցքը, էն տղաները, ովքեր զոհվեցին, եթե լինեին հիմա, ուրիշ պետություն կունենայինք»:
Պատերազմը վերսկսելու դեպքում ինքը նորից է գնալու: Համոզված է, որ հիմա բարձր դիրքեր ու պաշտոններ ունեցող մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիակը թողել-փախել են, նույն ձևով կվարվեն հետագայում: «Մեզ նման խելագարներն էլի կգնան, որովհետև մենք դրսում ոչինչ չունենք»,- ասում է նա: Քիչ անց ավելացնում է, որ իրեն գնահատված է զգում: Միայն թե չի կարողանում հաշտվել առաջնագծում ջահել տղերքի կորստի հետ:
«Մեկ-մեկ որ տղերքը զոհվում են, Արիության մեդալ են տալիս մորը, դա չեմ ընդունում: Ես 4 տարեկանի եմ կորցրել, բայց էն մայրը, որ 18 տարեկանի է կորցրել, ոչ մի մեդալով չես կարող հետ բերել, չես կարող սփոփել մոր ցավը: Այ, դա չեմ կարողանում ընդունել: Պիտի էնպես անեն, որ նվազագույնի հասցնեն զոհերի թիվը, ամեն մեկիս մեղքն է: Դրա հետ չեմ հարմարվում, որ էս խաղաղ պայմաններում մեր էրեխեքը գնում, զոհվում են: Մեդալո՞վ են խաբում, դե թող էդ իրենց տղաներից մեկն էլ գնա առաջին գիծ, թող ասեն մեկին, որ իր տղան գնացել-զոհվել է: Չկան այդպիսինները»,- նշում է բուժքույրը:
Նորից լռում ենք: Հետո հասկանում ես, որ լռությունն ավելի շատ շերտեր է բացում, ավելի շատ հարցեր առաջ բերում. «Հաղթանակը պահում ենք թանկ գնով: Իսկ էդ մեդալների ու զոհերի փաստի հետ չեմ հաշտվում: Պատերազմի վերսկսման հնարավորություն կա ամեն վայրկյան: Էդքան շատ չենք, որ էդքան կորցնենք»:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել