
Բունդեսթագի որոշմանը սպասելիս
Այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանը գտնվում է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: ԶԼՄ-ների առաջին էջերում ակտիվորեն քննարկվում և լուսաբանվում է Հայոց ցեղասպանության` այս կան այն երկրի կողմից ընդունման հարցը: Հետաքրքրական է նաև Գերմանիայում տիրող մթնոլորտը, դաշնային կառավարության դիրքորոշումը այս հարցի շուրջ:
Գերմանիայում բոլորն էլ շատ լավ գիտակցում ու ընդունում են, որ ցեղասպանություն եղել է: Ինչպես ասում են, գիտականորեն ապացուցված է, որ ցեղասպանություն եղել է, դա փաստ է: Ամենուր բացահայտ գրվում և հայտարարվում է ցեղասպանության և միաժամանակ նաև Գերմանիայի պատասխանատվության մասին: Այլ հարց է, երբ գալիս է ցեղասպանության` քաղաքական գործիչների կողմից ընդունման խնդիրը: Ապրիլի 24-ին՝ Գերմանիայի խորհրդարանում տեղական ժամանով 09:00-ին, տեղի կունենա ցեղասպանության վերաբերյալ նոր նախագծի շուրջ մոտ մեկ ժամ տևողությամբ քննարկում:
Ձախերի խոհրդարանական խմբակցությունը (Die Linken) առաջարկել է նոր բանաձև ընդունել, որտեղ բացահայտ կիրառվում է «ցեղասպանություն» եզրույթը: Նրանց են միանում նաև կանաչները (Die Grünen), բայց այլ է իշխող կոալիցիայի (ՔԴՄ/ՔՍՄ և սոցիալ-դեմոկրատներ) վերաբերմունքը այս հարցին. կան մի շարք պատգամավորներ, ովքեր, կանաչներին և ձախերին միանալով, կառավարությունից նույնպես պահանջում են հստակ դիրքորոշում` 1915 թ.-ի կոտորածները «ցեղասպանություն» որակելով, իսկ կան պատգամավորներ, ովքեր Թուրքիային «չզայրացնելու» և «մի հին պատմության համար» ներկայիս տնտեսաքաղաքական հարաբերությունները չվատթարացնելու պատճառաբանությամբ դեմ են արտահայտվում: Գլխավոր հիմնավորումներից մեկն այն է, որ Թուրքիան անհրաժեշտ է Եվրոպային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, կամ էլ ավելի լավ է ՆԱՏՕ-ում ունենալ Թուրքիա, քան աշխատել առանց Թուրքիայի: Բացի դրանից, եթե Արևմուտքի կոնֆլիկտը Ռուսաստանի հետ ավելի լարվի, ապա Արևմուտքն անպայման կունենա Թուրքիայի կարիքը:
Հարկ է նշել, որ ներկայումս Գերմանիայում բոլոր ուժերն անհամբեր սպասում են Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի ելույթին, ով ապրիլի 23-ին՝ տեղական ժամանակով 19:15-ին, մասնակցելու է Բեռլինի տաճարում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին:
Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ է, երբ երկրի նախագահը մասնակցում է նման արարողակարգի: Հուսանք՝ նրա շուրթերից մենք՝ հայերս, վերջապես կլսենք այսքան տարի սպասված իրական դեպքը իրական անունով անվանող բառերը, որն էլ կարծում եմ իր ազդեցությունը կունենա Բունդեսթագում ապրիլի 24-ին Ցեղասպանության վերաբերյալ նոր նախագծի ընդունման որոշման վրա:
Վարսենիկ Մինասյան
քաղաքագետ, Բեռլին
Մեկնաբանել