
«ՕԵԿ-ը 2008թ. ընտրություններից հետո փաստացի դադարել է գոյություն ունենալուց»
«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը
Ի՞նչ ենթատեքստ ունի «կոտրած տաշտակի» առջև կանգնելու մասին վարչապետի հայտարարությունը, և իրականում ու՞մ է այն ուղղված:
Կարող ենք ենթադրել, որ դա ուղղված էր ԲՀԿ-ին, բայց երկու օր հետո վարչապետի մամուլի խոսնակը դա հերքեց, և ստացվեց օդի մեջ կրակոց: Այդ հայտարարությունը հոգեբանական ճնշման փորձ էր և PR տեխնոլոգիայի կարգին պատկանող հայտարարություն` ԲՀԿ-ի նկատմամբ: ԲՀԿ-ի պատգամավորներից մեկն էլ խորհրդարանում հայտարարեց հերքումը, և դուրս եկավ, որ վարչապետի հայտարարությունից ոչինչ չստացվեց:
Վարչապետն իրականում ի՞ր կարծիքն էր հայտնում, թե՞ ՀՀԿ-ի տեսակետն էր, որ հնչեց վարչապետի բերանից:
ՀՀԿ-ի տեսակետը հայտնում են ՀՀԿ-ի նախագահը և մամուլի քարտուղարը: Ոչ նախագահը, ոչ էլ մամուլի խոսնակը նման հայտարարություն չեն արել, դրա համար կարող ենք ենթադրել, որ դա վարչապետի տեսակետն էր: Ուղղակի վարչապետի բերանով ասում էր նախագահը, բայց ոչ ոք չի կարող ասել, որ դա կուսակցության տեսակետն էր:
Իրականում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև տարաձայնություններ կա՞ն, թե՞ նման կարգի հայտարարությունները ձևական են:
Քաղաքական դաշտում եղած բոլոր 5 ուժերի միջև էլ գոյություն ունի պայքար: Հակասություն ոչ մեկի միջև էլ չկա, կա սովորական նախընտրական շրջանին բնորոշ պայքար, որը ձևական չէ, և աշխարհի բոլոր երկրներում էլ, անկախ նրանից՝ կոալիցիայի մեջ են, թե ոչ, անում են հայտարարություններ, որոնք մեկը մյուսին չեն համապատասխանում: Դա կուսակցությունների, քաղաքական ուժերի պայքարի կոնտեքստի մեջ է: Սա նորմալ պայքար է և տանում է դեպի պառլամենտական ընտրություններ` հնարավորինս շատ ձայներ խլելու համար:
Թեև «Օրինաց երկիր» կուսակցությունը իշխանության մեջ է, սակայն պասիվ դերակատարում ունի: Ինչո՞ւ է ՕԵԿ-ը քաղաքական լուսանցքում հայտնվել:
ՕԵԿ-ը 2008թ. ընտրություններից հետո փաստացի դադարել է գոյություն ունենալուց: ՕԵԿ-ը գոյություն ունի միայն իրավական հարթության մեջ, այսինքն` գրանցված է արդարադատության նախարարությունում և դե յուրե գոյություն ունի, իսկ քաղաքական դաշտում գոյություն չունի: 2008թ. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես էր գալիս պայքարողի կերպարով և կրիտիկական պահին` մարտի 1-ից առաջ, դավաճանեց իր ընտրազանգվածին:
Շատ հաճախ են փաստերը խեղաթյուրում, թե նա պետք է միանար ՀԱԿ-ին: ՀԱԿ-ին միանալու խնդիր չուներ, նա պետք է հավատարիմ մնար իր ընտրազանգվածին, որի մեջ պետք է տեսներ իր շահերը առաջ տանողին: Իր շահերը առաջ տանելը փոխեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի հետ, ինչի արդյունքում էլ իր ընտրազանգվածի մոտ կորցրեց պայքարողի վստահությունը: Դրա համար «Օրինաց երկիր» կուսակցություն այլևս չկա, և դրա մասին խոսելն անիմաստ է:
Այստեղ մի հարց էլ կա: Մինչև 2008թ. ՕԵԿ առաջնորդը միշտ հրապարակային գործիչ է եղել. խորհրդարանի նախագահ, թե ընդդիմություն՝ նա միշտ խոսել է, ելույթներ է ունեցել: 2008-ից հետո նա փակվեց կաբինետում: Կաբինետում նստել և ընտրազանգված հավաքել շատ բարդ է, եթե չասենք անհնար է: Հենց կաբինետում նստելն էլ նրան «թաղեց» որպես քաղաքական գործիչ: Արդեն կան խոսակցություններ, որ ԱԺ-ում մի քանի տեղ ունենալու միակ ճանապարհը ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի անցողիկ տեղերը զբաղեցնելն է: Միայն այդ ձևով կարող են մտնել խորհրդարան, այլ ճանապարհով անհնար է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել