HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձկնաբույծները վշտի մեջ են

Այս տարվա 10 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է մոտ 263 տոննա ձուկ: Այս թիվը, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի' «Հետքին» տրամադրած տվյալների, գերազանցում է արտահանման նախորդ 4 տարիների ցուցանիշները միասին վերցրած (Տես' աղյուսակ 1): Ընդ որում' ձկան արտահանումը հիմնականում կազմակերպվել է ինքնաթիռով, քանի որ չի աշխատել Փոթի նավահանգստի լաստանավը, եւ ավտոմոբիլային տրանսպորտով հնարավոր չի եղել ձուկ արտահանել ՌԴ:

Հայաստանում պաշտոնապես գրանցված է 234 ձկնաբուծական տնտեսություն (ոչ պաշտոնապես հաշվարկվում է 292), որոնք զբաղեցնում են 2677.6 հա ջրային մակերես: 2009-ին արտադրվել է 5400տ ձուկ:

աղյուսակ 1

Այս տարվա 10 ամիսների տվյալները վկայում են, որ նախորդ տարվա 5400 տ-ի մակարդակը կպահպանվի, հնարավոր է' ավելանա 200 տոննայով: Համաշխարհային շուկայում տարեկան 40 հազար տոննա թառափ է արտադրում, Հայաստանն արտադրում է 800 տ, այսինքն' աշխարհում արտադրվող թառափի 2%-ը:

«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ Արկադի Գեւորգյանի կարծիքով, հնարավորություններն ավելի շատ են, բայց անհրաժեշտ է թիկունք. Կառավարությունը ոչ թե պետք է խոչընդոտի, այլ նպաստի ձկնաբուծության զարգացմանը:

Մի կողմից' Կառավարությունն աջակցել է ձկնաբույծներին, լուծել արտահանման խնդիրը (ՌԴ-ն սահմանափակել էր Հայաստանից ձկան արտահանումը, եւ Կառավարության միջամտությամբ հարցը լուծվել է:

Այժմ Կառավարությունը բանակցում է Եվրամիության հետ' եվրոպական շուկա մուտք գործելու համար): Մյուս կողմից' Կառավարության այս ջանքերը միջին ձկնաբույծներին այլեւս օգուտ չեն տա, եթե ծագած խնդիրները չլուծվեն ձկնաբուծական տնտեսությունների օգտին:

«Մենք մեր գործը մեր քրտինքով ենք ստեղծել, եւ այսօր մեր ամբողջ կյանքի գործին վտանգ է սպառնում, եւ ինչ-որ սխալ լուծումների պատճառով կարող ենք շատ բան կորցնել»,- ասում է Ա. Գեւորգյանը:

Արտահանման ցուցանիշներով հպարտանում են նաեւ ձկնաբույծները եւ նշում, որ արտահանման հնարավորություններն ավելին են, սակայն վերջին շրջանում Կառավարության նախաձեռնությունները' ջրաչափերի տեղադրում, հողերի կատեգորիաների փոփոխում, ջրահեռացման համակարգի ներդնում, կարող են վտանգել ձկնաբույծների գործունեությունը:

Ձկնաբույծ Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 18-ին տեղի ունեցած ձկնաբույծների արտակարգ համագումարում այս գործընթացը նմանեցրեց «առանց անզգայացման ոտքի ամպուտացիա անելուն», ընդ որում' այն ոտքի, որը դեռ երկար տարիներ պիտանի է լինելու:

Հիշեցնենք, որ ձկնաբուծական տնտեսություններին առաջարկվել էր չափել օգտագործված ջուրը, քանի որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը պակասում են, արտեզյան հորերը' ցամաքում, ինչը նաեւ ազդել է համայնքների խմելու եւ ոռոգման ջրերի վրա:

Այս խնդրին «Հետքն» անդրադրձել էր նախորդ համարներում: Տ. Խաչատրյանը հարցնում է, թե ինչու այս պահին, երբ հանրապետությունը կանգնած է այնպիսիս մարտահրավերների առջեւ, ինչպիսիք են' տնտեսական ճգնաժամը, աշխատատեղերի պակասը, արտագաղթը, ռազմական դրությունը, Կառավարությունը որոշել է նման խստություն ցուցաբերել:

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը խոստովանում է, որ տարեկան արտադրության ծավալները լուրջ դերակատարություն են ունեցել տնտեսության զարգացման վրա, սակայն օրական մարդկանց աչքի առաջ ապօրինի կամ նույնիսկ թույլատրություն ստանալով «ծակվում է ընդերքը»:

Մինչդեռ Հայաստանում դեռ 1982 թ. որոշում էր ընդունվել արգելել Արարատյան դաշտում արտեզյան հորերի հորատման գործընթացը' հաշվի առնելով ստեղծված ծանր կացությունը:

«Ո՞ւմ վրա ենք հույսներս դրել, մինչեւ ե՞րբ, մի օր պետք է խելքի գա՞նք, թե՞ ոչ: Նկատի ունեմ առաջինը ինձ, բնապահպանության նախարարության գործընկերներին, ավելի բարձրաստիճան ղեկավարներին, եկել է ժամանակը կանոնակարգված աշխատանք տանելու»,- նշում է փոխնախարարը:

Ս. Գալստյանը հիշեցրեց ձկնաբույծներին, որ ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ) ստանալիս իրենք ստորագրել են այն պայմանների տակ, որ պետք է ունենան ջրաչափ, ջրահեռացման համապատասխան վայր, համապատասխան ժամկետներում տրվող ջրաքանակների, ժամկետների թույլտվություն եւ հողի կատեգորիայի փոփոխություն:

«Ի՞նչ է նշանակում ՋԹ ստանալ X լիտրի համար, բացվել է շատրվանող 300-ից ավելի, դա իր հոր սեփականությունը չի, դա մեր ազգային հարստությունն է, եւ այն ձկնաբույծի հարստությունը, որն այսօր փաստի առաջ է կանգնած եւ ջուր չունի ձուկ պահելու համար, ստիպված վաճառում է ձկնաբուծական տնտեսությունը»:

 աղյուսակ 2

Ձկնաբույծներն էլ հակադարձում են, թե ձկնաբուծական տնտեսությունների մոտ 80 %-ը վարկեր ունի, իսկ նոր ֆինանսական ծախսերը փակման եզրին կկանգնեցնեն նրանց:

«Ես, օրինակ, 17 մլն վարկի տակ եմ, Մասիսի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկից», որն ասում է' «միասին դեպի բարեկեցություն»: Բարեկեցություն' նայած ում համար, բայց ոչ վարկ վերցնողի: 26%-ով վարկ եմ վերցրել, ու դա կոչվում է գյուղացիական վարկ, որն ուզում է օգնել գյուղացիներին: Ով վերցնում է' ընկնում է հերոսի մահով, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ասում է ձկնաբույծ Շահեն Պողոսյանը: Նա առաջարկում է Աժ-ում հարց բարձրացնել Հայաստանում նույն ոլորտի վերաբերյալ երկու օրենք ընդունելու մասին. մեկը' իշխանավորների, մյուսը' բանվորների ու գյուղացիների համար. «Ինչ գալիս է' քյասիբ գյուղացու վրա է տարածվում»:

Ո՞վ պետք է տեղադրի ջրաչափը

Արկադի Գեւորգյանը եւս ձկնաբուծական տնտեսություններ ունի եւ ասում է, որ ձկնաբույծների համար պարզ չեն ջրաչափման վերաբերյալ մոտեցումները:

Նրանք համաձայն են ջուրը չափել, բայց ավելի էժան մեթոդով, իսկ եթե պարտադիր է ջրաչափման սարք տեղադրել, պետությունն ինքը պետք է տեղադրի իր միջոցներով, ջրօգտագործման կարգավորումն էլ պետք է արդար լինի. «Երբ մեզ ասում են, որ ջուրը սակավանում է, մենք դա հասկանում ենք, բայց վերջին երեք տարիներին այնքան թույլտվություն է տրվել, որ երեւի գերազանցել է բոլոր թույլատրությունները: Մենք պետք է հասկանանք' մեզ սահմանափակում են ինչ-որ մեկի՞, թե՞ ջուրը կառավարելու համար»:

Թանկարժեք ջրաչափ տեղադրելու փոխարեն Արկադի Գեւորգյանն առաջարկում է ներդնել Շունտի սկզբունքը, քանի որ այն արդյունավետ է եւ դրական է գնահատվել Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի, ԵՊՃՀ-ի գիտնականների կողմից:

Գյուղատնտեսության փոխնախարար Ս. Գալստյանն առաջարկեց փաստաթուղթ կազմել, ստորագրել այն, կցել գիտնականների եզրակացությունը, որ Շունտի սկզբունքը լիակատար փոխարինում է առաջարկվող հաշվիչներին, ներկայացնել Կառավարություն:

Սակայն տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը տեղեկացրեց, որ Շունտի գաղափարն իրենց ծանոթ է, եւ հանձնաժողովն այն մերժել է:

«Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Յ. Ջավադյանը հիմնավորել է, որ այն չի կարող փոխարինել ջրաչափին: Բայց փոխնախարարը խոստացավ գիտնական-մասնագետների տեսակետը եւս փոխանցել փոխվարչապետին:

Հողի կատեգորիայի փոփոխությունը' մահացու հարվա՞ծ

Հողի կարգի փոփոխությունը եւս թանկ կարժենա ձկնաբույծների համար: Ձկնաբուծարանները հիմնականում գործում են աղուտ' 5-րդ կարգի հողերի վրա, իսկ երբ սկսել են ձկնաբուծարաններ հիմնել, պարզվել է, որ պետք է կարգը փոխել, դարձնել արտադրական նշանակության:

Ա. Գեւորգյանն օրինակ է բերում Գայ գյուղը, որտեղ 1 հա-ն 50 հազար դրամ արժե, կատեգորիայի փոփոխության դեպքում կդառնա 19 մլն դրամ, իսկ դա կարող է մահացու հարված լինել ձկնաբուծական տնտեսության համար. «Մենք գործում ենք տասնյակ հա-ի վրա, եւ ողջամիտ չէ այդպիսի վճարումներ անել: Օրենքը պարտադրում է սեփականաշնորհումից հետո 30 օրվա ընթացքում վճարումներ անել: Դա մեզ համար անլուծելի խնդիր է»:

Նա առաջարկում է պետական մոտեցում ցուցաբերել, որպեսզի ճյուղը չմահանա ու չմոնոպոլիզացվի' հիմնավորելով, որ այն եղել է ամենաազատ եւ հավասար մրցակցություն ապահովող ճյուղերից մեկը, որտեղ ոչ մի օլիգարխ կամ մոնոպոլիստ չի եղել, եւ բարձր որակի մրցունակ մթերք է արտադրվել:

Ինչպես է կատարվելու ջրահեռացումը

Ձկնաբույծներին հուզող երրորդ խնդիրը ջրահեռացումն է: Նրանց թույլ չեն տալիս օգտագործած ջուրը հեռացնել դրենաժների միջոցով, քանի որ հատուկ նախագծեր չեն մշակվել եւ համապատասխան վճարումներ չեն արվել:

Իսկ մինչ այդ տնտեսություններն իրենց ջուրը ստիպված են հեռացնել կիլոմետրերով հեռու գտնվող Հրազդան կամ Սեւջուր գետեր, իսկ 1 կմ-ը մոտ 20-30 մլն դրամ արժե:

Այն պնդումներին, թե դրենաժներ ջուր չի կարելի թափել, քանի որ դրենաժները լցվում են եւ հուներից դուրս գալիս, Ա. Գեւորգյանը հակափաստարկ է ներկայացնում' ասելով, որ դա ձկնաբույծների մեղքը չէ, պարզապես դրենաժային համակարգերը երկար տարիներ չեն մաքրվել ու մամռակալել են:

«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթոյանն առաջարկում է երկարացնել ջրօգտագործման թույլտվության եռամյա ժամկետը' հիմնավորելով, որ կան տնտեսություններ, որոնք 10 տարի շարունակ կառուցում են իրենց տնտեսությունը, եւ ներդրողները չեն ցանականա գումար ներդնել, եթե պարզվի, որ 3 տարի հետո հնարավոր է' թույլտվություն չստանան ու չկարողանան շարունակել իրենց գործունեությունը:

Ձկնաբույծների համագումարին մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավորներ: ՀՅԴ խմբակցության դիրքորոշումն այս առումով փոքր-ինչ տարբերվում է: Խմբակցության պատգամավոր Աշոտ Եղիազարյանն ասում է, որ պետք չէ ոլորտի զարգացումը կապել միայն արտահանման ծավալների հետ, պետք է դիտարկել նաեւ ներքին շուկան, չնայած մեծաքանակ վարկային ռեսուրսներ են ուղղվել արտահանմանը:

Իսկ Կառավարության որդեգրած խիստ մոտեցումները, ըստ պատգամավորի, հանգեցնելու են նրան, որ ոլորտից դուրս է մղվելու տնտեսությունների մեծ մասը, եւ այն որոշ սուբյեկտների տնօրինության տակ է ընկնելու:

ԱԺ «Օրինակց երկիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը եւս մտահոգված է ձկնաբույծների խնդիրներով: «Հետքի» ընթերցողներին հիշեցնենք, որ Գագիկ Բաղդասարյանի եղբայրը' Արտյոմ Բաղդասարյանը, Գայ գյուղում ձկնաբուծական տնտեսություն ունի:

Պատգամավորն առաջարկում է երկարացնել ձկնաբույծներին տրված ՋԹ-ների ժամկետը, որպեսզի օրենքի սահմաններում այդ հարցը լուծվի: Պատգամավորը նաեւ կարծում է, որ հարցը պետք է քննարկվի ԱԺ-ում:

Գ. Բաղդասարյանը նշում է, որ որոշ մարդիկ մոտ 2 տարի է' փորձում են սեփականաշնորհել ձկնաբուծությունը' որպես եկամտաբեր ոլորտ, ուստի պետք է կանգնեցնել նրանց ու ասել. «Ընկեր ջան, հերիք է, խիղճն էլ լավ բան է. թռել եք երկրի շալակը հերիք չի, հիմա էլ էս մարդկանց ընտանիքի բերանից մի կտոր հացն եք ուզում կտրել: Չէ՞ որ այս երկու տարի է' այդ մարդիկ խորացել են այդ ոլորտի մեջ, հորեր են ծակում, եւ անկեղծ ասեմ' լրիվ համաձայն եմ, որ առանց թույլտվության, օրենքի ոչ մեկին էլ բանի տեղ չեն դնում' ոչ գործադիր իշխանությանը, ոչ էլ օրենսդիր մարմնի օրենքները»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ձկնաբույծների հավաքում հասկացավ, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել:

Նա ձկնաբույծներին երկու առաջարկ ներկայացրեց. ԱԺ կանոնակարգի համաձայն պահանջել հարցի արտահերթ քննարկում փոխվարչապետի մոտ ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, խորհրդարանական լսումներ անցկացնել ԱԺ-ում:

Նաեւ տեղեկացրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնություն է պատրաստել, որով շուտով հանդես կգա: Ս. Սաֆարյանը համաձայն է այն գնահատականի հետ, որ ընդերքը չպետք է չարաշահել, եւ որ տարիներ շարունակ գործող ձկնաբուծարանները արժանի ավանդ են ունեցել արդյունաբերական այս ոլորտի զարգացման մեջ, ըստ այդմ' պետությունը պետք է շատ զգույշ լինի ցանկացած միջամտության պարագայում:

«Եթե պետությունն ունի հազարավոր ստուգիչ մարմիններ, օղակներ, մարդիկ, որոնք վարձատրվում են պետական բյուջեի հաշվին, հարկատուների, այդ թվում' ձեր վճարումների հաշվին, ի՞նչ է, պետություն ի վիճակի չէ՞ ապահովել, որ նրանք պատշաճ վերահսկողություն իրականացնեն այդ ձեռնարկություններում»,- նկատի ունենալով Սամվել Ալեքսանյանին եւ Ծառուկյան-Աբրահամյան զույգին պատկանող ձկնաբուծական տնտեսությունները' նշեց Ս. Սաֆարյանը:

Իսկ եթե այդ տնտեսություններում չեն կարող պատշաճ վերահսկողություն սահմանել, ըստ պատգամավորի' դրանք չպետք է կապ ունենան միջին տնտեսությունների հետ: Սաֆարյանը համաձայն չէ այն մոտեցմանը, որ ջրաչափման համակարգը կամ սարքը տեղադրի ձկնաբուծական տնտեսությունը.

«Եթե պետությունն է գնահատում, ինչո՞ւ պետք է դրա ծախսը կրի ձկնաբուծարանը»,- հարցնում է պատգամավորը:

Տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը ձկնաբույծներին տեղեկացրեց, որ հողի կատեգորիայի վերաբերյալ Կառավարության պահանջը մեղմացել է' դեռեւս միայն ցանկությունն է պետք, իսկ վճարման ժամկետները երկարացվել են առնվազն մեկ տարի:

Ջրահեռացման մասով Կառավարությունը եւս փոխել է դիրքորոշումը' հնարավորություն տալով ձկնաբույծներին օգտագործված ջրերը դրենաժներ թափել' դա համաձայնեցնելով դրենաժային համակարգը կարգավորող մարմնի հետ, նախագիծ կազմել եւ հարաբերությունները դարձնել գործընկերային:

Միակ բանը, որից չի հրաժարվել Կառավարությունը, ջրաչափերի տեղադրումն է, որովհետեւ այլ լուծում դեռեւս չի առաջարկվել:

«Նոյեմբերն ավարտվում է, Կառավարությունը չի տեսնում ցանկություն պահանջները հարգելու, ի կատար ածելու»,- ասաց Ա. Բախշյանը:

«Մեր խնդիրն այն է, որ համակարգային լուծում տաք, եթե ջուրը թույլ եք տալու, բայց հողերի հարցը չի լուծվելու, այդ ջուրը մեզ պետք չէ: Եթե ջուրը թույլ եք տալու, հողերի խնդիր ունենք, էլի պետք չէ, իսկ եթե ջրահեռացում չեք տալու, էլի պետք չէ: Մենք ուղղակի խնդրում ենք մեզ հետ համագործակցել, մեզ հետ հաշվի նստել, մեզ էլ հարցնել»,- միջամտեց Արկադի Գեւորգյանը:

Հանրապետական կուսակցության անդամ, ձկնաբույծ Գրիշա Գրիգորյանը փոխնախարար Ս. Գալստյանի ելույթից այնքան էր «հուզվել», որ հարցրեց, թե ինչո՞ւ մեկը չի հարցնում, թե 450 հազար հա-ից հանրապետությունում 150 հազարն է մշակվում, ո՞ւր են նայում պաշտոնյաները:

Գ. Գրիգորյանը խոստացավ Հանրապետական կուսակցության համագումարում էլ այս մասին բարձրաձայնել, իսկ գործընկերներին կոչ արեց չխեղճանալ եւ ջրաչափեր չտեղադրել:

Ձկնաբույծ Գագիկ Պողոսյանն էլ հետաքրքրվեց, թե Կառավարության որ որոշումով են ժամկետները երկարացվել, թե՞ սա սրացումները հետաձգելու եւ իրենց գլուխների տակ փափուկ բարձ դնելու ինչ-որ ծրագիր է:

Սակայն համագումարի մասնակից պաշտոնյաներն արդեն լքել էին դահլիճը, եւ ձկնաբույծի հարցին այդպես էլ պատասխան չտրվեց:

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը վստահեցրեց, որ Հանրային խորհուրդը պատրաստ է քննարկել հարցը, քանի որ այն իսկապես մեծ հնչեղություն ունի, իսկ «ճշմարտությունն առջեւում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter