
Երգ, որը պայքարեց ալբոմում հայտնվելու համար. «Dust in the Wind»
Նաիրա Հայրապետյան
1977թ. ամերիկյան «Քենզըս» (Kansas) պրոգրեսիվ ռոք խումբը թողարկեց իր հինգերորդ ալբոմը՝ «Point of Know Return» խորագրով: Այն առավել ամրապնդեց խմբի աստղային կարգավիճակը, որում հայտնվել էր մեկ տարի առաջ՝շնորհիվ «Leftoverture» ալբոմի: Շատերի համոզմաբ, սակայն, հաջողությունների շարքը համալրող ալբոմը միևնույն ժամանակ համարվում է ավարտի սկիզբը: Բայց, ինչպես արդեն գիտենք, ավարտվող բազմաթիվ պատմություններ այդպես էլ չեն ջնջվում:
Վերջին պահին «Point of Know Return» ձայնագրությունների արդեն համակարգված շարքում տեղադրելով ևս մեկ նոր երգ՝ խմբի անդամներից թերևս ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, որ հենց նա էլ դառնալու է ալբոմի մեծագույն հաջողություններից մեկը:
«Dust in the Wind». 70-ականների ամենաճանաչված երգերից մեկը, որը մինչ օրս այցեքարտային է «Kansas» խմբի համար: Հեղինակը Քերի Լիվգրենն է՝ խմբի հիմնադիրը, կիթառահարն ու երգահանը: Երգը ջերմությամբ ընդունվեց և արդեն ապրիլ ամսին «Billboard Hot 100»-ում հասավ 6-րդ հորիզոնականին: Հիթային դարձած սինգլ տարբերակը «ոսկե» անունը ստացավ՝ հատելով վաճառքի մեկ միլիոնի հասնող սահմանը: Քամու մեջ հայտնված այս փոշեհատիկը ծնվեց շատ պատահականորեն՝ առանց նման հաջողություների ակնկալիքի (թեև տարբերվող ոճից ենթադրում էին, որ անպայման ուշադրություն կգրավի): Երաժշտասերները «Dust in the Wind»-ի համար պարտական են Լիվգրենի կնոջը: Երգի մեղեդին իրականում երաժիշտը հորինել էր ակուստիկ կիթառով նվագելու համար՝ զուտ որպես մատները տեխնիկապես վարժեցելու միջոց: Եվ հերթական պարապմունքի ժամանակ կինը նրան ասաց, որ մեղեդին շատ գեղեցիկ է ու արժե նրա համար բառեր գրել: «Ես ասացի նրան «Չէ՜, ի՞նչ ես ասում, սիրելիս, ես ընդամենը փորձում եմ սովորել նվագել,- պատմում է Լիվգրենը հարցազրույցներից մեկում,- բայց նա շարունակեց պնդել՝ ասելով «Ո՛չ, ո՛չ, այն իսկապես գեղեցիկ է, անպայման նկատի ունեցիր»:
Նա ուղղակի պոկ չէր գալիս այդ մտքից և համոզում էր Լիվգրենին անպայման մեղեդին երգ դարձնել: Տեղի տալով կնոջ համառ պնդումներին՝ երաժիշտը այնուամենայնիվ տեքստը գրեց, սակայն վարանում էր երգը ցույց տալ խմբի անդամներին: Լիվգրենը վստահ չէր, որ նրանք կհավանեին երգը, քանի որ այն բացահայտ շեղում էր խմբի՝ արդեն հաստատված ոճային ուղուց. մի խոսքով, ինչպես ինքն է բնորոշում, «Kansas չէր»: Այդ ընթացքում խումբը զբաղված էր ալբոմի աշխատանքներով, որոնք վերջնական փուլում էին արդեն: Երբ նա ասաց նոր երգի մասին, անմիջապես հետաքրքրվեցին ու առաջարկեցին երգել այն: Եվ մինչ նրանք սպասում էին, Լիվգրենը դեռ տատանվում էր. չէ՞ որ դա բոլորովին այլ բան էր, և ոչ «Kansas»: Այլընտրանք չկար, նա վերցրեց ակուստիկ կիթառն ու երգեց: Ի զարմանս Լիվգրենի՝ ներկաները միաձայն որոշեցին այն ընդգրկել թողարկվող ալբոմի կազմում: «Ես ապշած էի,- ասում է Լիվգրենը,- ես դեմ էի այդ գաղափարին և փաստորեն սկսեցի վիճել խմբի անդամների հետ՝ փորձելով ետ պահել այդ մտքից: Ես մտածում էի՝ ախր այդ մենք չէինք»:
Բարեբախտաբար Լիվգրենին դա չհաջողվեց . ստեղծագործական խմբի անդամներն անդրդվելի էին իրենց որոշման մեջ: Իսկ արդյունքը կարճ ժամանակ անց տեսանելի էր՝ «Dust in the Wind»-ը խմբի երբևէ ունեցած «ամենամեծ» հիթը դարձավ:
Երգի հաջողությանը նպաստեց նաև այն հանգամանքը, որ հնչում էր ոճային տարբեր լսարաններ ընդգրկող ռադիոկայանների կողմից՝ ռոք, փոփ, քանթրի և այլն:
Կյանքի ու մահվան, մարդկային անցողիկ գոյությանն առնչվող խոհափիլիսոփայական տեքստը տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել: «Dust in the Wind» արտահայտության հիմքը ոմանք տեսնում են աստվածաշնչյան «որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» տողում (Գիրք Ծննդոց, 3.19): Ոմանք այն բացահայտում են ճապոնական հերոսապատում-էպոսի էջերում, տարբեր երաժիշտների երգերում, որտեղ օգտագործվել է նույն արտահայտությունը: Այդ փնտրտուքներն ու բազմազան եզրահանգումներն ամփոփում է ինքը հեղինակը՝ միաժամանակ նշելով տեքստի ներշնչման աղբյուրը: «Dust in the Wind» –ը նրա մտքում մեխվեց մի օր, երբ կարդում էր ամերիկյան բնիկների՝ հնդկացիների պոեզիա:
«Այնտեղ հանդիպեցի «մենք ամենքս պարզապես փոշի ենք քամու մեջ» տողերին: Ես մտածեցի՝ իրոք որ այդպես է:… ես հասել եմ նյութական հաջողությունների, ես ունեի նպատակ, որին հասել եմ իմ կյանքի այս փուլում՝ ես կայացած մարդ եմ, բայց արի ու տես, որ պատրաստվում եմ հողի տակն անցնել… ուրեմն ի՞նչ է սա նշանակում և իրականում ո՞րն է այս ամենի իմաստը: Սա է երգի հաղորդագրությունը և ինձ համար զարմանալիորեն հաճելի է, որ մարդկանց մեծ մասը հենց այդպես էլ բացահայտել է այն»:
Երգի համերգային տարբերակը «Kansas»-ը ձայնագրեց և թողարկեց «Two for the Show» ալբոմի կազմում՝ 1978թ., իսկ 20 տարի անց այն հնչեց սիմֆոնիկ համադրությամբ «Always Never the Same» ալբոմում (Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ):
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել