
Շավարշ Քոչարյանը՝ Վրաստան ՀՀ քաղաքացիների մուտքի ու ելքի մասին. «Բանակցություններ են ընթանում»
«Ներկայումս բանակցություններ են ընթանում՝ Վրաստանում ուժի մեջ մտած «Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի և ՀՀ քաղաքացիների համար առաջացած խնդիրներին լուծումներ տալու շուրջ»,- «Հետքի» գրավոր հարցմանը պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նա նաև նշել է, որ դրանց մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ Վրաստանի սահմանապահները դեկտեմբերի մեկից սկսել են կիրառել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից բխող «Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքը: Նրանք տուգանքներ են կիրառում ՀՀ քաղաքացիների նկատմամբ և արգելում նրանց մուտքը Վրաստանի տարածք առաջիկա 3 ամսվա ընթացքում, եթե նրանց 90-օրյա ժամկետը, 180 օրվա ընթացքում, լրացել է: Մինչդեռ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարել էր, որ օտարերկրացիներին կտրվի լրացուցիչ ժամանակ վիզայի և կացության հարցերը կարգավորելու համար մինչև 2015թ. մարտի 1-ը:
Շավարշ Քոչարյանը, սակայն, չի պատասխանել մեր այն հարցին, թե մարտի 1 նշված ժամկետը կիրառելի՞ է ՀՀ քաղաքացիների նկամամբ, թե ոչ:
Նա նաև «բաց է թողել» մեր մյուս հարցադրումը՝ արդյոք Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև կա՞ն լրացուցիչ պայմանավորվածություններ՝ կապված Վրաստան ՀՀ քաղաքացիների մուտքի և ելքի ժամկետների հետ:
Փոխարտգործնախարարին նաև հարցրել էինք, թե արդյոք ՀՀ ԱԳՆ-ն բանակցել է Վրաստանի կառավարության հետ ՀՀ այն քաղաքացիների վերաբերյալ, որոնք բնակվում են Ջավախքում՝ նրանց կացության կարգավիճակը հեշտացված եղանակով տրամադրելու հարցով: Այս հարցը Շավարշ Քոչարյանը նույնպես անպատասխան է թողել:
Մեկնաբանել