
Բախումներ Սամցխե-Ջավախքում. կան ձերբակալվածներ
Սամցխե-Ջավախքի Ադիգենի մունիցիպալիտետի Մոխե գյուղում իրավիճակը չի հանդարտվում: Բնակչության միջև բախման առիթ է դարձել 20-րդ դարի 40-ականներին կառուցված մզկիթը, որը հետագայում ծառայել է որպես գյուղական ակումբ և հանձնվել է տեղի համայնքի սեփականությունը:
Շինությունը Ադիգենի շրջանային վարչությունը այս տարի մշակութային կենտրոն դարձնելու մասին որոշում է կայացրել: Այն վերակառուցելու համար մրցույթ է հայտարարվել: Մրցույթը շահող ընկերությունը օրերս սկսել է ապամոնտաժման աշխատանքները, ինչը հարուցել է տեղի մուսուլմանների զայրույթը և դարձել բախման առիթ: Տեղի մուսուլմանները պահանջում են վերադարձնել իրենց շենքը և կրկին շահագործել այն որպես մզկիթ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մրցույթը շահող ընկերությունը երեկ սկսել է վերակառուցման աշխատանքները: Սակայն տեղացի մահմեդականները դեմ են կառուցմանը և խոչընդոտել են ընկերության աշխատանքներին: Ոստիկանության Սամցխե-Ջավախքի բաժանմունքի աշխատակիցները եղել են տեղանքում՝ հասարակական կարգը պահպանելու նպատակով: Իրավապահ մարմինները կառուցապատման տարածքը վերցրել են պաշտպանության տակ՝ շրջափակելով շինությունը, որպեսզի կանխեն որևէ առճակատում:
«Ոստիկանությունը կոչ է արել հավաքվածներին պահպանել հասրակական կարգը և հանգստության կոչ արել, սակայն քաղաքացիները վիրավորել են ոստիկանության ծառայողներին և վնասել ոստիկանության ավտոմեքենաները»,- հայտնում է Վրաստանին ՆԳՆ-ի պաշտոնական կայքը:
Դեպքի առնչությամբ 11 անձինք ձերբակալվել են Վրաստանի Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 166 և 173 հոդվածների հիմքերով, այն է՝ խուլիգանության և ոստիկանության պահանջներին չհնազանդվելը: Եվս 3-ը մեղադրվում են Վրաստանի ՔՕ 353 հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանությանը դիմադրելը, որը կատարվել է խմբակային:
Ինչպես հայտնում է akhaltskha.net-ը, ձերբակալություններից հետո մահմեդականների բողոքի ցույցը տեղափոխվել է Ախալցխա՝ Սամցխե-Ջավախքի ոստիկանության գլխավոր բաժանմունքի մոտ, որտեղ մահմեդականները պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին:
Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Վրաստանի հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին: Վերջինս նշել է, որ Մոխե գյուղում տեղի ունեցած միջադեպը կրոնական հողի վրա ծագած առճակատման վտանգ է ստեղծում: Հանրային պաշտպանը Ադիգենի ղեկավարությանը կոչ է արել դադարեցնել շինության ապամոնտաժման աշխատանքները:
«Կարևոր է, որ բոլոր նմանատիպ խնդիրները լուծվեն և որոշումները կայացվեն տեղական ինքնակառավարման մարմինների և տեղի բնակչության և անհատների առավելագույն ներգրավմամբ և նրանց տեսակետը հաշվի առնելով, և միայն դրանից հետո որոշում կայացնել: Առավել ևս, որ հիմնախնդիրը կարող է վերաբերել կրոնի ազատության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքին»,-նշել է Վրաստանի օմբուդսմենը:
Լուսանկարը՝ TV9-ի
Մեկնաբանել