
Ակնաբերդ. գյուղը «ծովի» ափին
Ակնաբերդն Արցախի հյուսիսային գյուղերից է, սահմանից մի քանի կմ է հեռու: Գյուղից դեպի հյուսիս Մռավ լեռն է, որը ներկայիս ղարաբաղաադրբեջանական սահմանի բաժանարար կետերից մեկն է: Վերջինիս ստորոտներին խիտ անտառներն են, որոնց փեշերը մինչեւ գյուղ են հասնում: Հարավից էլ Սարսանգի ջրամբարն է՝ ամենախոշորը ԼՂՀ-ում, որին ակնաբերդցիները «ծովից ծով Հայաստանի» երազանքով ապրող այլ հայերի նման «ծով» են ասում:
Հատկապես 1992-1993 թթ. այս վայրերում թեժ մարտեր էին: Մարտակերտի շրջանի նախկին ադրբեջանաբնակ Ումուդլու գյուղը հայկական ուժերը կարողացան ազատագրել 1993-ի ապրիլի 24-ին: Ազատագրումից հետո, որին մասնակցում էին «Եղնիկներ» ջոկատի տղաները, հենց վերջիններիս ընտանիքներն էլ հաստատվեցին բնակավայրում: Գյուղը տարածքում գտնվող բերդի անունով կոչվեց Ականաբերդ (Ակնաբերդ): Հենց այստեղից էլ սկիզբ դրվեց ԼՂՀ Շահումյանի ներկայիս շրջանի ստեղծմանը: Ակնաբերդը սկզբում Շահումյանի շրջկենտրոնն էր, մինչեւ որ այն չտեղափոխվեց Քարվաճառ քաղաք: Ու չնայած գյուղը Մարտակերտի շրջանում է, վարչականորեն շարունակում է ենթարկվել Շահումյանին:
Համայնքի ղեկավար Համլետ Սայիլյանն ասում է, թե քանի որ շրջանը Ակնաբերդից է կազմավորվել, այնքան էլ ճիշտ չէ այն տեղափոխել Մարտակերտի շրջան: Մարտակերտ քաղաքի հետ շփվելն ավելի հեշտ է, բայց Շահումյանի կազմում մնալը, ըստ Սայիլյանի, ժողովրդի ցանկությունն է, չնայած փաստաթղթի կամ այլ գործով շրջկենտրոն գնալու համար 1 ժ 45 ր է պետք, մշտական տրանսպորտ էլ չի գործում. «Քանի որ գնացողներ շատ չեն լինում, տրանսպորտ չի աշխատում, բայց կարելի է շաբաթվա մեջ 1-2 օր կազմակերպել»: Փոխարենը շաբաթվա 5 օրը Հաթերք-Մարտակերտ-Ստեփանակերտ ավտոբուսային երթուղին է գործում, որն անցնում է այստեղով:
Սակայն նույնիսկ ամենագնաց մեքենայով Մարտակերտից Ակնաբերդ հասնելը խնդիր է: Ճանապարհի Մարտակերտ-Մաղավուզ-Սարսանգի հէկ հատվածն այժմ հիմնանորոգվում է իբրեւ Մարտակերտ-Վարդենիս մայրուղու մի հատված: Բայց Սարսանգի հէկից հյուսիս ընկած գյուղերը՝ Ակնաբերդը, Զագլիկը, Հաթերքը, Զարդախաչը, դուրս են մնացել ծրագրից, քանի որ ճանապարհն անցնելու է հարավային՝ Սարսանգի հէկ-Դրմբոն-Գետավան հատվածով: Ու հիմա ակնաբերդցիները մի տեսակ ափսոսանքով են նայում այդ ճանապարհին՝ երբեմն էլ դժգոհելով, թե իրենց սահմանապահ գյուղը, ըստ էության, անտեսվել է:
Գրունտապատ ճանապարհով հէկից մինչեւ Ակնաբերդ հասնելը մի լավ հոգնեցնում է, երբ անընդհատ վերուվար ես անում մեքենայի մեջ, բայց փոխարենը հասցնում ես տեսնել Արցախի «ծովը»՝ շրջապատված բազմագույն անտառներով: Գյուղից դուրս եկող ճանապարհները, ըստ համայնքի ղեկավարի, անցյալ տարի են նորոգվել, բայց սելավները քշել տարել են բանվորների արած գործը: Իսկ այս տարի «Արցախուղի» ՓԲԸ-ն կառավարության որոշմամբ խճապատել է ներհամայնքային ճանապարհները, բայց դրանք, ըստ մեր տեսածի, շարունակում են անբարեկարգ մնալ:
Բազմազավակությունը՝ գյուղի «տրադիցիան»
Ակնաբերդում ապրողների մեծ մասը շահումյանցիներ ու չայլուեցիներ են, որոնք գաղթել են իրենց բռնազավթված բնակավայրերից, կան նաեւ այլ վայրերից փոքրաթիվ վերաբնակներ:
Այսօր բնակչության թիվը 540 է: 36-ամյա Համլետ Սայիլյանն ասում է, որ իր ղեկավարման 10 տարիների ընթացքում արտագաղթ չի նկատել, միայն 1-2 հոգի են մի քանի ամսով գնում խոպան, իսկ գյուղ գալու ցանկություն ունեցողներ շատ են եղել, սակայն այսօր Ակնաբերդում վերաբնակեցումը դադարեցված է, քանի որ ազատ տուն, հողամաս չկա: Գործի պակաս էլ չկա. տարածքը լեռնային է, հարմար է անասնապահության համար: «Եղնիկներում» ծառայած ազատամարտիկներին հիմա փոխարինել են երիտասարդները, մի մասն էլ Հաթերքում է ծառայում՝ պայմանագրային զորամասում: Սարսանգի «ծովի» մյուս ափին Դրմբոնի հանքն է, ջրամբարի ծայրին էլ՝ հէկը: Այս երկուսը նույնպես հարմար աշխատատեղեր են ակնաբերդցիների համար: Ըստ գյուղապետի՝ վարելահողերի 50-60 տոկոսն ամեն տարի մշակվում է, տարածված են ցորենի ու գարու ցանքսերը: Մյուս մասն էլ մնում է իբրեւ խոտհարք:
Շեշտելով աշխատանք լինելու հանգամանքը՝ Հ. Սայիլյանն ասում է. «Էս գյուղում ով չաշխատի, նա՛ աղքատ կլինի»: Բայց այդպիսի ընտանիքներն էլ, նրա կարծիքով, շատ չեն: Այս գյուղում շատ են բազմազավակ ընտանիքները, տուն կա, որ 9 երեխա ունի: Բազմազավակությունը, ըստ գյուղապետի, Ակնաբերդի «տրադիցիան» է: Բայց այն նաեւ եկամտաբեր է. 3 եւ ավելի երեխա ունեցողներին պետությունը դրամական օգնություն է տալիս, իսկ 6-րդի ծնվելու դեպքում տուն է կառուցում: Նոր տուն ունենալը, դատելով ներկա վիճակից, լավ խթան է գյուղացիների համար: Այսօր Ակնաբերդի միջանակարգ դպրոցում 111 աշակերտ է սովորում: Գյուղապետի խոսքերով՝ համայնքում 50 տոկոսը 3 կամ ավելի երեխա ունի:
Շրջանի երկու մանկապարտեզներից մեկն Ակնաբերդում է
Շահումյանի շրջանում, որքան էլ տարօրինակ է, ընդամենը 2 մանկապարտեզ կա՝ Եղեգնուտում ու Ակնաբերդում: Եթե Եղեգնուտինը պետական հաստատություն է, ապա Ակնաբերդում գործողը Հայ օգնության միության «Սոսե» մանկապարտեզներից մեկն է: Բացվել է 2004-ին, այսօր այստեղ հաճախում է 3-6 տարեկան 33 երեխա: Տնօրեն Վիոլետա Հակոբյանը պատմում է, որ այս տարի առաջին դասարան է ուղարկել 9 հոգու, նույնքանին էլ ընդունել է: Ընդ որում՝ ցանկացողներն ավելի շատ են, կան ծնողներ, որոնք ձգտում են 3 տարին չլրացած երեխային ուղարկել մանկապարտեզ, բայց ոչ տիպային շենքի հնարավորությունները միայն 33-ին են բավարարում:
Երեխաներն այստեղ անցկացնում են 9 ժամ՝ 8.30-17.30, ինչը, ըստ Վ. Հակոբյանի, լրացուցիչ հոգսից ազատում է ծնողներին, քանի որ բոլորն էլ բազմազավակ ընտանիքներից են: Սա եւ Քարվաճառի շրջանի Քարեգահ գյուղի «Սոսեն» անվճար են, մնացած բոլորը՝ վճարովի: Մանկապարտեզը աշխատատեղ է 6 հոգու համար: Ֆինանսապես աջակցում է ՀՕՄ-ը, մասամբ էլ՝ ԿԳՆ-ն, որը նաեւ մեթոդական օգնություն էլ հատկացնում: ՀՕՄ-ի եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ պայմանավորվածություն կա առաջիկայում վերանորոգել շենքը, որը նախկինում մի քանի անգամ մասնակի նորոգվել է: Ըստ տնօրենի՝ հիմնանորոգման կարիք ունի նաեւ խաղահրապարակը:
Աշխատավարձերը բարձրացրել են, բայց վարկերը փակել էլի դժվարանում են
Համայնքի սոցիալական ու տնտեսական վիճակից գյուղապետ Համլետ Սայիլյանը չի բողոքում. 4 խանութ կա, 1 բենզալցակայան, որոնք տեղացիներն են աշխատեցնում: Գյուղապետարանի հերեւանությամբ ամբուլատորիան (համայնքն ունի մեկ թերապեւտ եւ մեկ մանկաբույժ) ու ակումբն են, դրանց դիմաց էլ՝ այս տարի բացված խաղահրապարակը, որը մոսկվայաբնակ բարերար Մարտին Եղյանի նվերն է համայնքին:
Ակնաբերդն ապահովված է մշտական հոսանքով, սակայն գազիֆիկացված չէ: Գազատարը Ստեփանակերտից մինչեւ Դրմբոն է հասնում: Ըստ էության, գազն այստեղ ձեռնտու էլ չէ, քանի որ գյուղի շուրջբոլորը անտառներ են: Ակնաբերդում այլ բնակավայրերի պես այս ամռանը բարձրացրել են աշխատավարձերը: Եթե նախկինում միջինը 60.000 դր էր, հիմա դրույք կա, որ հասել է 100.000-120.000-ի: Համայնքի բյուջեն շուրջ 8 մլն դրամ է, որը հիմնականում ծախսվում է հենց աշխատավարձերի վրա: Այդուհանդերձ, գյուղացիների մեծ մասը վարկի բեռի տակ է: Համայնքի ղեկավարն ասում է, որ մարդիկ դժվարանում են վճարել, ինչից էլ տուժում են երաշխավորները: Նման մի դեպք էլ իր հետ է եղել:
Բայց եթե մարդիկ արդեն վարժվել են տարիների վարկային պարտավորվածությանը, ապա 2014-ի ամառը Ակնաբերդում ու Արցախի շատ այլ բնակավայրերում նոր խնդիր է ի հայտ բերել:
Ջրի խնդիր
Այս ամռանը ԼՂՀ շատ համայնքներ ջրի սակավություն են ունեցել: Տարին եղել է չորային, մի մասի բնորոշմամբ էլ՝ երաշտ էր: Ակնաբերդում խմելաջրի մատակարարումը պիտի շուրջօրյա լիներ, բայց ջուրն այս անգամ չի հերիքել: Համայնքը երկու աղբյուրից (ակն) է սնվում, որոնք գտնվում են հյուսիսում՝ Ականաբերդի մոտ: Աղբյուրների ջուրը գալիս հավաքվում է 150 տ տարողությամբ ավազանում, որը 2013-ի դեկտեմբերին են պատրաստել: Ամեն օր՝ առավոտյան 8-ին, ավազանի ջուրը բաց են թողնում, իսկ դատարկվելուն պես կրկին փակում՝ լցվելու համար: Այս տարվա չորային սեզոնին տեղացիներն արդեն վարժվել են, որ մի քանի ժամում, քանի ջուր կա, պիտի հասցնեն լողանալ, լվացք անել, ջուր հավաքել մեծ ու փոքր տարաներում: Համլետ Սայիլյանը վստահ է, որ աշնան վերջին ու ձմռանն արդեն խնդիր չի լինի. ջրամատակարարումը նորից շուրջօրյա կլինի:
Բայց խմելաջրի սակավությունը ոչ միայն աղբյուրներից է, այլեւ նրանից, որ գյուղի երկու թաղերից մեկը՝ Ձախափնյակը՝ ի տարբերություն Աջափնյակի (այս թաղը գյուղով անցնող գետակից է ոռոգվում), ոռոգման խնդիր ունի, եւ խմելու ջրով մարդիկ նաեւ տնամերձ են ջրում: Գյուղապետը, սակայն, այս ամենը տանելի է համարում՝ նշելով Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի օրինակը, որտեղ այս տարի հրշեջ մեքենայով են բնակիչներին ջուր հասցրել:
«Ջրի հարցը լուծված է, մնում է դպրոցի հարցը լուծենք»,- ասում է գյուղապետը: 10 տարի համայնքը ղեկավարող 36-ամյա Համլետ Սայիլյանը հույս ունի, որ դա էլ կանեն վաղ թե ուշ: Կարեւոր չէ՝ ծանոթների, համերկրացի բարերարների, թե պետության միջոցով:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Ակնաբերդի մասին պատմող ֆոտոռեպորտաժը դիտեք այստեղ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել