
Նինո Չակվետաձե. «Երեխաների նկարներ, որոնք օգնում են հասկանալ մեծերի խնդիրները»
Նայելով ցանկացած նկարչի ստեղծագործության՝ մենք «վերցնում ենք» մեզ հետ այնքան, որքան կարող ենք «տանել»։ Առաջին հայացքից թվում է, թե այդքան պարզ, երեխայական նկարները կարող են փոխանցել միայն կադրի էսթետիկան, բայց դրա ետևում թաքնված է ապրումների մի ողջ աշխարհ. թախիծ, արցունքներ, վիավորանք, ուրախություն, երազանք։ Այսինքն՝ այն ամենը, ինչ կա նաև մեծերի կյանքում, պարզապես փոքր տարիքում դրանք ավելի սուր են զգացվում, քանի որ առաջինն են։
Մեր ներկայիս խնդիրների արմատները հաճախ ծագում են մեր մանկությունից, և վրացուհի նկարչուհի Նինո Չակվետաձեի այս նկարները ինքներս մեզ հանդիպելու յուրօրինակ փորձ է։ Այդ պատճառով էլ դրանք դիտում ես ոչ թե աչքերով, այլ սրտով։
-Ձեր նկարների գլխավոր հերոսները երեխաները և տարեցներն են։ Ինչու՞:
- Դե դա ինձ մոտ շուտ է սկսվել։ Ես մանկուց նկարում եմ։ Երեխաները նկարում են, չէ՞, երեխաների, դե ես էլ, երբ երեխա էի, նկարում էի երեխաներին։ Ժամանակն անցնում էր, ես մեծանում էի, բայց դեռ շարունկում էի երեխաներ նկարել։ Երբ սովորում էի ակադեմիայում և մեզ ազատ թեմա էր հանձնարարվում, միևնույն է, թեման մեկն էր։ Նույնիսկ մայրս ինձ նախատում էր՝ եր՞բ ես դու վերջապես դադարելու երեխաներ նկարել (ծիծաղում է), դու դեռ չե՞ս մեծացել։ Բայց ես հասկացա, որ դա իմն է, այլ բան մոտս ուղղակի չէր ստացվում, իսկ այս թեման ես մի տեսակ զգում եմ։
Տատիկը և պապիկը ուղղակի անցած-գնացածի նոստալգիան է։ Ես սիրում եմ նաև հրեշտակներ նկարել, նրանք երկնքից ուղարկված մաքրություն և բարություն են խորհրդանշում:
- Ձեր բոլոր «երեխաները» մեծ աչքեր ունեն։ Դա նրա համար է, որ լա՞վ տեսնեն և հասկական այս աշխարհը։
-Երբ փոքր ես, քեզ ամեն ինչ շատ մեծ է թվում։ Ինձ համար մարդու մեջ ամենակարևորն աչքերն են։ Աչքերից կարելի է հասկանալ, թե ինչպիսին է մարդը, դրանք շատ բան են պատմում։ Մեծ աչքերով կերպարներն ինձ շատ են դուր գալիս։ Իմ երեխաները ևս մեծ աչքերով են։ Վրաստանում պատրաստում են ընկույզի մուրաբա և մեծ աչքերով երեխաներին ասում են՝ ասես ընկույզի մուրաբա լինի։ Ես նույնիսկ այդպիսի մի նկար ունեմ, կոչվում է «Ընկույզի մուրաբա»։
-Նինո, Դուք ասում եք՝ մենք բոլորս մանկությունից ենք, և դուք նկարում եք այն, ինչ, հնարավոր է, հետք է թողնում մարդու ողջ կյանքի վրա։ Ի՞նչ հետք է թողել մանկությունը հենց ձեզ վրա։
-Մանկությունն այնպիսի մի ժամանակահատված է....Ինչքան հեռանում եմ նրանից, այնքան ավելի հաճախ եմ ուզում այնտեղ վերադառնալ։ Կյանքի այդ ժամանակաշրջանն ինձ հիմա իսկապես շատ է պակասում։
Եվ հարցն ամենևին էլ այն չէ, որ փոքր հասակում անհոգ ես, ոչ։ Երեխաներն էլ ունեն իրենց մտահոգությունները, հոգսերն ու ապրումները, առանց դրա չի կարող լինել։ Դա երջանիկ ժամանակաշրջան է, երբ բոլորը կողքիդ են։ Ոչ բոլորի մանկությունն է այդպիսին։ Բայց ես ամեն ինչ ունեցել եմ, և այդ պատճաոռով հիմա մի տեսակ տխրում եմ, երբ այդ ամենն ինձնից «հեռանում է», իսկ ես չեմ ուզում այդտեղից հեռանալ։ Ինձ թվում է, թե ես դեռ այնտեղ եմ մնացել։ Բայց մանկությունը ճշմարտությունն է պատմում մարդու մասին։
-Իսկ ի՞նչ ճշմարտություն եք դուք փորձում պատմել, որ մի շարք անձնական խնդիրների արամտները թաքնված են հենց մանկյության մե՞ջ։
-Ինձ համար ճշմարտությունն այն է, որ կյանքում ամենակարևորը բարությունն է։ Պետք է տալ այն` ստանալու համար։ Բարությունն ամեն ինչի հիմքն է։ Այն ընտանիքում խաղաղություն ստեղծողն է։ Ես շատ եմ մտահոգվում, երբ որևէ ընտանիքում անհաշտություն եմ տեսնում։ Ես կարող եմ ցավ զգալ, երբ մարդիկ միմյանց նկատմամբ թշնամաբար են տրամադրված։ Պետք է այնպես ապրել, որ թշնամանքի համար ժամանակ չլինի։ Ցավոք, մարդիկ չեն հասկանում մի պարզ ճշմարտություն, որ պետք է ավելի շատ ուրախանալ և սիրել իրար։
-Յուրաքանչյուր մարդ կրում է մանկության մի մասնիկն ու դժվար պահերին վերադառնում այդ աշխարհ՝ սուզվելու, մոռացության մատնվելու համար...
-Այո, անշուշտ։ Շատերն ինձ գրումեն՝ շնորհակալ ենք, որ մեզ վերադարձրիք մեր մանկություն։ Մարդիկ, հավանաբար, նկարների մեջ իրենց են տեսնում։
- Ես, ինչպես հույզեր ունեցող ցանակացած մարդ, ով փոխանցում է դրանք թղթին՝ գրչով, իսկ դուք դա անում եք վրձնով և կտավի վրա։ Ի՞նչ հույզեր եք դուք փորձում փոխանցել։ Չէ՞ որ դա հոգու որոշակի վիճակ է։
- Ինձ շատ հաճախ ասում են, որ իմ նկարները տխուր են, շատերն ինձ հարցնում են՝ ինչու՞ են նրանք այդքան քիչ ծիծաղում։ Սկզբում իմ մտքով դա չէր էլ անցնում. այդ ամենն ինձ մոտ մի տեսակ ինքնաբերաբար էր ստացվում, քանի որ չի կարող, չէ՞, մարդը միշտ լավ տրամադրության մեջ լինել։ Եթե իմ նկարներում երեխաները միշտ ուրախ լինեին, ծիծաղեին, դա այդպես չէր ազդի մարդկանց վրա. կյանքում ամեն ինչ այդպես չէ։ Բայց ես չէի ասի, թե կերպարները դեպրեսիվ են, ավելի շուտ՝ մտախոհ են, տխուր։ Իհարկե, բոլոըր չեն կարող դա միևնույն կերպ ընկալել։ Ամեն մարդ տեսնում է այն, ինչ կրում է իր հոգում։Ոմանք նայում և տխրություն են տեսնում, մյուսները՝ խորություն։ Բայց շատերը, նայելով այդ նկարներին, մի տեսակ հանգստանում են։
- Հուլիսին դուք թեմատիկ աքսեսուարներով ցուցահանդես էիք կազմակերպել Թբիլիսիում։ Հաճա՞խ եք ունենում նմամանատիպ ցուցադրություններ։
-Ո՜չ, դա իմ առաջին ցուցահանդեսն էր՝ Զուրա Շեվարանաձեի հետ համատեղ։ Վրաստանում կա էսպիսի մի տեղ, կոչվում է «Գարդենիյա»: Մենք որոշեցինք, որ ես կնկարեմ և կփոխանցեմ, թե ինչպես են ապրել մարդիկ 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում։ Այսպիսով, Զուրան ձևավորեց իմ ցուցահանդեսը՝ այդ շրջանի համար բնորոշ դեկորացիաներով և հին իրերով։ Մարդիկ անդադար գալիս էին։ Յուրահատուկ ցուցահանես էր ստացվել։
-Ինչպե՞ս են ստեղծվում ձեր նկարները։
- Ամեն անգամ տարբեր։ Լինում է, որ ուղեղիս մեջ ինչ-որ բան է միանգամից փայլատակում, և հասկանում եմ, որ՝ այ սա պետք է անպայման «նկարվի»: Երբեմն այնպես է լինում, որ ես երկար, շատ երկար եմ մտածում և, ի վերջո, ինչ-որ բան եմ հորինում։
- Դուք վաճառում եք ձեր նկարները։ Լինու՞մ է, որ զղջաք։
-Ինչ որ իմ սրտով է, ինձնից երբեք չի հեռանա։ Բայց 2 անգամ ես շատ եմ զղջացել վաճառելուս համար, շատ, նույնիսկ հիմա էլ, որ հիշում եմ, վատ եմ զգում։ Իսկ նույնը նկարելն արդեն այն չէ։ Կարելի է, իհարկե, թեման կրկնել, բայց դա միակն է եղել։ Ես ոչ մեկին ցույց չեմ տալիս և չեմ վաճառում այն նկարները, որոնք ինձ դուր չեն գալիս. այդպես անարդար է։
- Իսկ դուք հիմնականում գո՞հ եք, թե՞ դժգոհ ձեր աշխատանքներից։
-Ես միշտ ձգտում եմ դրանք ավելի լավը դարձնել։ Եթե ես միշտ գոհ լինեմ, դա արդեն վատ կլինի։ Պետք է փնտրել և աճել-զարգանալ, այլ ոչ թե դոփել նույն տեղում։
- Ո՞վ է ձեր ամենախիստ քննադատը։ Ու՞մ եք առաջին հերթին ցույց տալիս ձեր աշխատանքները։
- Այդ մարդն իմ ամուսինն է։ Ես իրեն շատ եմ վստահում, նա սուր աչք ունի և երբեմն կարող է մի այնպիսի բան ասել... բայց իրեն պետք է հավատալ (ծիծաղում է)։ Նաև իմ ընկերուհին։ Նա ևս կարող է շատ ճիշտ գնահատական տալ։
- Լինու՞մ է, երբ ձեր և ձեր ամուսնու կարծիքներին իրարից տարբերվում են։
-Այո՜, իհարկե, հիմնականում ես համաձայնվում եմ նրա հետ, բայց լինում է, որ ասեմ՝ ո՜չ, ո՜չ և նորից ո՜չ/ծիծաղում է/։
- Տեղը, որտեղ նկարում եք...
-Ես առանձին արվեստանոց չունեմ, տանն եմ նկարում։ Երեխա ունեցող կնոջ համար դա շատ հարմար է։ Երբեմն ես նկարում եմ գիշերը, երբ երեխաները քնած են։
-Ձեր ոգեշնչման աղբյուրը...
-Իմ ոգեշնչումը երեխաներն են, նրանք միշտ իմ աչքի առջև են։ Երբեմն փողոցում տեսնում եմ ինչ-որ իրավիճակներ և միանգամից գլխումս մի նկար է հայտնվում։ Ես նաև հին իրեր եմ շատ սիրում, հատկապես՝ դռներ։ Թբիլիսիում դեռևս պահպանվել են այդպիսիք։ Հնություններից շատ բան վերանում, քանդվում է, և դրանից ես ևս ցավ եմ ապրում։ Ես լուսանկարում եմ դրանք և աշխատում եմ իմ նկարում օգտագործել այդ զարդանախշերն ու դետալները, քանի որ ինքս դրանցից լավ բան ստեղծել չեմ կարող։ Հին իրերը նոստալգիայի պես մի բան են։
- Իսկ Ձեր աշխատանքը երեխաների մոտ խանդ չի՞առաջացնում։
- Լինում է, երբեմն մի քիչ համը հանում եմ, որովհետև նրանց հիմա շատ ուշադրություն է հարկավոր, բայց երբեմն այնպես եմ ուզում հենց այդ պահին նկարել, որ ամեն ինչ մոռանում եմ։ Երևի այս պարագայում ես մի քիչ արդար չեմ։ Փոքր աղջիկս 9 տարեկան է։ Նա նստում է կողքիս և նկարելու պահին խնդրում է օգնել լուծել մաթեմատիկայի խնդիրները: Դա, իհարկե, դժվար է, բայց ի՞նչ կարող ես անել։ Ես արդեն սովոր եմ այդ իրավիճակին։ Երեխաները ևս համակերպվել են, երբեմն նույնիսկ չեն էլ նկատում, որ ես նկարում եմ։ Այ հենց վերջին ցուցահանդեսիս ժամանակ հերթական անգամ երեխաներիս հետ մտանք սրահ, և մեծ աղջիկս, որը 17 տարեկան է, հանկարծ նայեց նկարներից մեկին, որտեղ պապիկ է նկարված (նկարը կոչվում է «Եվս մեկ գարուն»), էսպես լարվեց, աչքերն արցունքոտվեցին, մոտեցավ ինձ, թևիցս քաշեց և ասաց՝ «Չվաճառես այս նկարը»։ Ես զարմացած նայեցի իրեն և ասացի՝ դու, ինչ է, առաջին անգա՞մ ես տեսնում այս նկարը, չէ՞ որ ես այն տանը նկարում էի, դու տեսել ես։ Ես, իհարկե, միանգամից հանեցի այդ նկարը վաճառվող նկարների ցանկից։
- Ձեր նկարներում շատ քիչ արև կա. մեկ ձյուն է գալիս, մեկ՝ անձրև, մեկ ամպամած է...
- Ես ինքս ավելի շատ անձրև և ձյուն եմ սիրում։ Բայց դրանք ընդամենը ռոմանտիկ նոտաներ են ՝ անձրևը, ձյունը։ Այդպես գեղեցիկ է, պոետիկ և լիրիկական։ Դա նկարին խորություն և մի տեսակ տրամադրություն է հաղորդում, և դու ինչ-որ տեղ եսթռչում։
- Ձեր ներկապնակի հիմնական գույնը...
-Ես շատ եմ սիրում կանաչը, բայց ոչ բոլոր երանգները. ավելի էսպես խլացված, ճահճային երանգը։ Իմ գույները հիմնականում բնական են։ Ես չեմ սիրում նկարել վառ և ճչացող գույներով։ Պատահում է` նայում եմ այդպիսի նկարների և հավանում, բայց ինքս երբեք չեմ նկարում այդ երանգներով, ինձ մոտ ուղղակի չի ստացվում։ Օրինակ՝ ես շատ հազվադեպ եմ օգտագործում դեղինը, չգիտեմ, երևի այդ ամենն իմ ներսից է գալիս։
- Ձեր նկարների հիման վրա ստեղծվել են քարտեր, որոնք օգտագործվում են հոգեթերապիայի, կոուչինգի ժամանակ՝ մեծերի և փոքրերի հետ խմբային և անհատական աշխատանքներ անցկացնելիս։
- Դրանք մետաֆորիկ քարտեր են։ Տպագրվել են Ռուսաստանում։ Իսրայելի հոգեբաններից մեկը համագործակցում է մոսկովյան «Գենեզիս» հրատարակչության հետ, որը զբաղվում է հիմնականում հոգեբանական գրքերի հրատարակմամբ։ Տեսնելով իմ նկարները՝ իրենք ինձ առաջարկեցին համագործակցել, և ես, իհարկե, չմերժեցի։
-Դուք նաև գրքեր եք նկարազարդում։
- Այո, ես արդեն մի քանի գիրք եմ ձևավորել։ Ես փոքրուց պաշտում էի նկարազարդ գրքերը։ Ինձ տարան թբիլիսյան հրատարակչություններից մեկը, ես էնտեղ ինչ-որ բան ձևավորեցի, ու նրանք հավանեցին։ Հիմա ես դա անում եմ երեխաների համար, այդ պատճառով էլ հոգի եմ դնում դրանց մեջ։
- Ունե՞ք, արդյոք, նկար, որում պատկերել եք ինքներդ ձեզ։
- Փոքր ժամանակ ես շատ էի սիրում ծառ բարձրանալ։ Մեր գյուղում մի թզենի կար, և ես միշտ բարձրանում էի: Եվ այն աղջիկը, ով նստած է ծառի վրա, ես եմ։ Դա իմ սիրած նկարն է և կախված է իմ տանը։
- Ինչպիսի՞ն պետք է լինի միջավայրը, որտեղ նկարում եք։
Ամենալավ տարբերակը,իհարկե, մենակ լինելը, առանձնանալն է, բայց ոչ միշտ է այդպես ստացվում։ Կամ լռություն, կամ երաժշտություն։ Երաժշտության տակ ոչ միշտ եմ նկարում, բայց երբեմն զգում եմ, որ հենց այս պահին ես դրա կարիքն ունեմ։ Այն պետք է հանգիստ լինի. շատ եմ սիրում Շոպեն լսել, նաև սիրում եմ վրացի երգահան Գիյա Կանչելիի երգերը։ Նա շատ լավ կինո և թատերական երաժշտություն ունի։ Շատ խորը։ Երգը կարող է ազդել նկարի վրա, կարող է փոխել նրա տրամադրությունը։
- Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ձեր նկարների ֆենոմենը։
-Ֆենոմե՞նը։ Չգիտեմ, երևի այն բարությունը, մաքրությունն ու պարզությունը, որ մենք զգում ենք, երբ մանկություն ենք վերադառնում։ Եվ, իհարկե, սերը։ Իրականում կյանքում ամեն ինչ շատ պարզ է, ուղղակի մենք ենք այն բարդացնում։
- Եթե ոչ նկարչություն, ապա՞...
- Ես էլ եմ մտածել այդ մասին։ Եթե նկարչությունը չլիներ, ես, հավանաբար, հնէաբան կդառնայի։ Շատ եմ սիրում այդ գործը։ Մարմնովս դող է անցնում, երբ փնտրում են և ինչ-որ հնադարյան իր են գտնում։
- Ամենակարևորը կնոջ, ոչ նկարչուհու կյանքում....
- Հանդիպել այն մարդուն, ով հասկանում է քեզ, և դու էլ իրեն ես հասկանում։ Իմ բախտը բերել է, ես հանդիպել եմ այդպիսի մարդու։ Այդպես, ցավոք սրտի, միշտ չէ, որ լինում է։ Ինչևէ, ես եջանիկ եմ նրանով, ինչ ունեմ։
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել