
Հայաստանը «Հայոց պատմության» դասագիրք Ջավախքի դպրոցներին չի հատկացնում
Ջավախքի դպրոցին անհրաժեշտ են «Հայոց պատմության» դասագրքեր
«Հայոց պատմություն» առարկան Ջավախքի հայկական դպրոցներում ներառված չէ պարտադիր առարկաների դասավանդման ցանկում: Այն թույլատրվում է դասավանդել միայն ֆակուլտատիվ հիմունքներով: Ջավախքի այն դպրոցներում, որտեղ «Հայոց պատմության» մասնագետ չկա, այս առարկան հաճախ չի դասավանդվում կամ դասավանդվում է ոչ մասնագետի կողմից: Դրան գումարած՝ հազվադեպ դպրոցներ են համալրված «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերով: Քանի որ պարտադիր առարկա չէ, Վրաստանի կրթության նախարարությունը չի հոգում գրքերի տրամադրման հարցը: Ուսուցիչը ստիպված թելադրում է նյութը:
«Եկեք մենք վրացիներին չմեղադրենք, սառը դատենք: Քեզ դասաժամ է տվել, քեզ ֆակուլտատիվ է տվել, քեզ երգ է տվել, քեզ ֆիզկուլտուրա է տվել, դասատու չունես, միայն շվցնում է, մի բանի հետ կարելի է փոխել այդ դասաժամերը «Հայոց պատմության» հետ»,-ասում է Հոքամի դպրոցի տնօրեն Հովհաննես Մղդեսյանը: Նա օբյեկտիվ պատճառներից բացի նշում է սուբյեկտիվը, այն է՝ հաճախ հայկական դպրոցների տնօրենները ճիշտ չեն կազմակերպում և բաց են թողնում առարկան դասավանդելու հնարավորությունները:
Ստեղծման օրվանից, այսինքն՝ 13-րդ տարին է՝ Հոքամի դպրոցում «Հայոց պատմություն» առարկան դասավանդվում է: Անցյալ ուսումնական տարում Հոքամի դպրոցի երկու աշակերտ հաղթել է ՀՕՄ-ի կազմակերպած «Հայոց պատմություն» առարկայի օլիմիադայում:
Հովհաննես Մղդեսյանը պատմում է, որ ինքն ավարտական ատեստատի մեջ մեկ անգամ նույնիսկ մտցրել է «Հայոց պատմություն» առարկան և այդ առարկայի գնահատականներն ուղարկել Թբիլիսի. «Ասի՝ աչքերին պիտի սովորեցնենք, փորձ չարած, ինչո՞ւ եք լացում»: Ավարտականների ատեստատները եկել են՝ «Հայոց պատմություն» առարկան ներառված:
Միայն մեկ տարի անց՝ Թբիլիսիից գրություն է եկել, որ «Հայոց պատմությունը» չի կարելի որպես առարկա մտցնել ատեստատում: Այդ տարվանից էլ պատմության գնահատականը մեկ տողով է նշանակվում՝ ներառելով նաև «Հայոց պատմություն» առարկան:
13 տարի առաջ Հոքամ գյուղում բացված հայկական միջնակարգ դպրոցը «սպասարկում» է նաև հարևան գյուղերին՝ Ազմանային և Քարսեփին: Ազմանայում հայկական դպրոց չկա, իսկ Քարսեփում 9-ամյա է: Հոքամն ու Ազմանան առավելապես վրացաբնակ են: Հոքամում 120 տնտեսությունից 20-ն է հայ, Ազմանայում 51 տնտեսությունից՝ 12-ը: Այս գյուղերում կան նաև վրացական դպրոցներ: Ընդ որում՝ վրացի աշակերտների քանակն ավելի շատ է, քան հայկական դպրոցներում` 83/52 հարաբերակցությամբ:
Տնօրեն Մղդեսյանն ասում է, որ դժվարությամբ է ոտքի կանգնեցրել դպրոցը, սակայն այժմ ամեն ինչով բավարարված է՝ բացառությամբ «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերից. «Ինձ բան պետք չէ, կարո՞ղ եք՝ «Հայոց պատմության» գիրք ուղարկեք»,-ասում է նա:
Հոքամի դպրոցում «Հայոց պատմություն» առարկան դասավանդվում է 7-ից բարձր դասարաններում: Տնօրենն ասում է, եթե յուրաքանչյուր դասարանին գոնե 3 գիրք հատկացվի, երեխաներին կբավարարի: Այսինքն՝ դպրոցի 6 դասարանի համար անհրաժեշտ է 20 գիրք:
Եթե դիվանագիտական խողովակներով դասագրքեր չի մտնում Ջավախք, մնացյալ խողովակները փակ են: Տակավին օրեր առաջ Հայաստան-Սփյուռք համաժողովի ջավախքցի մասնակիցներին մանրակրկիտ զննության են ենթարկել սահմանակետում՝ Ջավախք վերադառնալիս: Նրանց մոտ «հայտնաբերված» համաժողովի գրքերը կասկած են առաջացրել, և այդպես «կասկածելի» են բոլոր տիպի գրքերը՝ սկսած Աստվածաշնչից վերջացրած ՀՀ նախագահի լուսանկարով օրացույցով:
Գրավոր դիմեցինք ՀՀ ԿԳՆ՝ պարզելու, թե Ջավախքի դպրոցների համար «Հայոց պատմություն» առարկայի դասագրքեր ՀՀ ԿԳՆ-ն երբևէ տրամադրել է, թե ոչ: Եթե այո, ապա երբ և ինչ քանակությամբ:
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Վրաստանի հայերենով ուսուցմամբ դպրոցներին որպես հումանիտար օգնություն տրամադրվող ուսումնական գրականության ցանկը նախապես համաձայնեցվում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ և Վրաստան է առաքվումվերջինիս համաձայնությունը ստանալուց հետո:
«Տարիներ շարունակ Վրաստանի ԿԳՆ-ն արտոնել է միայն «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների դասագրքերի և դրանց աշխատանքային տետրերի ներկրումը Վրաստան: Մնացած առարկաների դասագրքերից (այդ թվում նաև «Հայոց պատմություն»-ից) Վրաստանի ԿԳ նախարարությունը հրաժարվել է այն հիմնավորմամբ, որ երկրի կրթության ոլորտում մշակվել են միասնական պետական չափորոշիչներ, որոնք էլ հիմք են ծառայել Վրաստանի հանրակրթական դպրոցների համար դասագրքերի ստեղծմանը, և մասնավորապես, Հայաստանի պատմությունը ներառված է Վրաստանի հանրակրթական դպրոցների համար մշակված «Համաշխարհային պատմության» դասագրքերում»,- Վրաստանի կառավարության հիմնավորմանն է հղում կատարում հայ պաշտոնյան:
Ավելին, ըստ Վրաստանի ԿԳՆ-ի՝ երկրի հայկական դպրոցներն ապահովված են անհրաժեշտ դասագրքերով: Այդ դասագրքերը թարգմանվում են հայերեն, և թարգմանության հարցում ևս Վրաստանի կրթության նախարարությունը դժգոհություն չունի:
Մասնագետները բազմիցս ահազանգել են, որ Հայաստանի պատմությունն այդ դասագրքերում աղավաղված է ներկայացվում: Սակայն այս փաստը կարծես թե ՀՀ ԿԳՆ-ին չի անհանգստացնում, և վերջիններս բավարարվում են միայն Վրաստանի իրենց գործընկերների բանավոր հավաստիացումներով: Իսկ երկու երկրների կրթության նախարարների հանդիպումների ժամանակ այս հարցը կարծես թե չի էլ քննարկվում:
Նախարար Աշոտյանին նաև հարց էինք ուղղել, թե հաշվարկվե՞լ է, արդյոք, Ջավախքի դպրոցներում հայագիտական առարկաների («Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն») դասագրքերի պահանջարկը որքան է կազմում: Աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Վրաստանի հայերենով ուսուցմամբ դպրոցներին անհրաժեշտ գրականության պահանջարկը ճշտվել է երկու եղանակով. Վրաստանում Հայաստանի դեսպանատան միջոցով, Վրաստանի ուսումնական ռեսուրս-կենտրոնների միջոցով: Գրականության բաշխումն իրականացրել է Ախալքալաքի ռեսուրս-կենտրոնը: ՀՀ ԿԳՆ-ի լիազորություններն ավարտվել են գրականությունը ռեսուրս կենտրոնին հանձնելու գործով:
2009-2013թթ. ընթացքում Ջավախքի դպրոցներին հատկացվել է շուրջ 70 000 օրինակ ուսումնական գրականություն, որի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 60 մլն դրամ: ԿԳՆ-ն տրամադրել է Ջավախք ուղարկված ուսումնական գրականության ցանկը, որից պարզ է դառնում, որ «Հայոց պատմության» դասագիրք Ջավախքի դպրոցներին չի ուղարկվել:
Լուսանկարները` Աղունիկ Այվազյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել