HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջավախքյան գարունը» Երևանում` Ջիվանու, Տերյանի և մյուսների «մասնակցությամբ»

Գուրգեն Ծառուկյանը գուսան Ջիվանուն քանդակելիս մեծ ուժ է զգացել: «Գուսան Ջիվանի» քանդակը Գուրգենի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ավարտական աշխատանքն է եղել: Այժմ Գուրգենը Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող է, և այդ մեծ ուժը նա զգում է նաև ծնունդով ջավախքցի մյուս մեծերին քանդակելիս: Գուրգենը մտադիր է ջավախքցի բոլոր մեծերին քանդակել:

Գուսան Ջիվանու և Վահան Տերյանի, ինչպես նաև Տիգրան մեծի գիպսե քանդակներն այսօր տեղ էին գտել Նկարիչների միությունում բացված ծնունդով ջավախքցի երիտասարդ արվեստագետների «Ջավախքյան գարուն» խորագրով ցուցահանդեսում:

 Ջավախքյան բնապատկերները առավելապես արծարծված էր Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի նկարչագծագրական բաժնի 4-րդ կուրսի ուսանող, գանձացի Հմայակ Գրիգորյանի «Կանաչ դրախտ» շարքում:

«Աբուլը Ջավախքի խորհրդանիշն է, ինչպես Արարատը' Հայաստանի: Չկա ջավախքցի, որ չիմանա այդ լեռը, քանի որ այն հայրենիքում կոչվում է Մայր Աբուլ: Ամոթ կլիներ, ըստ իս, չներկայացնել այս շարքը»,-համոզված է Հմայակը:

Գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող, գանձացի Անի Քանանյանը տարբեր թեմաներով է նկարում, բայց այսօրվա ցուցահանդեսում ներկայացրել է Արևմտյան Հայաստանի և Ցեղասպանության թեման արտացող նկարները. կորուստը, ցավը, դժվարությունները պատկերված են նրա «Մայրը» նկարում: Անին հայրենի Գանձայից նույնպես նկարներ ունի, բայց ասում է, որ չի ներկայացրել դրանք, ընտրել է մի շարք, որպեսզի ամբողջական լինի: ««Մեկ ու կես» վերնագրով նկար ունեմ, որում ոչ լիարժեքության թեման եմ արծարծել, այսինքն' ոչ լիարժեքություն բոլոր ասպարեզներում' թե մասնագիտական, թե անձնական, թե հայրենիքի»,- ասում է Անին:

 Նաիրայի ցուցահանդեսում ձեռքի' գոբելեն աշխատանքներն էր ներակայացրել: Նա իր «Սերը» գնահատում է ավելի քան 500 դոլար, իսկ «Հայուհին»' ավելի թանկ: «Ես իմ աշխատանքը գնահատում եմ ըստ նրա, թե այն ինչ արժեք ունի իմ համար,- ասում է Նաիրան,- ինչ էմոցիաներ եմ ունեցել, ինչ հույզեր»: Նաիրան Ջավախում դեռ չի եղել, հայրն է ջավախքցի, բայց մտադիր է անպայման այցելել և ջավախքյան թեմատիկայով մի բան գործել:

Բոլոր աշխատանքները չէ, որ ջավախքյան թեմատիկա ունեին, իսկ ցուցահանդեսի խորագիրն ընտրվել է այլ սկբունքով: ««Ջավախքյան գարունը» նշանակում է սկիզբ, այսինքն' գարունը խորհրդանշում է սկիզբը»,- բացատրում է Հարություն Շաշվերդյանը:

 Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղից եկած Հարություն Շաշվերդյանը Գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժնի 4-րդ կուրսի ուսանող է, նրա նկարները ևս տեղ էին գտել ցուցահանդեսում: «Ջավախքում պետք է հիմք ստեղծվի, որ մշակույթին ավելի շատ ուշադրություն դարձվի, ոչ թե ջավախքցին մենակ մտածի օրվա ապրուստի մասին, այլ գնահատի նաև արվեստը»,- ասում է Հարությունը:

Հարությունը կարծում է, որ այսօր Ջավախքն այնպիսի դրության մեջ է, որ կարելի է ինչ-որ բան փոխել, բայց պետք է շատ ուժեղ լինել: Կվերադառնա՞ Հարությունը Ջավախք, որպեսզի այնտեղ շարունակի իր ստեղծագործական աշխատանքը և «ինչ-որ բան փոխի» հարցին' հստակ պատասխանել չկարողացավ. «Շատ կուզենայի գնալ, բաներ կան, որ այստեղ կապում են, բայց զուտ, որ այնտեղից ես, պարտադրում է քեզ գնալ»:

Այնուամենայնիվ, Հարությունը հիշեցնում է, որ Ջավախքում վերջին մի քանի տարում տեղադրված քանդակները հենց Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտների աշխատանքն է, որոնք վերադարձել են Ջավախք, օրինակ' Մեսրոպ Մաշտոցի արձանը' Ախալքալաքի կենտրոնում, Վահան Տերյանի կիսանդրին' Նինոծմինդայում:

 «Այսօր նախաձեռնությունը վերցրել են երիտասադրները, սա նշանակում է, որ ջավախքցու մշակույթը առաջընթաց ունի, հեռանակար ունի և ապագա ունի»,- ասաց «Ջավախք» հայրենակացական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ով աջակցել է ցուցահանդեսի կազմակերպմանը: Ծնունդով ջավախքցի պատգամավորը ցավում է, որ այս կարգի ցուցահնդեսները Հայաստանի մայրաքաղաքում են կազմակերպվում, այլ ոչ թե հենց Ջավախքում: Շիրակ Թորոսյանը կարծում է, որ բոլորով պետք է կարողանալ զարգացնել բուն Ջավախքի մշակութային կյանքը և հենց Ջավախքում ցուցահանդեսներ կազմակեպրել:

Արվեստաբան Մարտին Միքայելյանի կարծիքով, եթե միասնական լինեն, ապա Ախալքալաքի մշակույթի տունը կդառնա պատկերասրահ, իսկ երիտասարդների նկարները այնտեղ կցուցադրվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter