
Խոսք հիշատակի
Անվանի հայերենագետ-լեզվաբան Հովհաննես Բարսեղյանը երկրային կյանքին հրաժեշտ տվեց առաջացած տարիքում՝ իննսունչորս տարեկանում, մի տարիք, որի մատույցներին մոտենալ հաջողվում է շատ քչերին միայն: Բայց նա պատկանում էր այն գիտնական-ուսուցիչների դասին, որոնց ներկայությունը նույնիսկ պատկառելի տարիքում համարվում է բարեբախտություն, իսկ կորուստը չի կարող ցավ չպատճառել:
Գաղտնիք չէ, որ Հ. Բարսեղյանը միշտ վայելել է ուսանողության բացառիկ սերն ու համակրանքը: Թերեւս շատերն են փորձել ու այսօր էլ փորձում են պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված այդպիսի ջերմ վերաբերմունքը: Եթե ասենք, որ նա մեր ժամանակների ամենից նշանավոր հայերենագետն էր, կմեղանչենք ճշմարտության առջեւ, եւ հենց ինքը՝ Հ. Բարսեղյանը կընդդիմանար նման կարծիքին ու կարձագանքեր իրեն բնորոշ զայրացկոտ վրդովմունքով. «Իսկ Գեւորգ Ջահուկյա՞նը...»: Իբրեւ դասախոս՝ Հ. Բարսեղյանը (ինչպես եւ իր սերնդակից գիտնականներից շատերը) շռայլ չէր գնահատականի հարցում, հետեւաբար նրա նկատմամբ ուսանողության համընդհանուր եւ բացառիկ համակրանքի պատճառը չպետք է փնտրել նաեւ այդ ոլորտում:
Հ. Բարսեղյանը օբյեկտիվ էր, անկեղծ եւ անկեղծորեն արտիստիկ: Նա գնահատական չէր շռայլում, բայց եւ ոչ ոք չէր կասկածում նրա նշանակած գնահատականի օբյեկտիվությանը: Հ. Բարսեղյանը մեր ժամանակների հմուտ հայերենագետ-լեզվաբաններից էր, բայց այն հազվադեպ հանդիպող լեզվաբաններից, որոնք հոգով բանաստեղծ են (եթե անգամ չեն ստեղծագործում) եւ այդ բանաստեղծականությունը, որպես իրենց էության բաղադրիչներից մեկը, դրսեւորվում է բոլոր իրավիճակներում եւ դրսեւորվում է բնականորեն, առանց հատուկ ջանքերի:
Հ. Բարսեղյանի գրչին են պատկանում այնպիսի արժեքավոր հայերենագիտական ուսումնասիրություններ, ինչպիսիք են «Արդի հայերենի բայի եւ խոնարհման տեսություն» (1953), «Հայերենի ուղղագրական-ուղղախոսական, տերմինաբանական բառարան» (1973), «Հայերենի խոսքի մասերի ուսմունքը» (1980) աշխատությունները, որոնցից յուրաքանչյուրը ծանրակշիռ ներդրում է հայոց լեզվի ուսումնասիրության ոլորտում եւ, անշուշտ, արդի հայերենագիտության մնայուն արժեքներից է: Իհարկե, նրա հրապարակած աշխատանքների թիվն այդքանով չի սահմանափակվում: Որպես հայերենագետ՝ Հ. Բարսեղյանը չափազանց բծախնդիր էր հայոց լեզվին առնչվող ցանկացած հարցի նկատմամբ եւ բնականաբար հայերենի իրավունքների կրքոտ պաշտպաններից էր: Այս առումով ուշագրավ է նրա վերաբերմունքը հայերենի գործող ուղղագրության փոփոխության, ավելի ճիշտ՝ ավանդական ուղղագրությանը վերադարձի առաջարկությունների առնչությամբ. այս հարցի կապակցությամբ նա երկու անգամ հանդես եկավ հանգամանալից հրապարակումով (վերջինը՝ 2004 թ.-ին՝ «Հայերեն ուղղագրության հարցերը հայագիտության եւ գրականության դասականների քննությամբ»), որոնցում համակողմանի քննությամբ փորձել է ապացուցել, որ գիտականորեն հիմնավորված չեն հին՝ ավանդական ուղղագրությանը վերադարձի առաջարկությունները: Հ. Բարսեղյանը, ակադ. Է. Աղայանի հետ միասին, հայոց լեզվի դպրոցական դասագրքերի (IV եւ V-VII դասարանների) համահեղինակ էր, որոնցով արդի հայերենի կառուցվածքի մասին առաջին գիտելիքներն են ստացել աշակերտների բազմաթիվ սերունդներ: Վերջապես, Հ. Բարսեղյանը, Թ. Հակոբյանի եւ Ստ. Մելիք-Բախշյանի հետ միասին, «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով՝ շուրջ 5000 էջ) կոթողային աշխատության համահեղինակներից էր, աշխատանք, որը, հիրավի, հայ բառարանագրության մնայուն ձեռքբերումներից է: Եվ, ցավոք, հեղինակներից միակը, որը հրատարակված տեսավ իրենց հսկայածավալ աշխատանքի արդյունքը:
Իր արդյունավետ գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ նա, մինչեւ թոշակային տարիքը, տասնամյակներ շարունակ վարել է նաեւ վարչական ղեկավար պաշտոններ (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ կառավարությանն առընթեր տերմինաբանական կոմիտեի քարտուղար), իսկ ակադ. Գ. Ջահուկյանի մահվանից հետո որոշ ժամանակ ղեկավարեց նաեւ Հ. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտում գործող՝ բանասիրության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհուրդը:
Հ. Բարսեղյանի՝ որպես մարդու նկարագրի մասին է վկայում իր ուսուցիչների, մասնավորապես՝ Մ. Աբեղյանի եւ Հ. Աճառյանի հանդեպ տածած անթաքույց, գրեթե պաշտամունքի հասնող սերն ու պատկառանքը, որը ոչ հազվադեպ արտահայտվում էր դասախոսությունների ընթացքում: Նա գիտեր պատշաճը մատուցել ոչ միայն իր ուսուցիչներին, որոնք այլեւս չկային, այլեւ իր ժամանակակիցներին: Նրա գրավոր եւ բանավոր խոսքն արդեն նախորդ դարի 80-ականներին համաշխարհային հռչակ վայելող Գ. Ջահուկյան գիտնականի հոբելյանական տարելիցների առիթով ասվածի վառ վկայությունն են:
Գոնե մեզ դասավանդելու ընթացքում Հ. Բարսեղյանը խիստ հազվադեպ էր շեղվում մասնագիտական նյութից եւ եթե շեղվում էր՝ դարձյալ հայոց լեզվին ու լեզվաբանությանը առնչվող հարցերի առնչությամբ: Զարմանալի կերպով նա մեկ անգամ «շեղում» թույլ տվեց եւ այն էլ այն դեպքում, երբ մենք ավելի շուտ հակառակն էինք սպասում: 1988-ի փետրվարյան փոթորկուն օրերից հետո վերադառնալով լսարան՝ մենք սպասում էինք, որ Հ. Բարսեղյանը, որի կարծիքով ուսումնական գործընթացը տապալելը հանցագործությանը համարժեք էր, մեզ խստագույնս պիտի նախատեր, բաց թողած նյութի փոխարեն հանկարծ սկսեց խոսել արցախյան հիմնախնդրից եւ մեր ժողովրդի կրած զրկանքներից: Այդ օրը մենք ճանաչեցինք նոր, մինչ այդ մեզ անծանոթ Հ. Բարսեղյանի, որի հոգում այդ պահին իր սասունցի նախնիների արյան կանչն էր խոսում: Բնական է՝ այդ Բարսեղյանին ուսանողությունն ավելի սիրեց, որովհետեւ տեսավ, որ լավ գիտնական լինելուց առաջ Հ. Բարսեղյանը իր ժողովրդին ու երկիրը խորապես սիրող հայ է:
Վարդան Պետրոսյան
ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ
5.08.2014 թ.
Մեկնաբանել