
Աշխարհով մեկ հայտնի թանգարան, որը չի կարող ունենալ այցելու
Գյումրիի հին թաղամասերից մեկում, ուր ցեխի և ջրափոսերի պատճառով հնարավոր է անցնել միայն ամենագնաց մեքենայով, երկրաշարժից հետո ամրացված փոքրիկ շենքում զետեղված են Շիրակի մարզի պատմամշակութային անգնահատելի արժեք ունեցող հարստությունները: Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանի խոսքերով` 1930 թվականին ստեղծված թանգարանի մասին այսօր գիտեն ողջ աշխարհում, սակայն սովորական մահկանացուներս հնարավորություն չունենք տեսնել այն, ինչ հազարավոր դարեր պահպանվում էին Շիրակի մարզի հողերում:
Համազասպ Խաչատրյանի աշխատասենյակի կենտրոնում հինգ հազար տարվա պատմություն ունեցող հսկայական կարասն է, սեղանին՝ երեք հազար տարեկան կանացի սկիզբ խորհրդանշող եռանկյունաձև քարի կտորը, իսկ պահարանի վրա՝ կարասներ և հավանաբար Հայաստանում ամենահին աղի կճուճը:
«Հետքի» հարցերին պատասխանում է Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանը:
-Որն է պատճառը, որ նման պատմություն ունեցող թանգարանը երբեք չի ունեցել առանձին շենք:
-Ժամանակին նորմալ չի մատուցվել, խնդրով չեն զբաղվել: Նախկինում թանգարանը զբաղեցնում էր Գյումրու Մանկավարժական ինստիտուտի առաջին հարկը, այն էլ այնտեղ գտնվում էր միայն ցուցադրությունը: 1984 թվականին թանգարանը հանեցին այնտեղից ու այդ իսկ օրից թանգարանը կոնսերվացվել էր: Երկրաշարժն էլ ամեն ինչ ավելի հետաձգեց: Իսկ երկրաշարժից հետո առաջին հերթին լուծվեց քարաշեն դպրոցների հարցը, այնուհետ՝ հիվանդանոցների, և հիմա բնակարանաշինության հերթն է, որը դեռ ամբողջովին լուծված չէ: Հաշվի պետք է առնենք այն, որ մինչ օրս մոտ երեք հազար ընտանիք անտուն է: Ճիշտ է, թանգարանի շենքային պայմանների հարցը բարձրացվել է մինչև հանրապետության նախագահը: Հարցը գրեթե լուծված էր, սակայն առաջացավ որոշ նախարարություններ Գյումրի տեղափոխելու հարցը, իսկ քաղաքի բոլոր շինություններն անխտիր սեփականաշնորհված են, ու ազատ շինություն ուղղակի չկա, որը պետությունը կարողանա հատկացնել թանգարանին: Շատ են դատարկ շենքեր, որոնք սեփականաշնորհված են և սարսափելի բարձր գներով են վաճառում:
-Խնդրի լուծման ի՞նչ ուղիներ եք տեսնում:
-Մենք առաջարկել ենք երկու տարբերակ. կամ նոր շենքի կառուցում, կամ էլ Գյուլբենկյան հիվանդանոցի շենքի տրամադրումը, որտեղ անհրաժեշտ է կատարել միայն ներքին հարդարում: Սակայն քաղաքում ազատ շենքերի բացակայության պատճառով այնտեղ, հավանաբար, կտեղափոխվեն նախարարությունները:
-Փաստորեն, թանգարանը կա, գիտական ոլորտում աշխատանքներ կատարվում են, բայց միաժամանակ՝ այն գոյություն չունի:
-Մեր տեղը գիտեն ամբողջ աշխարհում, աշխատել ենք բազում խոշոր համալսարանների հետ, սակայն փողոցից անցորդները չեն կարող մտնել ներս և նայել: Պեղումների ժամանակ գալիս են խմբերով, օրինակ` անցած տարի մեզ այցելելու եկան գերմանացի պրոֆեսորներ իրենց ուսանողների հետ: Երկար տարիներ ճապոնացիների հետ ենք աշխատում՝ Տոկիոյի տեխնոլոգիական համալսարանից:
-Ներկայումս մարզում հնագիտական ի՞նչ աշխատանքներ են իրականացվում:
-Սեպասարի արշավախումբն է, որը վաղ բրոնզեդարյան տաճարական բնակավայր էր: Այն արդեն տասը տարի պեղում ենք: 2009-ից էլ՝ Հայկաձորում, մյուսը հայ-գերմանական Ազատանի արշավախումբն է. այն մի հսկայական հուշարձան է: Մեկ այլը Երերույքին է՝ հայ-ֆրանսիական, որի պայմանագիրը Ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի հետ է: Մեկ այլ ծրագիր է պալեոլիտի ուսումնասիրությունը՝ դաշտային ուսումնասիրություն Հյուսիսային Հայաստանի չորս գետերի ավազաններում, ու ծրագիրը հիմնական հումքի աղբյուրների որոնում էր: Հետագայում ծրագիրն ընդլայնվեց նեոլիտի շրջանում, որն իրականացվեց նաև Սիսիանում, Արզնիում, Լուսակերտում, և դեռ շարունակական է:
-Պեղումների ավարտից հետո ինչպե՞ս է կատարվում կոնսերվացիան, ստեղծվա՞ծ են պայմաններ այնտեղ տուրիստական արշավախմբեր տանելու համար:
-Դե ամեն ինչ չէ, որ կոնսերվացվում է, միայն այն, ինչ վտանգավոր է: Հիմնական աշխատանքները մեծածավալ չեն, չեն ընդգրկում մեծ մակերեսներ: Տուրիստներ միշտ էլ լինում են: Հուշարձան ունենալը քիչ է, տուրիզմի զարգացման համար մեզ մոտ բացակայում են մնացած բոլոր անհրաժեշտ ինֆրաստրուկտուրայի տարրերը:
-Իսկ եղե՞լ են փորձեր, երբ ձեր բացակայության ժամանակ պեղումնավայրում աշխատել են գանձեր որոնողները:
-Թալանողները որոշակիորեն մասնագիտացած են, մեզ մոտ նմանատիպ դեպքեր չեն եղել: Լսել եմ, որ նմանատիպ դեպք եղել է ժամանակին Լճաշենի դամբարանադաշտում: Նման դեպքում վարչական կամ քրեական միջոցները չեն, որ պետք է աշխատեն, մարդկանց գիտակցությունը: Օրինակ՝ Բենիամինում այդքան տարի աշխատում ենք, ու հիմա փորձվի մեկը գնա ու պտտվի այն կողմերում: Նման դեպքերում բնակիչներից մեկը գնում և հետաքրքրվում է, թե ի՞նչ գործ ունի նա այդ տեղանքում, քանի որ նրանք գոնե մի կաթիլ քրտինք ունեն թափած այնտեղ: Այսինքն` մարդկանց պետք է բացատրել հուշարձանի արժեքը: Հուշարձանների պահպանության ամենալավ ձևը դրանց ուսումնասիրությունն է, որքան շատ մարդ է աշխատում այնտեղ, այնքան շատ մարդ սկսում է գնահատել դրանց արժեքը:
- Շիրակի դաշտերի մեծամասնությունը գտնվում է դամբարանադաշտերի վրա, երբեմն` նույնիսկ բնակավայրերի տակ: Նման տեղանքներում աշխատելիս խնդիրներ չեն առաջանու՞մ:
-Օրինակ` Ազատանը, որը հսկայական հուշարձան է, հայտնաբերվել էր 1995-ին պատահականորեն, գյուղացիների կողմից: Այդ ժամանակ ուսանողներիս հետ Բենիամինում պեղումներ էինք կատարում և արագ մեկնեցինք Ազատան: Գյուղացիները ցանկացել էին դաշտը լայնացնել՝ քարերը հետ էին քաշել ու, երբ արդեն նետասլաքներ էին գտել, լուր տվեցին մեզ գտածոների վերաբերյալ: Այդ պահին միջոցներ չունեինք, սակայն մեր միջոցներով կատարեցինք: Ազատանի հնավայրն ունի ամրոց, կացարաններ, բնակավայրեր, դամբարանադաշտեր: Վերջիններս չեն երևում, քանի որ մելիորացիա է արվել, ծածկասարերը հարթեցվել են, սակայն բուն դամբարանները հիմնականում դաշտերի տակն են: Կամ մի այլ հատվածում, մարդիկ իրենց տան բակում հին զուգարանի կողքը որոշում են նորը փորել ու հնի ու նորի արանքում հայտնաբերում են միջին բրոնզե դարի դամբարան: Կրկին գալիս և տեղեկացնում են մեզ: Պարզվեց, որ գյուղի ողջ հարավային կողմը նստած է դամբարանադաշտի վրա: Դեկտեմբեր ամիսն էր, րոպե առ րոպե սպասում էինք ձյան գալուն և չէինք կարող աշխատանքները թողնել հաջորդ տարի, որ խնդրեինք հավելյալ ֆինանսավորում ու նոր կատարեինք պեղումները: Հիմնականում նմանատիպ դեպքերում մենք կատարում ենք մեր հաշվին, քանի որ հնարավոր չէ թողնել ոչնչանան:
- Շիրակի մարզի կլիմայական պայմանները հաշվի առնվու՞մ են պեղումներ կատարելիս, ե՞րբ են սկսվում պեղումների աշխատանքները:
-Երբ փող եղավ, անկեղծ: Օրինակ` անցած տարի Հայկաձորում պեղումները սկսել ենք նոյեմբերին, քանի որ մինչ այդ գումար չկար (անկեղծորեն ծիծաղում է):
Առաջին լուսանկարում Համազասպ Խաչատրյանն է
Հարցազրույցը եւ լուսանկարները` Անահիտ Մինասյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել