
Երգեր ժամանակի և տարածության միջից
Նաիրա Հայրապետյան
You Shook Me. 1960-ական թվականների բլյուզ ոճում շատ հայտնի մի երգի անուն, որից ներշնչվել են ապագա հայտնի երաժիշտներ: Մադի Ուոթերսի (Muddy Waters) այս ստեղծագործությունը լուրջ կռվախնձոր դարձավ երկու ընկերների՝ վիրտուոզ կիթառահարներ Ջեֆ Բեքի և Ջիմի Փեյջի միջև: Մինչ այդ նրանք հասցրեցին ձայնագրել և լսարանին հանձնել երգի երկու հրաշալի կատարում: Ի սկզբանե այն գործիքային էր, բայց շատ արագ ընդունվեց և ընդամենը մեկ տարվա մեջ մեծ հեղինակություն էր վայելում բլյուզի միջավայրում: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ «Chess Records»-ի հիմնադիր և պրդյուսեր Լեոնարդ Չեսը առաջարկեց վերաձայնագրել այն, բայց երգի տարբերակով:
1962թ. ծնվեց Չիկագոյից հայտնի բլյուզմեն Մադի Ուոթերսի ամենայուրահատուկ գործերից մեկը՝ «You shook me» –ն, որին վերապահված էր ներկայացնել երաժշտի վոկալ առանձնահատկությունները՝ ներդաշնակված կիթառի սահուն հնչյուններին: Տեքստի հեղինակներն էին Ուիլի Դիքսոնը և Ջեյ Բի Լենոան: Այս երգը դարձավ Ուոթերսի ամենահաջողակ սինգլներից մեկը 60-ականների սկզբին և վերածվեց այս ասպարեզում դասական չափանիշի՝ կատարվելով բազմաթիվ բլյուզ և ռոք արտիստների կողմից:
Երգի ձայնագրությունից 6 տարի անց՝ 1968թ. մայիսին, բրիտանացի երգահան և վիրտուոզ կիթառահար Ջեֆ Բեքը այն նոր մեկնաբանությամբ ձայնագրեց «The Jeff Beck Group»-ի «Truth» ալբոմի համար: Այս տարբերակն իր հարդ-ռոքային գործիքավորման պատճառով անվանվեց «ոսկորները ծեծող», բայց միաժամանակ համարվում էր խմբի համերգային ոգու գագաթնակետը՝ Բեքի կիթառի և Ռոդ Ստյուարտի վոկալի դինամիկ փախազդեցությամբ:
Ինն ամիս անց ծնվեց «You Shook Me»-ի ապագա` ամենահայտնի և հեղիանակավոր կատարումը: Այն պատկանում էր բրիտանական «Led Zeppelin» խմբին և ձայնագրվեց դեբյուտային՝ «Led Zeppelin» ալբոմի համար (1969թ.): Այս կատարումը ցնցեց բլյուզի և, հատկապես, «You Shook Me»-ի երկրպագուներին: Թեպետ կրում էր Ուոթերսի ազդեցությունը եւ որոշակի ընդհանրություններ ուներ Բեքի մշակման հետ, բայց նոր խոսք էր, նոր մոտեցում և նոր երևակայություն: Այն տևողությամբ ևս գերազանցում էր նախորդ կատարումներին՝ 6 րոպե 28 վայրկյան: Ջեֆ Բեքն, իմանալով այդ մասին, խիստ վիրավորվեց խմբի կիթառահար Ջիմի Փեյջից, ով նախաձեռնել էր զեփելինյան քավըրի հայտնությունը: Նա իր նախկին գործընկերոջն ու մտերիմ ընկերոջը մեղադրեց՝ ասելով, որ Փեյջը գողացել է իր միտքը, մինչդեռ Փեյջն այն տարօրինակ մեկնաբանություն էր համարում՝ անկեղծորեն խոստովանելով, որ դա զուգատիպություն է և Բեքի ձայնագրության մասին ինքը շատ ուշ է իմացել. «Սա դասական օրինակն է այն բանի, որ մենք երկուսս էլ գալիս ենք երաժշտական նույն տարածքից և ունենք ընդհանուր ճաշակ»,-պնդում էր նա իր հարցազրույցներում:
«You shook me»-ի շուրջ ծավալված կրքերը չէին հանդարտվում տարիներ շարունակ տարբեր առիթներով Բեքն ու Ստյուարտը ակնարկում էին այդ մասին՝ խոսուն հիշատակումներով և Փեյջին ուղղված սուր բնորոշումներով: Ի տարբերություն Բեքի տարբերակի՝ զեփելինյան բլյուզ-ռոքային մեկնաբանությունն իր կնիքը դրոշմեց երաժշտության էջերում: Այն իր հաստատուն տեղը գրավեց լսարանի ամենապատվավոր անկյունում և ընդգրկվեց խմբի, հետագայում նաև Փեյջի համերգային ծրագրերում ևս:
Իսկ ի՞նչ իմանանք, թե որն էր այս կատարման իրական մղումը կամ պատճառը. հնարավոր է Փեյջն այս քայլով նախկին գործընկերոջը որոշել էր ցույց տալ, թե իրականում ինչպե՛ս էր պետք կատարել այդ գործը: Թե՛ Փեյջը, թե՛ Ռոբերտ Փլանթը երգի այս մեկնաբանության մեջ երևակայելու կարծես թե անսպառ հնարավորություններ են տալիս ունկնդրին, վերլուծելու լայն տեսադաշտ երաժշտագետներին: Ավելի ուշ «You shook me» –ի քավըր տարբերակները ներկայացրեցին հեղինակը՝ Ուիլի Դիքսոնը, Բի Բի Քինգը, Միք Թեյլորը, Ջորջ Լինչը, Էտա Ջեյմսը, «The Blues Band»-ը և այլ արտիստներ:
Մեկնաբանել