
Մեծ Բրիտանիայի դեսպանները Հարավային Կովկասում ողջունում են օլիմպիական զինադադարի մասին ՄԱԿ-ի բանաձևը
Մեծ Բրիտանիայի դեսպանները Հարավային Կովկասում ողջունել են ՄԱԿ-ի կողմից ընդունված օլիմպիական զինադադարի մասին «Խաղաղ և ավելի երջանիկ աշխարհի կառուցումը սպորտի և օլիմպիական իդեալների միջոցով» բանաձևը: Բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա է ներկայացրել Միացյալ Թագավորությունը, որը 2012-ին Լոնդոնում հյուրընկալելու է օլիմպիական խաղերը: Բանաձևը միաձայն ընդունվել է 2011 թվականի հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում: Պատմության մեջ առաջին անգամ բանաձևի համահեղինակներ են հանդիսացել ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 երկրները, ներառյալ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը:
Դեսպաններ Փիթեր Բեյթմենը Բաքվում, Չարլզ Լոնսդեյլը Երևանում և դեսպանի պաշտոնակատար Դուգ Մըքմիլանը Թբիլիսիում հանդես են եկել միացյալ հայտարարությամբ, որում ասված է. «Մենք ողջունում ենք այս բանաձևը և դրա միաձայն ընդունման փաստը: Միացյալ Թագավորությունը տարիներ շարունակ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղաշինությանը և հակամարտությունների լուծմանը: Հուսով ենք, որ բանաձևի հիմքում ընկած իդեալները կարող են վերածվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված կոնկրետ քայլերի»:
Հին Հռոմում օլիմպիական խաղերով սկսվում էր խաղաղության ժամանակաշրջան, որը մրցակիցներին ու այլոց ապահով ճանապարհորդելու հնարավորություն էր տալիս: 1992 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն վերածնեց այդ գաղափարը՝ սպորտն օգտագործել օլիմպիական իդեալները խրախուսելու և խաղաղաշինությանն ու հակամարտությունների լուծմանը աջակցելու համար: Նման բանաձևեր ընդունվել յուրաքանչյուր Ամառային և Ձմեռային խաղերից առաջ: Բանաձևը վերաբերում է ոչ միայն հաջորդ ամռանը օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ընթացքում զինադադարը հարգելուն, այլև բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են սպորտի միջոցով աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և հազարամյակի զարգացման նպատակներին հասնելուն:
Մեկնաբանել