
Մարդիկ հարստացել են Ջավախքի «անջատողականության» հաշվին. Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու
«Ներդրումային ընկերությունները Ջավախքում իրենց պահում են այնպես, ինչպես բրիտանական կոլոնիստները Հարավային Աֆրիկայում 200 տարի առաջ»
Հունիսի 15-ին Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ուղղակի քվեարկությամբ կընտրվեն շրջանային ժողովի պատգամավորները, քաղաքապետերը և շրջանային վարչության ղեկավարները: ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով նոր դաշինք է ստեղծվել Վրաստանում՝ «Ոչխորհրդարանական ընդդիմություն» անվամբ: Դաշինքի մաս կազմած «Ազատ Վրաստան» կուսակցությունը սկսել է քարոզարշավը նաև Ջավախքում: Երկու օր առաջ դաշինքի ներկայացուցիչներն այցելել են շրջան: Տեղի բնակիչների հետ հանդիպել է նաև դաշինքի Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան, ում հետ զրուցեցինք թեմայի շուրջ:
Ինչո՞ւ որոշեցիք այցելել Ջավախք և ի՞նչ տպավորություններ ունեք շրջանից:
Սամցխե-Ջավախքում այնպիսի իրավիճակ է, որ Վրաստանի հարավային շրջաններում, որտեղ ապրում են ազգային փոքրամասնություններ, էթնիկ ռեգիոն է եղել ռեզերվում, որին ստիպել են քվեարկել իշխող կառավարության օգտին: Այնտեղ այդպիսի ավանդույթ էր ձևավորվել: Ամեն անգամ մենք փորձում ենք ինչ-որ կերպ ակտիվացնել հայկական փոքրամասնությանը, որպեսզի ստիպենք նրանց ինտեգրվել վրացական քաղաքականություն: Եթե որևէ մեկը ուզում է քվեարկել իշխանության օգտին, թող քվեարկի նրանց օգտին, իսկ ով կուզենա քվեարկել ընդդիմության օգտին, ձայն տա ընդդիմությանը:
Այսինքն՝ ուզում եք Ջավախքում ընդդիմադիր ուժերի դիրքերն ամրացնե՞լ:
Հիմա մեր բլոկը հաջողություն է գրանցել Ախալքալաքում, նաև Նինոծմինդայում, բայց Ախալքալաքում ավելի շատ: Այնտեղ մեր բլոկը ղեկավարում է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանը: Նա նաև ղեկավարել է «Վրացական երազանքի» նախընտրական շտաբը մինչև հոկտեմբեր: Այնտեղ հիմա այնպիսի իրավիճակ է, որ «Վրացական երազանքի» ակտիվիստները հիմա իրենց ձայները մեզ են տալիս: Արդեն ունենք շրջանի ղեկավարի պաշտոնի մեր թեկնածուն՝ Արտաշես Փալանջյանը (Արտաշես Փալանջյանը Ախալքալաքի սոցիալական օգնության գործակալության բաժանմունքի պետ-Ք.Ա.): Մենք հույս ունենք, որ նա մեծ շանսեր ունի շրջանի ղեկավար ընտրվելու հարցում: Սա նորություն է, քանի որ մինչ այդ շրջանի ղեկավարին նշանակում էին կենտրոնից՝ Թբիլիսիից, որը մի շարք հոգեբանական ու քաղաքական խնդիրներ էր առաջացնում տեղի բնակչության և կենտրոնական իշխանությունների միջև: Իսկ այժմ հնարավորություն է ստեղծվել, որ տեղի բնակչությունն ինքը ընտրի իր ղեկավարին, և կարծում եմ, որ դա լավ քայլ է տեղի խնդիրները լուծելու համար:
Ովքե՞ր են ձեր մրցակիցները:
Ախալքալաքում ներկայացված են մեր բլոկը, իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը» և Մ. Սահակաշվիլու կուսակցությունը՝ «Ազգային շարժումը»: Սակայն կարծում եմ, որ մրցակցությունը կլինի մեր թեկնածուի և իշխող կուսակցության թեկնածուի միջև, որովհետև դա սպեցիֆիկ ռեգիոն է, և ոչ բոլոր կուսակցությունները կարող են ուժեղ շտաբ ունենալ:
Դուք հանդիպել եք նաև տեղի բնակիչների հետ, ի՞նչ խնդիրներ են անհանգստացնում նրանց, և ընդհանրապես ի՞նչ խնդիրներ եք տեսնում Ջավախքում:
Առաջին հերթին գործազրկության խնդիրն է, որը ստեղծվել է նոր նախագծի՝ Կարս-Ախալքալաք երկաթգծի պատճառով: Ջավախքի բնակչության գլխավոր գործատուն մինչև 2007թ. ռուսական զինվորական բազան էր, և Վրաստանի շահերից ելնելով բազան այստեղից հանեցինք: Սակայն այն ժամանակ Վրաստանի իշխանությունները խոստացան, որ ինչ-որ աջակցության ծրագրեր կլինեն, որոնք կօգնեն գյուղատնտեսությունը զարգացնելուն կամ այլ ոլորտներում, որտեղ կարելի էր նոր աշխատատեղեր ստեղծել: Սակայն ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց: Հիմա երկաթգծի այդ մեգանախագիծը, որը երեք երկիր է միացնում, և հենց Ջավախքում են գլխավոր շինարարություններն ընթանում, բերել է աշխատողներ հարևան երկրներից, իսկ տեղացի բնակչությունից՝ և հայերից, և վրացիներից որևէ մեկն այդ շինարարություններում չի աշխատում: Դա ուղղակի խտրականություն է, տարանջատում, դրա մասին հայտարարել է նաև տեղի բնակչությունը, դա, մինչդեռ, ոչ թե տեղի բնակչության խնդիրն է, այլ Վրաստանի: Ներդրումային ընկերությունները այստեղ իրենց պահում են այնպես, ինչպես բրիտանական կոլոնիստները Հարավային Աֆրիկայում 200 տարի առաջ: Դա ընդունելի չէ, երբ էթնիկ պատկանելիության կամ այլ չափանիշների հիման վրա վերցնեն կամ չվերցնեն աշխատանքի: Մենք, իհարկե, ողջունում ենք որևէ տեսակի ներդրում Վրաստանում այն պատճառով, որ դրանք Վրաստանում պիտի ստեղծեն աշխատատեղեր տեղի բնակչության համար: Սակայն եթե նրանք աշխատատեղ չեն ստեղծում տեղաբնակների համար, ուրեմն մենք չենք հասկանում, թե որն է այդ ներդրման էությունը:
Երկրորդը՝ ինչպես գիտեք Ջավախքը Վրաստանի ամենահարուստ գյուղատնտեսական շրջանն է, որտեղ բարձր որակի գյուղատնտեսական արտադրանք է ստեղծվում: Օրինակ՝ մսամթերք, կաթնամթերք, կարտոֆիլ և այլն: Ցավոք, Վրաստանում գործում է այնպիսի օրենսդրությունը, որը նրանք մեկնաբանում են որպես Եվրամիություն մուտք գործելու կարգավորման մեխանիզմներ, որոնք պահպանելու դեպքում ստացվում է, որ տեղի մսամթերքը ավելի թանկ է վաճառվում Վրաստանի տեղական շուկայում, քան սառեցված ներկրված միսը Բրազիլիայից կամ Հնդկաստանից: Եվ սա վերջին տարիներին գրեթե սպանել է մեր գյուղատնտեսության արդյունաբերությունը: Մենք պահանջում ենք չեղյալ հայտարարել այդ կարգավորումները, որոնք արհեստական խոչընդոտներ են ստեղծում տեղացի արտադրողների համար, որպեսզի սեփական երկրի շուկա դուրս գան: Պետք է հին համակարգը վերականգնել, որպեսզի գյուղացին կարողանա իրացնել իր մսամթերքը իր կամ հարևան գյուղի շուկայում: Իսկ հիմա, որպեսզի գրանցի իր արտադրանքը, պետք է հարյուրավոր կիլոմետրեր կտրի, վճարումներ կատարի, փաստաթղթեր ձեռք բերի, կարծես թե ոչ թե միս, այլ օդանավ է արտադրում:
Ջավախքում նաև այլ խնիդրներ կան, որոնք հատուկ չեն միայն այս շրջանին, այլ հատուկ են նաև Վրաստանի այլ շրջաններին: Դրանք են՝ կոռուպցիան, բյուջեի ոչ արդյունավետ ծախսումը, այնտեղ երկու կամ երեք կլան կան, այդ թվում Սամվել Պետրոսյանի կլանը, որոնք ղեկավարում են շրջանը արդեն տասնյակ տարիներ: Պետք է այդ անձանց փոխել: Այնտեղ էթնիկ խնդիրները ստեղծվել են նաև արհեստականորեն: Օրինակ՝ Ախալքալաքում կա հակահետախուզական ծառայություն: Նրանք են կենտրոնական կառավարությանը հայտնում, որ Ջավախում անջատողականություն կա, ինչ-որ բան են նախատեսում և այլն: Դրա հիման վրա այնտեղ շատ խիստ ռեժիմ է դրված: Իսկ իրականում այդ անձինք, ովքեր «պայքարել են» այդ անջատողականության դեմ, հարստացել են: Քանի որ կենտրոնական իշխանությունը վախենում էր դրանից և ուզում էր արմատախիլ անել անջատողականությունը Ջավախքում, նրանք հակահետախուզությանը լրիվ մանդատ են տվել, որոնք այդ մանդատն օգտագործել են ֆինանսական մղումներով: Այդ մարդիկ մի քանի տարում միլիոնատեր են դարձել:
Իսկ ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այդ հարցում՝ Ջավախքում կա՞ անջատողականություն, թե՞ ոչ:
Անջատողականությունը ֆիզիկական իր չէ, դա տրամադրություն է, որը գուցե և կա մասնակիորեն բնակչության որոշ շերտերում: Եվ հարց է, թե մենք ինչն ենք անվանում անջատողականություն: Եթե կան որոշ խմբեր, որոնք պահանջում են քաղաքական ինքնավարություն, ապա, իհարկե, վրացական քաղաքական դաշտը չի ողջունում: Բայց եթե կան խմբեր, որոնք պահանջում են պահպանել հայոց լեզուն, հայ մշակույթը, զարգացնել դա տեղի դպրոցներում, ապա դա նորմալ է: Կարևորը մոտեցումն է, կոնցեպցիան: Մինչև վերջերս Վրաստանի կառավարությունը կարծում էր, որ անջատողականության հետ պայքարի արդյունավետ միջոցը ուժային կառույցներն են՝ ոստիկանությունը, հակահետախուզությունը, հատուկ ջոկատայինները և այլն: Գուցե կարճաժամկետ հատվածում դա աշխատում է, բայց երկարաժամկետի դեպքում դա հակառակն է ազդում: Հյուսիսային Կովկասը դրա օրինակն է: Մենք կարծում ենք, որ այնտեղ ոչ թե ուժային կառույցներով, այլ ինքնակառավարման և տնտեսական մեթոդներով պետք է կարգավորել բոլոր հարցերը և փարատել լարվածությունը: Եթե դու նշանակում ես այնտեղ ղեկավար այլ շրջանից որևէ մեկին և նրան տալիս ես լիարժեք մանդատ, ապա դա իհարկե տեղում կստեղծի լարվածություն, որը հետո կարող է զարգանալ և դառնալ քաղաքական միտում: Բայց եթե մենք տանք տեղացիներին հնարավորություն ինքնուրույն ընտրել իրենց վարչության ղեկավարին, և իրենք էլ լուծեն խնդիրները տեղում, կարծում եմ, դրանից կշահի թե տեղի բնակչությունը, թե Վրաստանի պետության շահերը:
Նշեցիք լեզվի մասին: Ջավախքցիները պահանջում են հայոց լեզվին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ: Պատրաստվո՞ւմ եք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Լեզուների մասին խարտիան նախատեսում է լեզուների տարբեր կարգավիճակ: Եթե խոսում ենք այն մասին, որ հայոց լեզուն կիրառվի հայկական դպրոցներում կամ կրթական ու մշակութային հաստատություններում, ես դրան կողմ եմ: Բայց հայոց լեզուն օգտագործել նաև պետական կառույցներում, այդ գաղափարին ես չեմ աջակցում, որովհետև դա քայլ է դեպի ետ: 20 տարի առաջ այդ խնդիրը կար, և տեղի բնակչությունը չէր հասկանում պետական լեզուն, այդ պատճառով հաղորդակցվելու հետ առնչվող բազմաթիվ խնդիրներ էին առաջացել: Այժմ քիչ թե շատ այդ հարցը լուծվում է, նոր սերունդը սովորում է պետական լեզուն: Այդ պատճառով ես կարծում եմ, որ պետական լեզուն իր տեղն ունի, իսկ տեղի բնակչության մայրենի լեզուն՝ իր տեղը: Եվրոպական երկրներում նույնպես կա այդ փորձը, երբ պետությունը պաշտպանում է այդ էթնոսի լեզուն, սակայն նրանց լեզուն չի փոխարինում պետական լեզվին:
Սահակաշվիլին բազմիցս հայտարարել է, որ Ջավախքում զարգացել է ինֆրաստրուկտուրան և ներդրումներ են կատարվել: Ուրեմն ինչո՞ւ են մարդիկ շարունակում արտագաղթել:
Հակառակը: Ես երկար ժամանակ չէի եղել Ջավախքում, և ինձ զարմացրեց այն, որ գուցե տեղի բնակչությունը Վրաստանի հարուստ բնակչության թվին է պատկանում, որովհետև նրանք իրապես եկամուտ են ստանում իրենց գյուղատնտեսական արտադրանքից՝ հատկապես կարտոֆիլից, բայց նայում ես Ախալքալաք քաղաքին, դա չես զգում: Դա Վրաստանի ամենաաղքատ կամ ավելի ճիշտ կլինի ասել չկառուցված քաղաքներից է, և չկա քաղաքում բազմաբնակարան շենքեր: Այնքան էլ հաճելի չէ տեսնել միայն մեկհարկանի տներ՝ մեկհարկանի Ամերիկայի նման մեկհարկանի Ախալքալաք ես տեսնում: Ուզեցա որևէ մշակութային հաստատություն այցելել՝ թանգարան կամ այլ տեղ, պարզվեց՝ ոչինչ այնտեղ չի գործում: Այնպես որ, ինֆրաստրուկտուրան այնքան էլ զարգացած չէ:
Իսկ ձեր դաշինքը ի՞նչ քայլեր է նախատեսում իրականացնել, որպեսզի Ախալքալաքը զարգանա:
Լավագույն մոտեցումը այդ հարցին, որը նաև մեր կուսակցության ծրագրում կա, այն է, որ վերադարձվեն ինքնակառավարման մարմիններին հարկային մուտքերը, որը հիմա վերցնում է կենտրոնական բյուջեն: Ոչ մեր կուսակցությունը, ոչ այլ կուսակցություն, ոչ էլ որևէ լիդեր, ինչպես Սահակաշվիլին, չպետք է որոշի ինչ կառուցել Ախալքալաքում: Եկեք վերադարձնենք հարկային մուտքերը, որոնք վերցրել էին 2005-ին, և թող իրենք որոշեն՝ իրենց համար թանգարանն է կարևոր, կամուրջը, թե այլ կառույցը: Դա արդի եվրոպական մոտեցում է, որ գումարները մնան տեղում, և տեղաբնակները որոշեն իրենց ճակատագիրը:
Լուսանկարը՝ Կախա Կուկավայի ֆեյսբուքյան էջից:
Մեկնաբանել