
«Ով էինք, ով դարձանք»
Արարատ Դավթյան
Վահե Սարուխանյան
«Ով էինք, ով դարձանք. ես էս աշխարհը հեղաշրջողի տիրոջ մերը..., իսկականից»,- ասում է բոմժ դարձած նախկին ազատամարտիկը` Հովիկ Ղամբարյանը:
«Տուն-տեղ, ընտանիք... ամեն ինչ ունեցել եմ, ստեղծել եմ: Բայց հիմա շիշ եմ հավաքում: Հեսա, տես` «տելեվիզր» եմ գտել, լաթ-մաթ եմ ճարել: Պտի տանեմ «քրջի բազար», որ հացի փող սարքեմ»,- ասում է նա:
Հովիկը Արցախյան պատերազմում երկու անգամ վիրավորվել է` Նոյեմբերյանում եւ Թալիշում:
«Ձախ զարկերակս չկա. 16 կար են տվել: Բժիշկն ասեց` եթե «ասկոլկեն» հանեմ, վիզդ ծուռ կմնա»,- պատմում է նախկին զինվորը եւ նշում, որ դարձել է 2-րդ խմբի հաշմանդամ: Բայց փաստաթղթերը կորցրել է, ուստի թոշակ չի ստանում:
Քառասունութ տարեկան Հովիկը Հրազդանից է: Այնտեղ նա թողել է երեք սենյականոց բնակարանը, առաջին կնոջն ու երկու երեխաներին: Աղջկան անցյալ տարի պատահաբար տեսել է` հեռուստացույցով: Որդուն տարիներով չի տեսել:
«Կռվի ժամանակ որ ընկա Մանվելի ջոկատ, ութ ամիս տուն չգնացի: Հետո իմացա, որ էդ վախտ կինս ընկերոջս հետ ա եղել: Էլ ի՞նչ... Թքեցի ամեն ինչի վրա ու դուրս եկա,- պատմում է Հովիկը եւ շարունակում,- եկա Երեւան, «Սեւ» շուկայում էի աշխատում: Սիլվան էլ ըտեղ հավաքարարուհի էր: Կապվեցի հետն ու 13 տարի ա` միասին ենք»:
Հովիկը հիշում է, որ Երեւանի տարբեր թաղամասերում Սիլվայի հետ ապրել են վարձով: Հետո, վարձը վճարել չկարողանալու պատճառով, հայտնվել են փողոցում: Անցյալ տարի փետրվարին տեղավորվել են Չորրորդ գյուղի Անօթեւանների կացարանում: Այստեղ էլ Հովիկը «ԱԼՄ» հեռուստաընկերությամբ ճանաչել է աղջկան` «Սուպեր ադամանդ» Մ.-ին:
«Բոլորս նայում էինք ու լացում»,- հուզմունքը չկարողանալով թաքցնել` պատմում է Հովիկը:
Շուտով նրան, ինչպես ինքն է ասում` կնոջը «չափալաղելու» համար, կացարանից վռնդել են: Կացարանում ճշտեցինք, սակայն, որ այդ «չափալաղի» պատճառով Սիլվայի դեմքը պարբերաբար ծածկվել է կապտուկներով:
«Մենք ուղղակի ստիպված էինք մեզ մոտ պահել նրանցից մեկին. ուրիշ տարբերակ պարզապես չկար»,- վստահեցնում է կացարանի տնօրենը` Դավիթ Շահբազյանը:
Արդեն չորս ամիս է` Հովիկն ապրում է Տիկնիկային թատրոնի հետնամասում գտնվող ստորգետնյա ավտոկանգառում: Այստեղ է մնում նաեւ թափառաշրջիկ Ռաֆիկը: Իսկ Սիլվան` Հովիկի երկրորդ կինը, շաբաթվա մեջ մի քանի անգամ Անօթեւանների կացարանից գալիս է ամուսնու մոտ` կիսելու նրա հետ ձմռան ցուրտ գիշերները:
«Ներվերիցս եմ լացում. խի՞, տղամարդը կլացի՞»
«Գիշերները կծկվում, ցրտից չեմ կարում քնեմ: Արաղը 600 դրամ ա: Որ մետաղ պատահի, ուրիշ բան: Բայց ինչքա՞ն շիշ հավաքեմ, որ մի հատ արաղ առնեմ, գիշերները կարենամ քնեմ»,- ասում է անօթեւան Ռաֆիկ Օհանյանը:
Հիսուներեք տարեկան Ռաֆիկը հիմնականում գիշերում է Տիկնիկային թատրոնին հարակից ստորգետնյա ավտոկանգառում: Ունի մեկ տղա եւ երկու աղջիկ:
«Տղես ամուսնացած ա. երկու հատ թոռ ունեմ... ես իրանց կյանքին մեռնեմ»,- ասում է նա:
Ռաֆիկը Ավան թաղամասում ունեցել է երկսենյականոց բնակարան: 1993թ. վաճառել է այն ու ընտանիքով տեղափոխվել միայնակ ապրող զոքանչի տուն:
«Տան փողը ուզում էի դնեմ գործի մեջ, էն էլ փողերը փոխվավ: Հետո գնացի Ռուսաստան, բայց ստեղ էլ գործերս թարսվավ. չէի կարում հետ գամ: 2002թ. հայ համայնքն ուղարկեց Երեւան, մտա տուն, տենամ` կնոջս սեւ նկարը դրած»,- հիշում է Ռաֆիկն ու նշում, որ զոքանչի հետ հարաբերություններն օր-օրի սրվել են, ինչի պատճառով էլ տնից հեռացել է:
«Երեխեքիս շատ եմ կարոտում, բայց չեմ ուզում տենամ, որ իրանց չխանգարեմ, որ զոքանչս իրանց էլ չհանի տնից,- արցունքն աչքերին ասում է անտուն Ռաֆիկը,- ներվերիցս եմ լացում. խի՞, տղամարդը կլացի՞»:
Ռաֆիկն անցյալ տարի ձմռան կեսն անցկացրել է Անօթեւանների կացարանում: Մի քանի օր առաջ նորից գնացել է այնտեղ: Չեն ընդունել` տեղ չունենալու պատճառաբանությամբ: Բայց ասել են, որ հունվարի 10-ից հետո կընդունեն:
«Կյանքս թեքվել ա: Բայց չպիտի հանձնվեմ, պիտի պայքարեմ: Խի՞ «նիզաշտո» վարի էթամ, ու՞մ եմ ինչ արել»,- հարցնում է Ռաֆիկը:
Մեկնաբանել