
Հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.
Անահիտ Աստոյան
Մատենադարանի ավագ գիտաշխատող
Հայտնի իրողություն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրության արտաքին և ներքին առևտրում, արդյունաբերական արտադրության մեջ և բանկային գործում հայերն ազդեցիկ դիրքեր էին գրավում:
Արևմտահայ առևտրական բուրժուազիան, դրամատերեն ու արդյունաբերողները, շնորհիվ իրենց տաղանդի ու ձեռներեցության, նույնիսկ օսմանյան բռնատիրության ու կամայականությունների պայմաններում, կարողացել էին տեր դառնալ որոշակի հարստոության, ստեղծել դրամական զգալի կուտակումներ: Հայերի տնտեսական հզարացման մեջ մեծ վտանգ տեսնելով՝ երիտթուրքերն իրենց գաղտնի ժողովներում քննարկում էին հայերի վերացումով նրանց տնտեսական մրցակցությունից ազատվելու և երկրում թուրքերի տնտեսական իշխանությունը հաստատելու հարցերը և միևնույն ժամանակ միջոցառումներ մշակում` հայ ժողովրդի անհատական և հավաքական ունեցվածքի բռնագրավման վերաբերյալ:
Մի ամբողջ ժողովուրդ կողոպտելու համար նախ և առաջ հարկ էր հայերի ունեցվածքը դարձնել տիրազուրկ: Այդ նպատակով երիտթուրքական իշխանությունները 1915 թվականի հունիսի 1-ին հրպարակեցին «Տեղահանության օրենքը», որի գործադրմամբ ավելի քան 1.500.000 հայ բռնի տեղահանվեց և ոչնչացվեց: 1915 թվականի հունիսի 10-ին հրապարարկվեց «Այլ վայրեր տեղափոխված հայերին պատկանող անշարժ գույքերի և հողատարածքների կառավարման ձևի մասին» 34 հոդվածից բաղկացած հրահանգները: 1915 թվականի սեպտեմբերի 13-ին երիտթուրքական իշխանությունները հրապարակեցին «Լքյալ գույքերի մասին» ժամանակավոր օրենքը, իսկ 1915 թվականի հոկտեմբերի 26-ին` այդ օրենքի գործադրման համար այլ վայրեր տեղափոխված անհատների լքյալ գույքերին և պարտքերին վերաբերող կանոնադրությանը: Այսպիսով, օրինականացվեց հայերի շարժական գույքերի, կալվածքների, ողջ հարստության բացահայտ կողոպուտն ու յուրացումը, որն արդեն իսկ գործադրվում էր Օսմանյան կայսրության ողջ տարածքում: Լքյալ գույքերի մասին իրավական այս ակտերը ստեղծված էին ոչ թե հայերի իրավունքները պաշտպանելու, այլ զանգվածային թալանը զսպելու և պետական գանձանակը լցնելու նպատակով.
![]() |
![]() |
Հայկական կոտորածները ուղեկցվեցին հայերի շարժական և անշարժ գույքերի կողոպուտով, որին մասնակցել են երկրի բնակչության բոլոր խավերը: Հարուստ կողոպուտի հեռանկարը լայն զանգվածների և համախոհների մեծ բանակ հավաքագրեց երիտթուրքական իշխանությունների շուրջը: Երիտթուրքերի վարչակազմը հայերի լքյալ գույքերը հանձնեց տեղահանված հայերի բնակավայրերի իշխանություններին, նախարարություններին շռայլորեն տրամադրեց շենքեր և հողատարածքներ, իսկ փոխարենը գտավ համախոհների հսկա բանակ և ստացավ նրանց աջակցությունը` հայերի բնաջնջումն իրականացնելու համար:
Պետության կողմից հայերի ծրագրավորված կողոպուտի մասին վկայություններ կան թե՛վերապրողների, թե՛Օսմանյան կայսրության տարածքում գործած օտար դիվանագետների զեկուցագրերում և թե՛ թուրքական աղբյուրներում, որոնք և հաստատում են, որ հայերի ունեզրկումը հայ ժողովրդի բնաջման ծրագրում եղել է կարևոր դրդապատճառ:
Տեր դառնալով հայ ժողովրդի անհատական և հավաքական ունեցվածքին՝ երիտթուրքական իշխանությունները բռնագրավեցին նաև հայերի` օսմանյան դրամատներում և ապահովագրական ընկերություններում պահվող ավանդները:
Աճուրդի առարկա էին դարձել ոչ միայն նյութական բարիքները, այլև մարդկային կյանքը: Թուրքական կառավարությունն ահռելի գումարների տեր դարձավ` նաև հայ կանանց ու մանուկներին վաճառելով:
Անտանտի երկրների ճնշան տակ, 1920 թվականի հունվարի 8-ին, թուրքական
կառավարությունը չեղյալ հայտարարեց «Լքյալ գույքերի մասին» օրենքը և որոշում ընդունեց հայերի լքյալ գույքերը վերադարձնել տերերին և փոխհատուցել նրանց կրած վնասները, սակայն, հակառակ իշխանությունների խոստումներին, հայերի ունեզրկման գործընթացը շարունակվեց: Քեմալական շարժման ողջ ընթացքում վերապրած հայությունը ենթարկվեց կողոպուտի, կոտորածի և բռնի տեղահանության: Երկիրը հայաթափելուց հետո, թուրքական իշխանությունները 1920, 1923, 1927 թվականներին ընդունեցին օրենքներ, որոնք հայերին զրկեցին քաղաքացիությունից և իրենց պապենական երկիրը վերադառնալու իրավունքից: Այս օրենքները թուրքական իշխանություններին հնարավորություն տվեցին տիրանալու հայերի ողջ ունեցվածքին:
Հայերի ունեցվածքի կողոպուտին իրավական ուժ տալու համար քեմալական իշխանությունները 1922 թվականից մինչև 1929 թվականը ընդունել են «Լքյալ գույքերի մասին» 9 օրենք: Այսպիսով, քեմալական իշխանությունները շարունակեցին և ավարտին հասցրեցին երիտթուրքական կառավարության` հայերին ունեզրկելու ծրագիրի իրականացումը:
![]() |
![]() |
Հանրապետական շրջանում իշխանությունները տարբեր օրենքներ ու կանոնագրություններ հրատարակելով, նպատակաուղղված, երկրում մնացած հայությանը հետևաղականորեն դուրս էին մղում տնտեսական կյանքից և զանազան միջոցներով նրանց դրամագլուխը փոխանցում թուրքերին:
Արևմտահայությունը կողոպտված էր, սակայն դեռ մնում էր պոլսահայության աչքի զարնող հարստությունը: Եվ թուրքերը պատեհ առիթը գտան հայերին կրկին կողոպտելու: 1942 թվականի նոյեմբերին 11-ին Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովը ընդունեց «Ունեցվածքի հարկի մասին» օրենքը, որի կիրառմամբ կողոպտեցին պոլսահայերի վերջին լուման և նրանց մատնեցին աղքատության: Այսպիսով, հանրապետականի շխանությունները վերջնական հանգրվանի հասցրեցին արևմտահայերի ուեզրկման գործընթացը:
Հայերի ուենցվածքի ընդհանուր թալանից բաժին հասավ նաև
օտար պետություններին: Լքյալ գույքերի մասն էին կազմում օտար ապահովագրական ընկերություններին՝ ոսկեդրամով վճարված հայերի գումարները: Այս ապահովագրական ընկերությունները հայերի նկատմամբ իրենց ստանձնած ֆինանսական պարտավորությունները չիրականացվելով՝ յուրացրեցին նրանց գումարները: Հայերի հետ նույն կերպ վարվեցին նաև Օսմանյան կայսրությունում գործած օտար դրամատները:
![]() |
![]() |
Ունեզրկելով մի ամբողջ ժողովրդի, տիրանալով նրա դարերի քրտինքով և տքնությամբ ստեղծված ունեցվածքին՝ թուրքական իշխանությունները հետագայում կարողացան լուծել պետությանը և թուրքերի ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ հարցեր: Նախ, հայերի հարստության հաշվին թուրքական
իշխանությունները լցրեցին իրենց դատարկ պետական գանձանակը, հոգացին պատերազմական մեծագումար ծախսերը, վճարեցին արտաքին պարտքերի զգալի մասը: Երիտթուրքական, հետագայում արդեն, հանրապետական շխանությունները տնտեսական ասպարեզից վերացրին իրենց հզոր մրցակցին, նրա ինչքերի, անհատական շարժական և անշարժ գույքերի յուրացումով ստեղծեցին ազգային կապիտալ: Այսօրվա թուրքական տնտեսությունը հենված է հայերից բռնագրավված ունեցվածքի վրա:
Մուստաֆա Քեմալի ղեկավարած ազգայնական շարժումը, որի հաղթանակի արդյունքում 1923 թվականի հոկտեմբերի 29-ին ստեղծվեց Թուրքիայի Հանրապետությունը, կրկին հայկական ունեցվածքի հաշվին էր, քանզի այն ֆինասավորվել է հայերի ունեցվածքի բռնազավթումով հարստացած թուրք կալվածատերերի, առևտրականների, զինվորականների կողմից:
Հայերից կողոպտված և Ֆինանսների նախարարությունում պահվող հարստությունը նաև հանրապետության շրջանում պարբերաբար փրկել է Թուրքիային` պետությանը բազմիցս դուրս բերելով տնտեսական տագնապներից:
Ինչպես թուրք պատմաբան Թաներ Աքչամն է հավաստում, իրապես, Թուրքիայի Հանրապետությունը հիմնվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության վրա:
Թուրքիայի Հանրապետությունը նյութական պատասխանատվություն պետք է կրի, քանզի իբրև պետություն կայացել է հայերի դարերով ստեղծած հարստության կողոպուտի հաշվին:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել