
Գյուղատնտեսությունը ավելի քան 400 մլն դոլար պարտք ունի
Գյուղատնտեսության վարկային պորտֆելը 2014թ. փետրվարի դրությամբ կազմում է մոտ 168 մլրդ դրամ (համարժեք է մոտ 410 մլն դոլարին): Եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում մոտ 300 հազ. գյուղացիական տնտեսություն կա, ապա յուրաքանչյուրի պարտքը կկազմի մոտ 1360 դոլար: Սակայն մեր դիտարկումներով՝ վարկային պարտավորություններ ունեն գյուղացիական տնտեսությունների մոտ կեսը, այսինքն՝ յուրաքանչյուր գյուղացիական վարկառուի պարտքը մոտ 3000 դոլար է: Սա փոքր գումար չէ՝ հաշվի առնելով փոքր գյուղացիական տնտեսություններն ու սեզոնային ռիսկերը:
Գյուղացիներն իրենց վարկերի 74%-ը ստացել են բանկային համակարգից, որտեղ հիմնական դերակատարումը պատկանում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ»-ին: Մնացած վարկերը տրամադրում են վարկային կազմակերպությունները, որոնցից ակտիվ են «Արեգակը», «Ֆինքան», «Սեֆ ինթերնեյշնլ»-ը, «Ֆաստ կրեդիտ կապիտալ»-ը, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտը»: Հատկանշական է, որ բանկային համակարգը վարկերի մեծ մասը տրամադրել է ամերիկյան դոլարով, իսկ վարկային կազմակերպությունները՝ հայկական դրամով: Պատճառն այն է, որ վարկային կազմակերպությունների մոտ դոլարային վարկերի տոկոսադրույքը բավական բարձր է՝ 16-18%, բանկերի մոտ դա 14-16% է: Դրամային վարկերի տոկոսադրույքը, ըստ կազմակերպությունների պաշտոնական կայքերի, առավելագույնը կարող է հասնել 24%-ի, սակայն իրականում դրանք կարող են ավելի բարձր լինել: Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների պիկ սեզոնին վարկերի տոկոսադրույքը երբեմն գերազանցում է 30%-ը:
Հարկ է նշել, որ վարկային կազմակերպությունների վրա չի տարածվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանվող վարկի առավելագույն տոկոսադրույքի նորմը, որը ներկայում տարեկան 24% է, ուստի վարկային կազմակերպությունները շատ ավելի անկաշկանդ են վարկի բարձր տոկոսադրույքներ սահմանելիս: Բացի այդ՝ գյուղատնտեսությունը վարկային կազմակերպությունների համար ավելի կարևոր ուղղություն է վարկավորման տեսանկյունից: Գյուղատնտեսության վարկավորումը բանկերի վարկավորման 7%-ն է, իսկ վարկային կազմակերպությունների՝ 21%-ը:
Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը սկսել է սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը՝ բանկային համակարգի միջոցով (հիմնականում «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի»): Բանկը պարտավորվել է գյուղացիական վարկը տրամադրել տարեկան 14%-ով, իսկ կառավարությունն այն սուբսիդավորում է 4-6%-ով (փաստացի գյուղացին վարկը ստանում է 10%-ով, իսկ սահմանամերձ գյողերում՝ 8%-ով):
Այս ծրագրով տարեկան սուբսիդավորվում է մոտ 10 մլրդ դրամի վարկային փաթեթ, ինչը զգալի մեղմացնում է վարկային ճնշումը: Սուբսիդավորումը նաև հանգեցրել է գյուղատնտեսության վարկային պորտֆելի էական աճի: Սակայն գյուղացիական տնտեսությունների վարկի նկատմամբ պահանջարկը դեռեւս բավական բարձր է, ինչը նպաստում է այս ոլորտում որոշ սպեկուլյատիվ գործարքների տարածմանը: Ընդհանուր առմամբ, գյուղացիների վարկային պորտֆելը ներկայում մոտ 10 անգամ գերազանցում է 2007թ. մակարդակը:
Գյուղատնտեսության վարկային պորտֆելը 2007-2014 թ., փետրվարի դրությամբ, մլրդ դրամ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել