
Ո՞վ է հայը Ամերիկայում
Կարինե Դանիելյան
Ապրուստի խնդրից զատ հայ էմիգրանտները ստիպված են հաղթահարել նաեւ ազգային ինքնությանն առնչվող խնդիրներ
Բարեկեցությունը, որ այս կամ այն չափաբաժնով ձեռք են բերում Ամերիկա գաղթող հայերը, էժան չի նստում նրանց վրա: Ամերիկյան պերճանքին հասած հայը 100-ից 95-ի դեպքում թշվառության ճանապարհ է հաղթահարում: Հայաստանում որոշակի դիրքի հասած եւ կայուն կարգավիճակ ունեցող մարդու համար հատկապես արտագաղթն իսկական փորձութուն է: Ստիպված է սկսել 0-ից, որովհետեւ այստեղ ոչ ոքի նրա հայաստանյան ձեռքբերումներն ու կարգավիճակը չեն հետաքրքրում: Հեռուստատեսային հաղորդումնեից մեկի ժամանակ ոչ անհայտ երգչուհիներից մեկը պատմում էր, որ օրվա ապրուստ ձեռք բերելու համար երկար ընթացք ստիպված է եղել մաքրել Մանհեթենի զուգարանները:
Հնարավո՞ր է բանաձեւել մարտահրավերների այն փշոտ փունջը, որ իբրեւ սկզբի անակնկալ, մատուցվում է մեր հայրենակիցներին Ամերիկա ոտք դնելու հենց առաջին պահին եւ նույնիսկ հետո, երբ երկար տարիներ բնավորվում են այստեղ: Այս ոչ հաճախակի քննարկվող թեման էր մեկնաբանվում Գլենդելի հանրային գրադարանում, որին մասնակցում էին Կլինիկական հոգեբանության դոկտոր, հայ-ամերիկյան հոգեկան առողջության միության հիմնադիր Էմմա Օշականը, Ֆերրահիան ազգային վարժարանի տնօրեն Ջոն Քոսակյանը, հոգեբանության պրոֆեսոր Հակոբ Տեր Կարապետյանը: Ով է հայը Ամերիկայում, ինչպես է զգում իրեն նա այստեղ… Հոգեբանության պրոֆեսոր Հակոբ Տեր Կարապետյանը կարծում է, որ ապրուստի խնդիր լուծելուց զատ, հայ գաղթականը ստիպված է հաղթահարել նաեւ լուրջ մարտահրավերներ, որոնք կապված են նրա ազգային պատկանելության եւ մշակութային համակերպման (ադապտացիա) հետ: Նա հետաքրքիր սահմանում է անում մշակութային 2 աշխարհայացքների` ամերիկյանի եւ հայկականի, տարբերության վերաբերյալ: Տոհմիկ հայկական մտածելակերպը, լատինական ու ասիական մշակույթների նման, ավելի հավաքական է, երբ առաջնայինն ավելի շատ հասարակական, կոլեկտիվ մոտեցումներն են: Անհատի հաջողություններն ու ձախողումները ազդում են նաեւ կոլեկտիվի` ընտանիքի, հարազատների, ընկերների, մերձավոր շրջապատի վրա, իր նվաճումը նրանց նվաճումն է, իր ոճիրի մեջ նաեւ ընտանիքի, մերձավորների մեղսակցությունը կա: Անհատը պատասխանատու է իր գործած հանցանքի համար ընտանիքի առաջ, եւ ձախողվելու դեպքում հանցանքի զգացողությանը զուգահեռ նաեւ խոր ամոթի զգացողություններ է ապրում ընտանիքի եւ մերձավորների առաջ: Այս երեւույթն այնքան էլ բնորոշ չէ ամերիկյան միջավայրին: Հանցագործ անհատի հանցանքը միայն իրենն է, եւ եթե ամոթ էլ զգա, միայն իրեն է վերաբերում: Նույնկերպ անհատի նվաճումներն ու մտահոգությունները անհատինն են եւ չեն ազդում միջավայրի վրա: Ահա այս երկու հակադիր արժեքների բախումն է, որ հակասություններ է ծնում եւ ազդում Ամերիկայում ապրող հայի ապրելակերպի վրա: Նա կամ պիտի ընտրի դրանցից որեւէ մեկը կամ չմերժելով մեկնումեկին` հարմարեցնի դրանք իր ապրելակերպի առանձնահատկություններին:
Հավաքական տոհմիկ արժեքների միջավայրում դժվարություններ ու հոգեբանական պրոբլեմներ ապրող անհատը դրանք կարող է կիսել մերձավորների հետ, միասին լուծումներ գտնել, իսկ անհատապաշտ սկզբունքներով մեծացած կամ դրանք որդեգրած ամերիկահայը իր նեղ պահին էլ մենակ է լինելու, քանի որ իր ձախողումները առավելապես իրենն են դիտվում:
Տոհմիկ հայկական արժեքները փրկության օազիս են նաեւ ծնող-զավակ հարաբերություններում: Հոգեբան Էմմա Օշականը գտնում է, որ իչնքան ամուր լինեն ընտանեկան կապերը, այնքան օտար միջավայրի աղտերի ազդեցությունները քիչ հավանական են: Իհարկե, բազմաթիվ են նաեւ հայ երիտասարդները, ովքեր ներգրավվում են թմրանյութերի վաճառքի մեջ եւ պատժվում ամերիկյան բանտերում: Սակայն հակառակ ամերիկյան հանրային դպրոցների, որտեղ անգամ զուգարաններում աշակերտներն իրար թմրանյութեր են առաջարկում կամ կարող են իբրեւ նվեր առաջարկել միմյանց, հայկական մասնավոր դպրոցներում նման բան չկա: Նույնկերպ զենքի, դանակի գործածություն, վայրագության դրսեւորումներ խիստ հազվադեպ են հայկական կրթարաններում:
Մեկ այլ հանգամանք եւս…կրթության հանդեպ պաշտամունքի հասնող սերը, որ այնքան հատկանշական է հայ ընտանիքի համար, հեռավոր Ամերիկայում եւս փոխանցվում է զավակներին: Հետաքրքիր փաստ է, որ Գլենդելի հայկական դպրոցներում ընդհանրապես drop out –ներ /ուսումնական դասընթացի ընդհատումներ / չկան, որ այնքան բնորոշ է հանրային վարժարաններին:
Հայկականություն առանց մայրենիի իմացության
Սփյուռքում ազգերի խառնամբոխի մեջ ապրող հայը ենթագիտակցորեն ամեն օր իր հայկական ինքնությունը հաստատելու խնդիր ունի:
Հոգեբանության պրոֆեսոր Հակոբ Տեր Կարապետյանը, որ 30 տարի ուսումնասիրել է աշխարհասփյուռ հայության ինքնության հարցը, հետաքրքիր սակայն վիճարկելի տեսակետ է հայտնում: Նրա եզրահանգումն այն է, որ օտար երկրում հայկականությունը պահելու խնդրում հայ զգալու զգացողությունն ամենակարեւորն է: “Կրնա հայերեն չգիտնալ եւ շատ զորավոր հայ ըլլալ: Լեզուն կարեւոր է, բայց էլ պայման չէ, կան շատերը, որ Ամերիկայում հետամուտ են հայ դատին, բայց հայերեն բառ չգիտեն, կամ հայերենը երկրորդական է իրենց լեզվական կարողությունների մեջ”: Ասենք, որ նրանց մեծ մասը սովորաբար երրորդ սերնդի հայերի զավակներ են, ովքեր լեզուն չգիտեն ոչ իրենց կամոք: Կան եւ հրաշալի հայերեն իմացողներ, բայց ոչնչից գաղափար չունեն, ոչնչով հետաքրրված չեն եւ չեն էլ մտածում որեւէ օր Հայասատան այցելելու մասին:
Հակոբ Տեր կարապետյանն իր տեսակետին զուգակցում է հետեւյալ օրինակը նաեւ ֆիզիոլոգիական հայկականության հարաբերականության վերաբերյալ: Հայտնի է, որ National Geographic ընկերությունը համաշխարհային ուսումնասիրություններ է կատարում գենետիկ ժառանգականության վերաբերյալ: Ցանկացած ոք, ով կամենում է մանրամասներ իմանալ իր գենետիկ կերտվածքի վերաբերյալ, կարող է ընկերությանն ուղարկել անհրաժեշտ տվյալներ եւ տիրապետել այդ հետաքրքիր ինֆորմացիային: Նրա զավակներն անցած Ծննդյան տոներին հենց այդպիսի նվեր են արելիրենց հորը` ֆիզիկական ժառանգականության վերլուծության մասին մի ծրար հանձնելով նրան: Ըստ այդմ` նա զարմանքով “հայտնաբերել” է, որ ինքը 67 տոկոսով կորսիկացի է, մի քիչ` իրանցի եւ մի քիչ էլ նախամարդու տվյալներ ունի:
Գիտնականը փաստը փորձում է բացատրել հետեւյալ հանգամանքով: Միջնադարում Անատոլիայով հռոմեական զորքեր են անցել եւ միգուցե խառնվել են տեղացիների հետ եւ հիմա իր մեջ ավելի շատ իտալացու ներկայություն կա:
Ուրեմն, ինչի՞ց է կախված մեր ֆիզիկական հայկականությունը: Ի՞նչ թիվ են կազմում այն հայերը,, որ բացառապես կամ գոնե գլխավորապես հայկական գեների կրողներ են: Հարաբերականության տեսությունն այստեղ էլ հիշեցնում է իր մասին:
Լուսանկարը` cesran.org-ի
Մեկնաբանել