HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռուսաստանը սկսում է հասկանալ, որ կորցնում է Ուկրաինան»

Ուկրաինայի քաղաքականության ինստիտուտի գիտական քարտուղար Ալեքսեյ Պոլտորակովն օրեր առաջ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած մամուլի ասուլիսին անդրադարձավ Ղրիմի անկախության հանրաքվեին: Ըստ նրա՝ բոլորը հասկանում էին, որ հանրաքվեն աջակցող տարր է Ռուսաստանի՝ ընդդեմ Ուկրաինայի մեծ խաղին: Ուկրաինացի փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը Ղրիմի միջոցով ցանկանում է վերահսկել Ուկրաինային՝ առաջին հերթին քաղաքական առումով, որպեսզի դանդաղեցնի նրա ինտեգրացիան արևմտյան կառույցներին, վետո դնի ՆԱՏՕ-ի անդամակցության վրա և այլն:

Ուկրաինացի փորձագետը նաև անդրադարձավ 2014թ. մայիսի 25-ին Ուկրաինայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին՝ այն համարելով այս տարվա առանցքային իրադարձությունն Ուկրաինայում: Այդ ընտրությունները, ըստ նրա, քիչ թե շատ կարող են միավորել Ուկրաինան: «Սակայն 2004 թվականի հակամարտության կրկնության և անջատողականության ուժգնացման ռիսկեր կան հատկապես երկրի արևելքում: Այն, որ հաղթելու է արևմտամետ թեկնածու, կասկածները քիչ են, սակայն այն, թե նա կարողանալու է արդյոք գտնել արևելքի քիչ թե շատ լուրջ աջակցությունը կամ համակրանքը, մեծ հարց է»,-ասաց նա: Ա. Պոլտորակովի կարծիքով՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու լուրջ հնարավորություններ ունեն Պյոտր Պորոշենկոն և Յուլիա Տիմոշենկոն:

ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ռուս չինովնիկների նկատմամբ որոշ պատժամիջոցների կիրառման մասին էլ նշեց, որ Ուկրաինայից դժվար է տեսնել դրանց արդյունավետությունը, ապա ավելացրեց, որ Ուկրաինայի համար կարևոր են ոչ այնքան պատժամիջոցները, որքան Արևմուտքի իրական օգնությունը: Իսկ հարցին`միթե Ուկրաինան հավատում է, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն կօգնեն իրեն Ռուսաստանի հետ առճակատման հարցում, նա պատասխանեց. «Սկզբում լուրջ հավատում էր և գայթակղվում էր, սակայն վերջին ժամանակներս ավելի շատ փորձագետներ են հիասթափվում օգնությունից»:

«Հետքի» հարցին, թե որն է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակի խաղաղ լուծման ճանապարհը, նա պատասխանեց. «Դժվար թե ստեղծված իրավիճակը հասնի ռազմական առճակատման (հրետանի և այլն): Ռուսաստանին անհրաժեշտ է ոչ թե Ղրիմը, այլ Ուկրաինան ամբողջությամբ: Սակայն նա սկսում է հասկանալ, որ կորցնում է այն: Իսկ որպեսզի վերջնականապես չկորցնի, Մոսկվային պետք է տրվի գեղեցիկ հեռանալու հնարավորություն՝ չկորցնելով դեմքը: Հնարավոր է, որ Ուկրաինան ստիպված լինի լուրջ զիջումների գնալ (ՆԱՏՕ-ի, չեզոքության և այլ հարցերում)»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter