
Ռուսական խամրած ալմաստների հայկական փայլը
Հայաստանի ադամանդագործությունը դուրս է գալիս ճգնաժամից: Այդ մասին է վկայում արտահանման ծավալների աճը 2013 թ.: Ըստ մաքսային վիճակագրական տվյաների՝ 2013 թ. Հայաստանն արտահանել է 406 հազ. կարատ ադամանդ՝ 50 %-ով ավելի, քան 2012 թ.: Սակայն արտահանված ադամանդների մաքսային արժեքը 2013 թ. գնահատվել է ավելի ցածր՝ 1 կարատը 286 դոլար, 2012-ի 361 դոլարի համեմատ: Սա պայմանավորված է նրանով, որ կրկնակի ավելացել է ալմաստի ներկրումը Ռուսաստանից՝ ռուսական ալմաստները աֆրիկյանների համեմատ ավելի ցածրորակ են և էժան: Նշենք, որ Ռուսաստանը սկսած 2012 թվականից կրկին չմշակված ալմաստների արտահանման համաշխարհային առաջատարն է՝ առաջ անցնելով Բոտսվանայից; Ռուսաստանի Արխանգելսկի մարզում շահագործման է հանձնվել ալմաստի նոր խոշոր հանքավայր, որն, ի դեպ, պատկանում է «Լուկօյլ» ընկերությանը: Դրա հետևանքով հանրահայտ «Ալռոսա» ընկերությունը զգալի կորցրել է իր գերիշխող դիրքը ռուսական ալմաստների արտահանման շուկայում: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը հենց վերակողմնորոշվել է դեպի արխանգելսկյան ալմաստները՝ ի տարբերությունը «Ալռոսայի» յակուտական ավելի որակյալ ալմաստների: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանից 2013 թ. ներկրվել է 97 հազ. կարատ ալմաստ՝ 1 կարատը ընդամենը 70 դոլարով, իսկ 2012 թ.՝ 42 հազ. կարատ ալմաստ, 1 կարատը՝ 211 դոլարով: Դեռ երբեք Հայաստանն այսպիսի էժան ալմաստներ չի ներկրել:
Ավելին՝ 2014 թ. ռուսական ալմաստները կէժանանան ևս 6.5 %-ով, քանի որ ուժի մեջ է մտնում 2013 թ. դեկտեմբերի 2-ին ստորագրված «Բնական գազի, նավթամթերքների և չմշակված ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին» հայ-ռուսական համաձայնագիրը: Ըստ այդմ՝ Ռուսաստանը Հայաստանի համար հանելու է ալմաստների արտահանման 6,5% տուրքը: Սա, կարծում ենք, լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի ալմաստ վերամշակողների համար: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել ռուսական «անտուրք» ալմաստներից օգտվողների հաշվառման կարգը: Դրանից բխում է, որ անհատ ձեռներեցները նույնպես կարող են օգտվել արտոնությունից, սակայն դա պետք է տեղի ունենա բացառապես ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվելու պարագայում:
Հարկ է նշել, որ հայկական ադամանդագործության մեջ ռուսական մատակարարումներն առայժմ որոշիչ նշանակություն չունեն: Ռուսաստանից ներկրված ալմաստները կազմել են ընդհանուր ընդամենը մոտ 25 %-ը: Հայաստանին ալմաստի ամենախոշոր մատակարարը 2013 թ. դարձել է Արաբական Միացյալ Էմիրությունները՝ շրջանցելով և Ռուսաստանին, և անգամ մեր ավանդական խոշորագույն գործընկեր Բելգիային: ԱՄԷ-ից ներկրվել է 130 հազ. կարատ ալմաստ՝ 1 կարատը 254 դոլարով: Նախորդ տարվա համեմատ ԱՄԷ-ից ալմաստների ներկրումն ավելացել է գրեթե 80 %-ով:
Իսկ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն այս ոլորտում ավանդաբար շարունակում է մնալ Բելգիան: Այդ երկրից 2013 թ. ներկրվել է մոտ 100 հազ. կարատ ալմաստ՝ ավելի շատ, քան Ռուսաստանից: Բելգիական ալմաստները նաև ավելի թանկ են՝ 1 կարատն արժե մոտ 500 դոլար: Բելգիան նաև շարունակում է մնալ հայկական ալմաստների իրացման հիմնական շուկան՝ մոտ 95 հազ. կարատ, կամ արհանումների մոտ կեսը:
Հատկանշական է, որ Հայաստանը դեռ չի հասցրել ամբողջությամբ արտահանել 2013 թ. ներկրվածներ ալմաստները, քանի որ ներկրումների ծավալը հիմնականում աճել է տարվա վերջում: Ալմաստների զգալի մասը կվերարտահանվի 2014 թ.: Նշենք, որ ռուսական աալմաստների մեծ մասը վերամշակումից հետո վերադարձվում է Ռուսաստան:
Միջազգային շուկայում նկատվում է ադամանդների նկատմամբ պահանջարկի կայունացում՝ 2012 թ. աշխուժացումից հետո: Ըստ փորձագետների՝ այդ կայունաացումը կտևի մինչև 2018 թ., որից հետո կնկատվի ադամանդների դեֆիցիտ՝ ալմաստի աֆրիկյան հանքերում պաշարների սպառման պատճառով: Ադամանդների նկատմամբ կայուն բարձր պահանջարկ է պահպանվում և ԱՄՆ-ում, և Արևմտյան Եվրոպայում, և Չինաստանում, և Հնդկաստանում: Հատկապես աճել է հետաքրքրությունը գունավոր ադամանդների նկատմամբ: Առավել ցածրորակ ադամանդների շուկան հիմնականում կողմնորոշված է դեպի Արևելք, ուստի պատահական չէ, որ Հայաստանը երկար ընդմիջումից հետո 2013 թ. կարողացել է ադամանդներ արտահանել դեպի Չինաստան՝ 17 հազ. կարատի չափով: Հայկական ադամանդների նկատմամբ որոշ հետաքրքրություն են պահպանում նաև Շվեյցարիայում, Կանադայում, Իսրայելում, ԱՄՆ-ում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել